«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2008-10-11 | #188, 2008-10-14 | #189, 2008-10-15


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս օրերին անցկացվելիք միջոցառումները ներկայացնում է ՀՀԿ եւ ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը

- Պրն Աղայան, յուրաքանչյուր տարի Հայաստանում եւ Արցախում անցկացվում են Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի օրերը: Ինչպիսի՞ն կլինի այդ ավանդույթի շարունակությունն այս տարի:

- ՀՀԿ եւ ՌՀՄ Հայաստանում եւ Արցախում անցկացվող միջոցառումների ամենամյա շարքն այս տարի արդեն իսկ իրագործվում է: Դեռեւս երեկ մենք մասնակցեցինք Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի 70-ամյակի տոնակատարության հանդիսությանը` ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ուղերձով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը ՌՀՄ վարչության որոշմամբ պարգեւատրվել է ՌՀՄ «Արծաթե աստղ» շքանշանով` ավելի քան 40 տարի թատրոնի ղեկավարությունը ստանձնած ժամանակ Հայաստանում ռուսական մշակույթի պահպանման ու զարգացման հարցում բացառիկ ներդրում ունենալու համար: Շքանշանը Ալեքսանդր Գրիգորյանին կհանձնի առաջիկա օրերին ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

Այսօր եւս մենք մեր ծրագրի շրջանակներում կայցելենք Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ջոկատ, որտեղ զորամասի դպրոցին կհանձնվեն 3 համակարգչային կոմպլեկտ, իսկ 5 զինվորներ գերազանց ծառայության համար կարժանանան խրախուսանքի պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով, զինծառայողների համար կներկայացվի համերգային ծրագիր:

- Ի՞նչ է նախատեսվում այս տարվա ծրագրում նախորդած տարիների «Սփյուռքի օրվա» օրինակով:

Միջոցառումների մի խումբ նվիրված է հենց սփյուռքի հայ գործիչների հոբելյաններին: Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատյանի տուն-թանգարանում միջոցառումը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակին: Հոկտեմբերի 17-ին Մուշեղ Իշխանին նվիրված հանդիսություն կանցկացվի գրողի անվան դպրոցում, իսկ հոկտեմբերի 21-ին սարոյանական տարվա շրջանակներում Երեւանի թիվ 138 դպրոցում կնշանավորեն հայ գրողի 100-ամյակը:

- Ձեր կազմակերպություններն արդեն ավանդական են դարձրել նաեւ տարբեր մրցույթների անցկացումը: Ի՞նչ նորություն կարող ենք լսել այս օրերին այդ առնչությամբ:

- Միջոցառումների այս տարվա ծրագիրը ներառում է նաեւ մեր որոշ մրցույթների մրցանակների հանձնման արարողությունները: Մասնավորապես, հոկտեմբերի 17-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա «Հայաստանը եւ հայերը նկարչի աչքերով» թեմայով մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Այս մրցույթը ՀՀԿ եւ ՌՀՄ ու ստեղծագործական միությունների հետ համատեղ հայտարարված մի շարք մրցույթներից մեկն է: Այդօրինակ մրցույթներ են հայտարարվել նաեւ Գրողների, Ժուռնալիստների, Կոմպոզիտորների միությունների, Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ: Դրանց արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան հաջորդ տարվա սկզբին:

ՀՀԿ եւ ՌՀՄ արդեն 4-րդ անգամ անցկացվող «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» գրական լավագույն ստեղծագործության մրցույթը դպրոցականների եւ ուսանողների համար եւս իր մրցանակները կհանձնի այս օրերին: Հոկտեմբերի 18-ի երեկոյան «Մոսկվայի տուն» մշակութա-գործարարական կենտրոնում մրցույթի հաղթող ճանաչված 6 մասնակիցներին կհանձնվեն համակարգիչներ, իսկ բոլոր անվանակարգերում հաղթած աշխատանքների հեղինակներին կտրվեն պատվոգրեր: Միջոցառմանը կմասնակցեն ինչպես ՀՀ սփյուռքի, նաեւ կրթության ու գիտության նախարարները, այնպես էլ ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

- Ի՞նչ փուլում է գտնվում «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» ծրագիրը, որ իրականացնում է ՌՀՄ-ն եւ ՀՀԿ-ն:

- Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացման գործընթացը ընդհատում չունի: Եվ չի կապվում կոնկրետ ծրագրային միջոցառումների իրականացման հետ: Համակարգչային դասարաններ տարվա ընթացքում բացվում են հայաստանյան ու արցախյան տարբեր բնակավայրերի դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում: Այս օրերին եւս մենք մայրաքաղաքի մի շարք դպրոցներում կունենանք համակարգչային դասարանների բացման արարողություններ, մի քանի այդօրինակ դասարաններ կբացվեն նաեւ Արցախում: Ի դեպ, Արցախի կրթության եւ գիտության նախարարությանը այս օրերին կհանձնենք նաեւ Արցախ Արա Աբրահամյանի նախորդ այցելության ժամանակ խոստացված միկրոավտոբուսը:

Այս տարի մենք սկսել ենք նաեւ Հայաստանի սահմանամերձ դպրոցներում համակարգչային դասարանների ձեւավորման գործընթացը, որ տարվա ընթացքում շարունակվել է եւ կշարունակվի մինչեւ տարեվերջ:

- Յուրաքանչյուր տարի ՀՀԿ եւ ՌՀՄ միջոցառումների ծրագիրը նորամուծություններ է ունենում` նոր ծրագրերի սկզբնավորմամբ: Ի՞նչ նոր նախագծեր կյանքի կկոչվեն այս տարի:

- Ամենից առաջ նշեմ, որ այս տարի թեեւ նոր նախաձեռնություն է «21-րդ դար. հայ ժողովրդի ազգային շահերը» երիտասարդական կոնֆերանսի անցկացումը, որ կազմակերպվում է համատեղ մեր կազմակերպությունների եւ ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարության համագործակցությամբ, սակայն այս միջոցառումը նախորդ տարվա «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» երիտասարդական միջազգային համաժողովի հռչակագրի իրագործման հերթական քայլերի տրամաբանական շարունակությունն է: Միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 19-21-ը Ծաղկաձորում, եւ համոզված ենք, որ երիտասարդությունն այս քննարկումներում կկարողանա ընտրել իր տեղն ու դերը ազգային շահերի պաշտպանության գործում:

Ի լրումն մեր հոգածության ծրագրերի` ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն այս տարի եւս մեկ ակցիա են սկսում «Շտապեք գործել բարին» խորագրով, որի շրջանակներում հոկտեմբերի 17-ին մեր կազմակերպությունների պատվիրակությունները կլինեն Խարբերդի մանկատանը: Արդեն իսկ աջակցության որոշ քայլեր են արվել նաեւ մյուս մանկատների առումով:

Եվս մեկ նոր քայլ կլինի նաեւ այս օրերին «Սամսունգ-գրուպ» ընկերության մոսկովյան ներկայացուցչության ղեկավարների այցելությունը Հայաստան, հանդիպումները Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ` ներդրումային ծրագրերի եւ այլ հարցերի քննարկման օրակարգով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4