2008-ի «Ազդարար» մրցանակաբաշխությունը
Մեր օրացույցում նոյեմբերի 16-ը արձանագրված է որպես հայ մամուլի օր: 1794 թ. այս օրը Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն Շմավոնյանը տպագրեց հայկական առաջին պարբերականը: Ինչպես երեկ իր խոսքում նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը , հայկական օրաթերթերից ոչ մեկը որեւէ ձեւով օրվա կարեւորությունը, ցավոք, չէր նկատել:
Մամուլի անհրաժեշտությունը հասարակություններին ուղեկցել է անհիշելի ժամանակներից. տպագրության գյուտից հետո այդ անհրաժեշտությունից մամուլը հեղեղեց մարդկությանը, իսկ նոր ժամանակներում դարձավ կարեւոր զենքերից մեկը` թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով: Խորհրդային ժամանակների մամուլի կարծրատիպերը եւ դրանց կրողները, ցավոք, դժվար են տեղի տալիս, այդուհանդերձ, արվել եւ արվում են որոշակի փորձերՙ անաչառ լրատվություն փոխանցելու ուղղությամբ, առանց որի մամուլը կկորցնի նշանակությունը` հասարակության եւ նրա տարբեր ինստիտուտների միջեւ փոխանցողի, կապուղու իր դերակատարումը: Թե որքան աղետաբեր կարող է լինել խեղաթյուրված (փչացած) կապուղին, յուրաքանչյուրս կարող ենք պատկերացնել կամ գիտենք:
Աստղիկ Գեւորգյանը շնորհավորեց հայ մամուլի օրվա առթիվ, ներկայացրեց հայկական պաբերաթերթերի ներկա մթնոլորտը, անդրադարձավ «Ազդարար» մրցանակաբաշխության ձեւավորված ավանդույթներին ու խորհրդին: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 5 տարի: Որպես կանոն, ժյուրիի կազմը ձեւավորվում է նախորդ տարվա հաղթողներից, որոնց միության անդամ լինելը պարտադիր պայման է, լինում են որոշ բացառություններ, ինչպես անցած տարի, ընդունված 5 անվանակարգերին հավելված վեցերորդըՙ սփյուռքի մամուլ անվանակարգի ներկայացուցիչըՙ հասկանալի պատճառներով:
Երեկվա հոբելյանական մրցանակաբաշխությանը ներկա էին մտավորականներ, լրագրողներ, երկու պաշտոնական հյուրՙ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը եւ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը , Դետրոյթիցՙ գրականագետ, երկար տարիների խմբագիր, հրապարակագիր, ազգային-հասարակական գործիչ Երվանդ Ազատյանը եւ ուրիշներ:
2008-ի մրցանակակիրներին ներկայացրեց «Ազդարարի» առաջին մրցանակակիր, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը ՙ համապատասխան մեկնաբանություններով:
Սփյուռքի մամուլ անվանակարգում մրցանակը արժանիորեն տրվեց Փարիզի «Յառաջ» օրաթերթի խմբագրապետ Արփիկ Միսաքյանին : Ինչպես նշեց Հ. Ավետիքյանը, եվրոպական տարածքում «Յառաջը» միակ հայկական օրաթերթն է, որ 84 տարի գրեթե անընդմեջ (բացառությամբ պատերազմական տարիների) շարունակել է ամենօրյա տեղեկություններով, լուրերով, վերլուծում-հրապարակումներով սնել Եվրոպայի եւ սփյուռքի գրեթե բոլոր համայնքները, դառնալով սփյուռքահայության համար կենսական զարկերակՙ շնորհիվ Արփիկ Միսաքյանի եւ նրա օգնական Արփի Թոթոյանի ջանադիր աշխատանքի ու նվիրումի:
Պարբերական մամուլ անվանակարգում մրցանակը հանձնվեց «Երեւան» հանդեսի խմբագիր Իդա Մարտիրոսյանին : Նկատի ունենալով հայկական ամսագրային մամուլի ինդուստրիայի ներկա բումը, գունառատ, պատկերաշատ ամսագրերի առատության իրողությունը, որոնցից շատերը, ըստ Հ. Ավետիքյանի, բովանդակային մասով նաեւ անընդունելի են կամ գոնե վիճարկելի, «Երեւան» հանդեսըՙ հայերենով, ռուսերենով, մասամբ անգլերենովՙ թե՛ արտաքին լուծումներով, թե՛ բովանդակային խորքովՙ 35-38.000 տպաքանակով պահանջարկ ունի ազգաբնակչության մեջ, հատկապես Ռուսաստանում: Մրցանակը հանձնեց Դավիթ Մուրադյանը:
Հաջորդըՙ հեռուստատեսությունն էրՙ մեր բոլոր քննադատությունների ամենաառաջին թիրախը: Նկատի ունենալով, որ հայկական հեռուստաեթերը լցված է տկարամիտ ու թեթեւաժանր հաղորդումներով եւ չնչին բացառությամբ բացակայում են քաղաքական, բանավիճային հաղորդումները, ժյուրին արժեքավոր է նկատել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարը, զրուցավարի ակտիվ միջամտությունները, ակտուալ հարցադրումները, զրուցակցի հանդեպ համապատասխան պահվածքը եւ Պետրոս Ղազարյանին համարել լավագույնը. մրցանակը հանձնեց Սամվել Ֆարմանյանը:
Ռադիո անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց հանրային ռադիոյի առավել ժողովրդայնություն վայելող «Երեւան» ծրագիրը: Գայանե Մարտիրոսյանին մրցանակը հանձնեց Երվանդ Ազատյանը, որն ի դեպ Դետրոյթում ռադիոկայան է ղեկավարում եւ մշակութային, ազգային ծրագրեր է պատրաստում եւ անվճար տրամադրում ԱՄՆ տարածքի հայկական ռադիոկայաններին:
Եր. Ազատյանը գոհունակություն հայտնեց առ այն, որ «Յառաջը»ՙ հայ մամուլի ռահվիրան, արժանացավ գնահատանքի: «Մեկը, որ Փարիզ կերթա, նախ եկեղեցի կմտնե, ապաՙ «Յառաջ» որպես ազգային օջախ»: Նա հատկապես սպասում եւ կարեւորում է ժուռնալիստիկայի ոլորտում հայտնվող ժամանակակից մտածողությամբ երիտասարդ նոր անունների: «Ժուռնալիստը պիտի տվյալներ ունենա եւ բարեխղճորեն գործե, որ կարենա խիզախ խոսքով հանդես գալ, ճշմարտություն ըսե, որովհետեւ ճշմարտությունն է, որ պիտի մեր կյանքը սրբագրե»:
Մարզային մամուլ անվանակարգերում մրցանակը տրվեց «Թալին աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Համլետ Խաչատրյանին : Մրցանակը հանձնեց Աստղիկ Գեւորգյանը, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մարզային թերթերին, նշեց նրանց պրոֆեսիոնալիզմը եւ մանավանդ հայերենի հանդեպ նախանձախնդրությունը, հայցվեց պետական առավել աջակցություն մարզային լրագրությանը:
Ֆոտոլրագրություն անվանակարգի մրցանակակիր դարձավ Ռուբեն Մանգասարյանը : Հ. Ավետիքյանը նշեց, որ մեր մամուլը ինտեգրված չէ միջազգայինին, բայց շնորհիվ Ռ. Մանգասարյանի, մենք ունեցանք «National Geographic»-ի հայերեն տարբերակը: Այս հանդեսը «վաղուց միջազգային լայն ճանաչում ունի, որի լուսանկարները դասականության են պատկանում, եւ հայկական հարցում էլ եզակի է եղել. 1915-ից սկսած Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական ծավալուն հոդվածների տպագրությամբ»: Մրցանակը հանձնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Մրցանակների հանձնման ավարտին Աստղիկ Գեւորգյանը հայտնեց օրվա անակնկալը, ասելով, որ յուրաքանչյուր բնագավառում կատարված հետաքրքրական գործ գնահատվում է եւ տեղեկացրեց, որ մեր մամուլում լրջագույն ձեռք բերում համարելով «Ազգ» օրաթերթի երկշաբաթյա «Մշակույթ Հավելվածը» , մշակույթի նախարարությունը թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին շնորհել է «Ոսկե մեդալ»: Այն հանձնեց փոխնախարար Դավիթ Մուրադյանը, որի խոսքերից կարելի էր իսկապես ոգեւորվել, երբ ամենօրյա սովորական թվացող գործի նշանակությունը նույնկերպ իմաստավորվում է նաեւ դրսի հայացքով: Փաստորեն, ըստ Դ. Մուրադյանի, ինտելեկտուալ մամուլը կորցնելու սահմանային պահին «Ազգի» մշակութային հավելվածները կատարել են դա փրկելու, պահպանելու դեր, որի էջերում զետեղված արվեստաբանական, գրականագիտական, մշակութաբանական հրապարակումները, բանավեճերը նոր սերնդի համար ունեցել են նաեւ պատմաճանաչողական նշանակությունՙ բացահայտելով Հայաստանի եւ սփյուռքահայության ներկայի եւ անցյալի, նաեւ միջազգային մշակութային շատ երեւույթներ: «Այս հեղինակները չգիտեին որտեղ դրսեւորեին իրենց, պահանջը կար, հրապարակն էր բացակայում: «Ազգը» վերականգնեց դա: Անմշակույթ ազատությունը քաոս է, մշակույթն է փոխում կյանքը մեծ իմաստով, որպեսզի ազատությունը վերածվի կոսմոսի»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ