«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2008-10-14 | #189, 2008-10-15 | #190, 2008-10-16


ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔԻ ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԲԱՐՁՐ ԳՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ամենայն հավանականությամբ «Զվարթնոց» օդանավակայանը կտուգանվի այդ պատճառով

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ավիավառելիքի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությանը («Զվարթնոց օդանավակայան») հավանաբար տուգանի 300 մլն դրամի չափովՙ ավիավառելիքի վաճառքի չհիմնավորված գների սահմանման, խտրական մոտեցում ցուցաբերելու եւ գերիշխող դիրքի չարաշահման համար:

Ինչպես տեղեկանում ենք հանձնաժողովի վեբկայքից, հանձնաժողովն ուսումնասիրել է այս տարվա հուլիս եւ օգոստոս ամիսներին եւ սեպտեմբերի 1-15-ը ընկած ժամանակահատվածում ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման ծավալների ու գների վերաբերյալ

ԱՄՕ-ից, ավիավառելիք ներկրող «Միկա քորփորեյշն» ընկերությունից, մի շարք ավիաընկերություններից ստացած տեղեկությունները: Դրանցից պարզվել է, որ «ԱՄՕ» ընկերության կողմից 1 տոննա ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությունը (մարժան) հուլիս ամսին կազմել է 265 դոլար, օգոստոսինՙ 212 դոլար, ավիավառելիքի 1 տոննան համապատասխանաբար 483 հազար դրամով հուլիսին եւ 494 հազար դրամով օգոստոսին իրացնելիս:

Մինչդեռ այս տարվա մարտին «ԱՄՕ» ընկերությունը ներկայացրել էր ավիավառելիքի գնի փոփոխությունը հիմնավորող տեղեկանք, համաձայն որի, մարժայի փոփոխությունը հիմնավորող գործոնները երեքն են` ծախսերի աճ, ձեռքբերման գնի աճ եւ դոլարի գնողունակության անկում: Այդ կապակցությամբ հարուցված վարչական վարույթով, հանձնաժողովը 2008-ի ապրիլին ընդունել է որոշում, որով ամրագրվել է ընկերության առաջարկությունը` 1 տոննա ավիավառելիքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերություն (մարժա) հաստատել 141 դոլարը: Փաստորեն, «ԱՄՕ» ընկերության կողմից 1 տոննայի իրացման գինը գերազանցել է հանձնաժողովի սահմանած հաշվարկային գինը հուլիս ամսվա ընթացքում 124 դոլարով, իսկ օգոստոս ամսվա ընթացքումՙ 71 դոլարով:

Բացի վերոնշյալից, hանձնաժողովին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ներկայացրած տեղեկատվության վերլուծությունից պարզվել է նաեւ, որ ընկերությունը կիրառում է ավիաընկերություններին իրացվող ավիավառելիքի խտրական գներ: Օրինակ, «ԱՄՕ» ընկերության կողմից 2008-ի օգոստոսի 23-ին «Աերոֆլոտ-Ռուսական ավիաուղիներ» ընկերությանն իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքը կազմել է մոտ 504 հազար դրամ, «Արմավիա» ընկերությանն իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքըՙ 491 հազար դրամ, իսկ 2008-ի օգոստոսի 24-ի «Տաջիկիստան ավիաուղիներին» իրացված ավիավառելիքի 1 տոննայի արժեքըՙ 520 հազար դրամ:

Մյուս կողմից, կատարվել է «Արմենիա» միջազգային օդանավակայանում եւ այլ երկրների օդանավակայաններում տարբեր ավիաընկերությունների լիցքավորած ավիավառելիքի գների համեմատություն: Համաձայն դրանց, «Դոնբասաերո» ավիաընկերությունը նշել է, որ սեպտեմբեր ամսին «Արմենիա» միջազգային օդանավակայանում լիցքավորված ավիավառելիքի գինը 1 տոննայի համար կազմել է 1667 դոլար, իսկ Թբիլիսիի օդանավակայանում նույն ամսվա ընթացքում կազմել է 1155 դոլար 1 տոննայի համար: «Արմավիա» ավիաընկերությունը նշել է, որ սեպտեմբեր ամսին «Արմենիա» միջազգային օդանավակայանում լիցքավորած ավիավառելիքի գինը 1 տոննայի համար կազմել է 1621 դոլար, Աթենքի օդանավակայանում նույն ամսվա ընթացքումՙ 1119 դոլար, Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանումՙ 1225 դոլար:

Այս փաստերը հանձնաժողովի որոշման նախագծի մեջ որակվում են որպես գերիշխող դիրքի չարաշահում, որն արտահայտվել է իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական կամ տարբերակված գների կիրառմամբ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4