Բոննում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնության 50-րդ խաղարկությունը: 12 պարտիայից բաղկացած մրցախաղում շախմատային թագը կվիճարկեն աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդն ու Վլադիմիր Կրամնիկը: Հավասար արդյունքի դեպքում նոյեմբերի 2-ին կնշանակվի լրացուցիչ մրցախաղ արագ շախմատի կանոններով, իսկ հարկ եղած դեպքում մրցակիցներն ուժերը կչափեն նաեւ կայծակնային խաղում:
Վիճակահանությամբ 1-ին, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 10-րդ եւ 12-րդ պարտիաներում սպիտակներով խաղալու է Վլադիմիր Կրամնիկը: Մրցանակային ընդհանուր հիմնադրամը 1,5 մլն եվրո է, որը հավասարապես կբաշխվի մրցակիցների միջեւ անկախ արդյունքից: Իսկ նախկինում գումարի 60 տոկոսը հանձնվում էր մրցախաղի հաղթողին: Նշենք, որ երկու շախմատիստներն էլ տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսին են արժանացել: Անանդը 2000-ի ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնն է, 2007-ին էլ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Մեխիկոյում անցկացված շրջանաձեւ մրցաշարում` հաղթող ճանաչվելով 8 ուժեղագույն գրոսմայստերների մրցավեճում: Այնպես որ Անանդն աշխարհի չեմպիոնի դերում առաջին անգամ է շախմատային թագը վիճարկում հավակնորդի հետ մրցախաղում: Իսկ նախկինում նա երկու անգամ որպես հավակնորդ փորձել է նվաճել շախմատային թագը, սակայն ջանքերն ապարդյուն են անցել: 1995-ին Անանդը պարտվել է Գարի Կասպարովին, իսկ երեք տարի անց անհաջողության է մատնվել Անատոլի Կարպովի հետ մրցախաղում:
Վլադիմիր Կրամնիկն ավելի հաջողակ է գտնվել: 2000-ին նա դասական շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտում հաղթել է Գարի Կասպարովին, 2004-ին` Պետեր Լեկոյին: Իսկ 2006-ին արդեն աշխարհի միավորված չեմպիոնի տիտղոսի համար պայքարում Կրամնիկը Էլիստայում հաղթել էր Վեսելին Թոփալովին ու հռչակվել շախմատի աշխարհի չեմպիոն: Սակայն այն ժամանակ գործող մրցակարգի համաձայն հաջորդ տարի Կրամնիկը մասնակցեց Մեխիկոյում անցկացված մրցաշարին, որում ինչպես արդեն նշել էինք, Անանդը նվաճեց ուժեղագույնի տիտղոսը:
Բայց այժմ էլ աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած շախմատիստին հանգիստ կյանք չի սպասում: Մրցակարգի համաձայն, աշխարհի չեմպիոնը պետք է շախմատային թագը վիճարկի Թոփալով-Կամսկի մրցախաղի հաղթողի հետ: Իսկ Բոննի մրցախաղում պարտված շախմատիստը կրկին չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք ստանալու համար պետք է հաջող հանդես գա աշխարհի գավաթի խաղարկությունում կամ էլ Գրան պրիի մրցաշարերում:
Բոննում Անանդին կօգնեն ուզբեկստանցի Ռուստամ Կասիմջանովը, դանիացի Պետեր Նեյնե Նիլսենը, լեհ Ռադոսլավ Վոյտաժեկն ու հնդիկ Սուրիա Շեկտար Գանգուլին: Կրամնիկի մարտավկաներն են ռուսաստանցի Սերգեյ Ռուբլյովսկին, հունգարացի Պետեր Լեկոն ու ֆրանսիացի Լորան Ֆրեսինեն: Մեկնարկի շեմին Կրամնիկը հայտարարել է, որ գոհ է նախապատրաստական աշխատանքներից. «Համոզված եմ, որ միայն նման մրցախաղերում շախմատիստը հնարավորություն ունի իրագործելու իր բոլոր հնարավորությունները: Իսկ մրցաշարերում շատ բան կախված է այն բանից, թե ինչպես ես խաղացել ավելի թույլ մրցակիցների հետ: Իսկ այստեղ քո դիմաց միայն մեկ մրցակից է: Պատահական չէ, որ համաշխարհային շախմատում ամենախոշոր ստեղծագործական նվաճումները «ծնվել» են հենց նման մրցախաղերում: Հիշենք Ֆիշեր-Սպասկի, Կարպով-Կասպարով մրցախաղերը: Հուսով եմ, որ մեզ էլ կհաջողվի Բոննում բարձր մակարդակի խաղ ցուցադրել»:
Անանդը հետեւյալն է նշել. «Կարծում եմ, որ մենք ընդունակ ենք զարմացնել միմյանց: Կրամնիկի խաղաոճը օրական 10 ժամ ուսումնասիրում եմ ապրիլից: Կփորձեմ չեզոքացնել այն դիրքերը, որոնցում նա ուժեղ է: Բնականաբար, նա էլ ուսումնասիրել է իմ խաղը»:
Անանդ-Կրամնիկ հանդիպումների պատմությունը սկսվում է 1993-ից: Մոսկվայում նրանց միջեւ կայացած առաջին պարտիայում մրցակիցները հաշտություն են կնքել: Մինչ օրս կայացած 127 պարտիաներից 19-ում հաղթել է Անանդը, 15-ում առավելության է հասել Կրամնիկը, 93-ում հաշտություն է կնքվել: Այդ պարտիաներից 51-ն անցկացվել են դասական շախմատի կանոններով: Այստեղ առավելությունը Կրամնիկի կողմն է: Նա տոնել է 6 հաղթանակ, կրել 4 պարտություն: Հետաքրքրական է, որ բուքմեյքերները հավասար են գնահատում կողմերի հնարավորությունները: Երկուսի հաղթանակի գործակիցն էլ նույնն է (2,60), իսկ ոչ-ոքին գնահատվել է 3,10 գործակցով:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ