«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ՎՐԱՍՏԱՆԻ ՍՑԵՆԱՐՆ ԻՐԱՆՈ՞ՒՄ

«ԱՄՆ-ն փորձում է Իրանին մղել ռազմական գործողությունների ընդդեմ Իսրայելի»:

Նմանատիպ կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վալերի Յազեւը: Ըստ նրա` ԱՄՆ-ն ներկայումս ի վիճակի չէ Իրանի դեմ միայնակ պայքարելու ու այդ նպատակով փորձում է կրկնել Վրաստանի սցենարը: Յազեւի կանխատեսմամբ` ԱՄՆ-ն չունենալով անհրաժեշտ նախադրյալներ Իրանի դեմ ուղղակի ուժ գործադրելու համար, ամեն կերպ փորձում է վերջինիս դրդել ռազմական քայլերի դիմելու Իսրայելի դեմ: Դրանից հետո ԱՄՆ-ն արդեն լուրջ հիմքեր կունենա Իրանի վրա հարձակվելու` դաշնակից Իսրայելին նրա ագրեսիայից պաշտպանելու նպատակով: Այս մոտեցումը բավականին տրամաբանական է: Չմոռանանք, որ ԱՄՆ-ն միջազգային հանրության առաջ մեղանչել է Իրաքում ռազմական գործողությունների պատրվակ փնտրելիս (զանգվածային ոչնչացման զենք այդպես էլ չգտնվեց), եւ այժմ, եթե իսկապես նպատակ ունի Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու, ապա պետք է կարողանա առավել լուրջ հիմնավորումներ ներկայացնել: Իսկ իր հավատարիմ դաշնակցին պաշտպանելը շատ լուրջ առիթ է սեփական նկրտումներն ի կատար ածելու համար:

Ռուսաստանյան բարձրաստիճան գործչի նման հայտարարությունը, հավանաբար, առաջնային նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը եւս մեկ անգամ հրամցնելու ռուսական քարոզչական մեքենայի այն հիմնական գաղափարներից մեկը, որ ռուս-վրացական վերջին հակամարտությունում ԱՄՆ-ն է հանդես եկել նախաձեռնողի դերում: Ի միջիայլոց, այդ մասին առաջիններից մեկը հայտարարել է Իրանի նախագահ Ահմադինեժադը: Բայց Յազեւի նման հայտարարությունը կարող է ունենալ նաեւ մեկ այլ, քողարկված նպատակ. բարձրաձայնելով այդ սցենարի մասին, փորձել կանխարգելել նման զարգացումները: Ամեն դեպքում պետք չէ անտեսել, որ Իսրայելի միջոցով Իրանի դեմ գործելը իրոք կարող է ընդունելի տարբերակ լինել ԱՄՆ-ի համար: Տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս լուրջ դաշնակիցը` Թուրքիան, բնականաբար, ակտիվություն չի կարող դրսեւորել այդ հարցում: Առավել եւս, որ վերջերս նկատվում են իրանա-թուրքական հարաբերությունների աշխուժացման լուրջ միտումներ տնտեսական բնագավառում: Իրանի հարուստ եւ մատչելի հսկայական բնական պաշարներն ակնհայտորեն գտնվում են բավականին խոշոր արդյունաբերություն ունեցող Թուրքիայի հետաքրքրությունների ոլորտում: Թուրքիայում Իրանի դեսպանատան աշխատակից Քազեմ Մալեքին վերջերս տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում բարձրաձայնել է, որ երկու երկրների միջեւ փոխադարձ սերտ հարաբերություններն անխուսափելի են եւ կախված չեն քաղաքական այս կամ այն գործիչների հայացքներից:

Այսպիսով, տարածաշրջանում Իրանի դեմ ռազմական եւ այլ բնույթի գործողություններ կատարելու հարցում ԱՄՆ-ն կարող է հույս դնել միակ հուսալի դաշնակցի` Իսրայելի վրա: Վերջինս իր հերթին խիստ շահագրգռված է Իրանի աճող ռազմական սպառնալիքը կանխելով: Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան տարածաշրջանում, բայց անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հնարավոր զարգացումները, այդ թվում նաեւ վերոհիշյալ վարկածը, որն այնքան էլ անհավանական չէ:

ԱՐԱՄ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4