«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2008-10-10 | #187, 2008-10-11 | #188, 2008-10-14


ԽԱՂԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԻՉՆ ՈՒ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ

Բելգիա-Հայաստան հանդիպման հաջորդ օրը ՀՖՖ պաշտոնական կայքին իրենց տեսակետն են հայտնել ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենն ու դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

  Յան Պոուլսեն - Երբեք գոհ չես կարող լինել, երբ պարտվում ես: Առաջին խաղակեսում ընդհանուր առմամբ լավ կազմակերպված խաղ ցուցադրեցինք: Ցավոք, երկու պարզագույն սխալ գործեցինք ու մրցակցին երկու գոլ նվիրեցինք: Ընդմիջմանը տղաներին ցուցում տվեցի ավելի ագրեսիվ գործել, ինչը նրանց մոտ ոչ միշտ էր ստացվում: Մրցակիցը մի քանի վտանգավոր հակագրոհներ կազմակերպեց: Ամեն դեպքում մեր ֆուտբոլիստներն աշխատեցին, հատկապես առաջին 20 րոպեներին լավ տպավորություն թողեցին: Իհարկե, բոլորս էլ հիասթափված ենք խաղի արդյունքից: Նման խաղերում մրցակիցը միշտ պատժում է սխալների համար: Իսկ սխալներ գործելով, դժվար է հաղթել:

Բոսնիայի ընտրանին բավական լավ թիմ է: Նրանք մեզ նման ավելի հաջող են խաղում սեփական հարկի տակ: Եթե չեմ սխալվում, վերջին տարիներին Բոսնիայի հավաքականն ընդամենը 2 անգամ է հաղթել մրցակցի հարկի տակ: Բոսնիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ հանդես են գալիս եվրոպական բարձրակարգ առաջնություններում, որոշներն էլ տոն են տալիս իրենց ակումբներում: Այնպես որ, մեզ նույնպես շատ բարդ խաղ է սպասում: Բելգիայի հավաքականի հետ խաղի համեմատ կփորձենք որոշ փոփոխություններ կատարել մեր թիմի կազմումՙ խաղադաշտ դուրս բերել ավելի հարձակողական կազմ:

  Ռոման Բերեզովսկի - Նախորդ հանդիպումների համեմատ տղաներն ավելի լավ խաղացին, սակայն արդյունք կրկին չկա: Իսկ ֆուտբոլում կարեւորն արդյունքն է: Բաց թողած գոլերի ժամանակ մեր պաշտպանների մոտ զգոնության կորուստ տեղի ունեցավ եւ մրցակիցը պատժեց մեզ: Հաջորդ խաղում պետք է պայքարենք: Թիմում կան երիտասարդներ, որոնք լուրջ ցանկություն ունեն պայքարելու, ինչը հաճելի է:

Համաձայն եմ, որ հավաքականի կազմը Իան Պորտերֆիլդից հետո գրեթե չի փոխվել: Այն ժամանակ հատուկ իրավիճակ էր ստեղծվել: Մարզիչը հիվանդ էր ու յուրաքանչյուրս ցանկանում էինք նրան աջակցել, օգնելՙ գործելով ուժերի գերլարումով: Եվ դա մի քանի խաղերում ցանկալի արդյունք տվեց: Բոսնիայում կձգտենք լավ արդյունքի հասնել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4