Ենթադրելի այս նորությունն անսպասելի էր որոշ հանրահավաքայինների համար
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Մատենադարանում հրավիրված հանրահավաքի ժամանակ Ղարաբաղի խնդրի շուրջը ստեղծված ներկա իրավիճակին նվիրված իր երկարաշունչ ելույթն ավարտեց անսպասելի հայտարարությամբ, ինչը հաստատ հանրահավաքայինների սրտով չէր, սակայն շատերի համար ենթադրելի էր: Ընդդիմության առաջնորդը հայտարարեց, որ իրենք ժամանակավորապես դադարեցնում են իրենց պայքարը, եւ պատճառը Ղարաբաղի խնդիրն է, որը թեեւ հանգուցալուծման մոտալուտ հանգրվանում է, սակայն բավական վտանգավոր իրավիճակում:
«Եթե հիշում եք, իմ նախորդ ելույթներից մեկում, իշխանության համար մղվող քաղաքական պայքարում ամեն ինչից վեր դասելով ազգային եւ պետական շահը, ես հայտարարել էի, որ Ղարաբաղի դեմ ռազմական սպառնալիքի առաջացման դեպքում կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց գործողությունները եւ լծվել համազգային պայքարի նվիրական գործին: Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծումը, իր պարունակած վտանգներով հավասարազոր լինելով ռազմական սպառնալիքի, կարծում եմ, հրատապ է դարձնում այդ կոչի իրականացումը:
Խոսքը չի վերաբերում, անշուշտ, Շարժման գործունեության լիակատար սառեցմանը, այլ միայնումիայն զանգվածային միջոցառումներիՙ համահանրապետական հանրահավաքների եւ երթերի ժամանակավոր դադարեցմանը:
Նամանավանդ, որ դադարը երկար չի տեւելու, քանի որ Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը երկու-երեք ամիսների հարց է: Իսկ եթե այդ ժամկետը, նոր հանգամանքների ներգործությամբ, մասնավորապես, միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացման պատճառով, որոշ չափով ձգձգվի, մենք միշտ էլ հնարավորություն կունենանք ճշգրտել մեր ռազմավարությունը եւ անհրաժեշտ պահին վերսկսել զանգվածային միջոցառումները», ահա այսպիսի լուրջ պատճառ ներկայացրեց արտախորհրդարանական ընդդիմության ղեկավարը:
Ընդդիմության համառ համակիրների զարմանքն ու անսպասելիությունը մեղմելու համար Տեր-Պետրոսյանն անմիջապես հավելեց, որ շարժումը հրաժարվում է ընդամենը պայքարի հրապարակային եղանակներից, այն էլՙ 1-2 ամսով, մինչեւ կլուծվի Ղարաբաղի հարցը: Սակայն այս ընթացքում, ըստ ընդդիմության առաջնորդի, իրենք «ձեռքները ծալած» չեն նստի եւ կուժեղացնեն Հայ ազգային կոնգրեսի կառույցները, կնախապատրաստեն Կոնգրեսի համագումարը, կլծվեն պայքարի հետագա ռազմավարության մշակմանը:
Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը հանրահավաքներին սկզբից մինչեւ այսօր հետեւողի համար իսկապես սպասելի էր, որովհետեւ վերջին ամիսներին արդեն ընդդիմության հանրահավաքները «մի տեսակ այն չէին»: Որքան էլ հայրենի ընդդիմության ներկայացուցիչները պնդում էին, թե հերյուրանքներ են Շարժման մարման մասին խոսակցությունները, այդուհանդերձ, իրականության մեջՙ հենց այդ նույն ընդդիմության համակիրների մեջ խորը կասկածանքներ կային:
«Եթե էս անգամ էլ բան չասեցին, ուրեմն վերջ, էսքան երկար գալ ու ոչինչ չտեսնել, չի լինի», ընդդիմության վերջին հանրահավաքներից մեկի ժամանակ ասաց մեր ընտանիքի բարեկամը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուն է: Նրան էլ մի պահ ոգեւորեց Հյուսիսային պողոտայի նստացույցը, բայց մի քանի օր անց սկսեց դժգոհել, որ ընդդիմությունը չի գնում կոշտ պայքարի: Նույնը լսել եմ շատերից, անգամ նույն ընդդիմությանը սատարող հասարակական նախաձեռնության առանցքային ներկայացուցիչներից, որոնց անունները պարզապես չարժե նշել:
Ինչեւէ, վերադառնալով Տեր-Պետրոսյանի ելույթինՙ նշենք, որ մինչ իր ելույթի հանգուցալուծմանը հասնելն ու անսպասելի հայտարարությունն անելըՙ ընդդիմության առաջնորդը մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակն ու լուծման տարբերակըՙ մատնանշելով, որ այսօրվա լուծման հիմքում մադրիդյան առաջարկներն են:
Հանրապետության առաջին նախագահի կարծիքով, Սերժ Սարգսյանը քաղաքականապես կողմնորոշվել է դեպի Արեւմուտք, «նետվել է Արեւմուտքի» գիրկը, որպեսզի այնտեղից ստանա իր լեգիտիմության հաստատումն ու իշխանությունը պահելու երաշխիքը ու լրիվ մոռացել Ռուսաստանին, քանի որ «Ռուսաստանը նրա լեգիտիմությունը կասկածի տակ չի դրել»: Արեւմուտքից էլ, ըստ նրա, նախագահ Սարգսյանը ստացել է Ղարաբաղի խնդրի լուծման հրահանգ, ինչի կատարմամբ էլ այժմ զբաղված է: Խիստ քննադատելով եւ մեղադրելով Սերժ Սարգսյանինՙ առաջին նախագահը սակայն չմոռացավ խորհուրդ տալ երրորդ նախագահին զգույշ լինել, քանի որ միակողմանի աջակցությամբ ղարաբաղյան խնդրի լուծումը լի է վտանգներով:
«Ազգի» ընթերցողները կարող են ամբողջ ելույթը կարդալ մեր կայքէջի «Ֆորում» բաժնում եւ հնարավորություն ունեն իրենց կարծիքը հայտնելու այնտեղ:
Կարճ տեւած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ու ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը : Հանրահավաքին մասնակցում էր այն նույն զանգվածը, ինչը նախկինումՙ մարդկանց հոսքը հասնում էր մինչեւ պոնչիկանոց: Հանրահավաքից հետո ընդդիմությունը հանրահավաքայիններին վերադարձրեց նաեւ, Լեւոն Զուրաբյանի ասած, նախորդ հանրահավաքից պարտք մնացած երթը:
Հ. Գ. Ընդդիմության այս հանրահավաքի ժամանակ Մատենադարանի բարձունքում ներկա էին բազմաթիվ անծանոթ մարդիկ, որոնք երբեւէ չէին եղել հանրահավաքներում: Մի տեսակ տարօրինակություն կարՙ նախկինում ներկա ծանոթ դեմքերը քիչ էին, փոխարենը նկատելի էին նոր դեմքեր: