«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2008-10-11 | #188, 2008-10-14 | #189, 2008-10-15


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄՆ ԱԶԴԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Որոշ ազդեցություններ արդեն իրողություն են, մյուսները հնարավորՙ ճգնաժամի խորացման դեպքում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նախՙ ինչպե՞ս սկսվեց ամերիկյան ֆինանսական ճգնաժամըՙ հետագայում վերածվելով միջազգային ճգնաժամի: Ամերիկյան շուկայում սկսեցին իջեցնել անշարժ գույքի գները, եւ վարկեր սկսեցին ձեռք բերել նաեւ նրանք, ովքեր, ինչպես պարզվեց հետագայում, ի վիճակի չէին վերադարձնել բանկերից եւ վարկային կազմակերպություններից ձեռք բերած միջոցները: Ընդ որում, խոսքը ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ իրավաբանական անձանց մասին է: Բանկերը սկսեցին հետ չստանալ իրենց միջոցները, որն անվստահություն առաջացրեց նրանց ավանդատուների մեջ, որոնք էլ սկսեցին զանգվածաբար իրենց ավանդները հետ վերցնել: Ավանդների վերադարձման զանգվածային այդ հոսքն էլ հանգեցրեց ֆինանսական ճգնաժամի: Սնանկացան կամ վաճառվեցին խոշոր բանկեր եւ ներդրումային ընկերություններ: Անվստահությունը դարձավ համատարած, ինչի հետեւանքով ընկերություններն ու բանկերը սկսեցին խուսափել միմյանց հետ գործարքներ կատարելուց, իսկ ֆինանսական ու արժեթղթերի շուկաներն էլ շարունակական անկում արձանագրեցին:

Նախօրեին, վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ, բորսայական առեւտրի ինդեքսները աճ արձանագրեցին: Դա պայմանավորված էր ԱՄՆ-ի եւ Եվրոմիության երկրների ղեկավարների ձեռնարկած քայլերով: Այնուամենայնիվ, ֆինանսական այս աննախադեպ ճգնաժամի հաղթահարման համար առնվազն ամիսներ կպահանջվեն:

Այժմ մեզ հուզող հիմնականՙ «Ի՞նչ ազդեցություն կունենա միջազգային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա» հարցի վերաբերյալ: Նախ դիտարկենք այն տարբերակը, թե հնարավո՞ր է, որ նույն զարգացումները կրկնվեն Հայաստանում:

Ներկայումս Հայաստանում բանկերի տված վարկերի վերադարձելիության խնդիր չկա: Մեր բանկերում վարկերի վերադարձելիության մակարդակը շատ բարձր է եւ գերազանցում է 99 տոկոսը: Անշարժ գույքի շուկայում անկման միտում նույնպես չկա: Թեեւ մայրաքաղաքում բնակարանների գների որոշակի նվազում կա, բայց դա ավելի շատ հետեւանք է մարտի 1-ի զանգվածային անկարգությունների, քան թե միջազգային ֆինանսական ճգնաժամի: Վերջինս դեռ չի հասցրել դրսեւորվել Հայաստանի շուկայում: Սակայն նույնիսկ անշարժ գույքի գների մինչեւ 30 տոկոսի իջեցումը Հայաստանում չի կարող ազդել վարկերի վերադարձման վրա, քանի որ բանկերի տրամադրած վարկերն անշարժ գույքի գրավադրմամբ տրամադրվում են գույքի գնահատված արժեքի 50-70 տոկոսի չափով: Այսինքն, այս պահին ճգնաժամի այն սցենարը, որ տեղի ունեցավ ԱՄՆ-ում, Հայաստանում չի կարող կրկնվել:

Մեր երկրում չեն կարող նաեւ բորսայական առեւտրի իդեքսներն անկում ապրելՙ այն պարզ պատճառով, որ արժեթղթերի շուկան Հայաստանում դեռ ձեւավորված չէ եւ գրեթե չունենք ընկերություններ, որոնց թողարկած բաժնետոմսերը շրջանառվեն բորսայում ու ձեւավորեն բորսայական շուկայական գին: Հայաստանն էլ ընդգրկված չէ համաշխարհային բորսայական առեւտրում:

Սակայն միանշանակ է, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն ազդելու է Հայաստանի տնտեսության վրա: Նախ եւ առաջ, հայկական բանկերն ունենալու են իրացվելիության խնդիր: Այսինքն, նրանք դժվարություններ են ունենալու օտարերկրյա բանկերից եւ կազմակերպություններից միջոցներ ներգրավելու հարցում, ինչը հանգեցնելու է տոկոսադրույքների որոշակի բարձրացման: Այս խնդիրը դարձյալ առաջացել է մի քանի ամիս առաջՙ մարտյան անկարգություններից հետո, երբ հետաձգվեցին մեր երկրում իրագործվելիք վարկային մի շարք ծրագրեր: Այս պահին արդեն նկատվում է, որ որոշ բանկեր իրենց տրամադրած բոլորՙ բիզնես, հիպոթեկայի եւ այլ վարկերի տոկոսադրույքները 1-2 տոկոսով բարձրացրել են: Առաջիկայում, ամենայն հավանականությամբ, մյուսները կհետեւեն նրանց:

Հաջորդ ազդեցությունը արտերկրից մասնավոր փոխանցումների նվազումն է: Կենտրոնական բանկի հրապարակած 2008-ի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում նշվում է, որ, թեեւ տարեսկզբից ի վեր Ռուսաստանից ոչ առեւտրային փոխանցումներն ավելացել են 40 տոկոսով, բայց օգոստոսին տարածաշրջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պատճառով այդ երկրից եկող փոխանցումների աճի տեմպը Հայաստան դանդաղել է: Դրան գումարվել է սեպտեմբերին ֆինանսական ճգնաժամի պատճառով Ռուսաստանից կապիտալի խոշոր արտահոսքը, ինչը, ԿԲ համոզմամբ, կարտահայտվի դեպի Հայաստան փոխանցումների աճի ներհոսքի վրա նաեւ սեպտեմբերի տվյալներում:

Օրերս Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Շիգեու Կացուն փաստել է, որ գործարար ակտիվության նվազումը Արեւմտյան Եվրոպայի երկրներում, ինչպես նաեւ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Ղազախստանում, բացասաբար կազդի ավելի ցածր եկամուտ ունեցող երկրների վրա, քանի որ ավելի բարձր եկամուտ ունեցող երկրներում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումները դեպի իրենց երկրներ կկրճատվեն: Գաղտնիք չէ, որ Հայաստան մտնող դրամական փոխանցումների գերակշիռ մասը գալիս է հենց Ռուսաստանից:

Շիգեու Կացուն նշել է, որ չնայած Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն ավելի քիչ խոցելի են ֆինանսական ճգնաժամից, քանի որ կատարված բարեփոխումների արդյունքում կարողացել են ապահովել մակրոտնտեսական կայունություն, բայց նույնպես կզգան ճգնաժամի ազդեցությունը: Նա մասնավորապես այն կարծիքն է հայտնել, որ ձգձգվող անկումը Արեւմտյան Եվրոպայում կնվազեցնի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից այդտեղ արտահանվող ապրանքների պահանջարկը:

Հայաստանից Եվրոմիության երկրներ արտահանվում է հիմնականում ադամանդագործական եւ ոսկերչական արտադրանք, որը վերջին մեկ-երկու տարում առանց այդ էլ անկում է ապրում, եւ մետաղների խտանյութեր, մոլիբդեն եւ ֆերոմոլիբդեն: Իսկ ֆինանսական ճգնաժամն ազդել է նաեւ հումքի, այդ թվումՙ մետաղների միջազգային գների վրա, գումարած գործարար ակտիվության ընդհանուր նվազումը:

Մեր արդյունաբերության մյուս, առավել զարգացած ճյուղըՙ սննդի արդյունաբերությունը նույնպես կարող է տուժել միջազգային ֆինանսական ճգնաժամից եւ Ռուսաստանում դրա դրսեւորումից, քանի որ այս ճյուղի արտահանման մեր հիմնական շուկան Ռուսաստանն է:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների ղեկավարները մտահոգություն էին հայտնել ամերիկյան շուկայում ճգնաժամի ձգձգումից, քանի որ նրանց պատվիրատուները հիմնականում ամերիկյան ընկերություններն են, որոնց արտադրանքի պահանջարկը, հետեւաբար եւ նրանց պատվերները հայկական ընկերություններին կարող են նվազել:

Միջազգային ֆինանսական ճգնաժամն ամենալուրջ ազդեցությունը կարող է գործել շինարարության ճյուղի վրա, քանի որ այն ներկայումս ամենաարագ տեմպերով զարգացողն է եւ այդտեղ մեծ օտարերկրյա ներդրումներ են կատարվում: Շինարարությունը կարող է ծավալների որոշ նվազում ունենալ ոչ միայն ներդրումային ծրագրերի հետաձգման, այլեւ արտերկրից Հայաստանում բնակարան ձեռք բերելու պահանջարկի նվազման պատճառով: Ինչն էլ իր հերթին շղթայական բացասական ազդեցություն կարող է ունենալ շինանյութերի արտադրության եւ անշարժ գույքի շուկայի վրա, խնդիրներ ստեղծելով նաեւ սոցիալական ոլորտում:

Այստեղ, սակայն, հարկ է պարզաբանում մտցնել: Եթե բանկերի իրացվելիության խնդիրը եւ վարկերի տոկոսադրույքների բարձրացումը, արտերկրից եկող մասնավոր փոխանցումների աճի տեմպերի դանդաղումը միջազգային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված կամ դրան նպաստած իրողություններ են, ապա ներդրումային ծրագրերի հետաձգումները, արդյունաբերության, շինարարության եւ տնտեսության մյուս ճյուղերի վրա ազդեցությունները թեեւ հավանական են, բայց, բարեբախտաբար, այսօր դեռ իրողություններ չեն: Հուսանք, որ առաջիկա ամիսների ընթացքում միջազգային ֆինանսական ճգնաժամը կհաղթահարվի, եւ մենք դրանից դուրս կգան նվազագույն կորուստներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4