Քինգը մարտահրավեր է նետում Կլիչկո եղբայրներին
Հայտնի պրոմոութեր Դոն Քինգը պատրաստ է 25 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 43,66 մլն դոլար) վճարել գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, 43-ամյա Լենոքս Լյուիսին, եթե նա համաձայնի վերադառնալ ռինգ ու մենամարտել Վիտալի Կլիչկոյի հետ: 100 մլն դոլար էլ Քինգը խոստացել է Կլիչկո եղբայրներին, եթե նրանք մենամարտեն միմյանց հետ: Լյուիսը դեռեւս մի քանի տարի առաջ, երբ Կլիչկոն հաղթել էր Դենի Ուիլյամսին, հայտարարել էր, թե պատրաստ է ռինգ վերադառնալ ու ռեւանշ-մենամարտ անցկացնել ուկրաինացի բռնցքամարտիկի հետ, եթե 40 մլն դոլարից ոչ պակաս պարգեւավճար ստանա: Սակայն այդպես էլ ոչ ոք չարձագանքեց նրա հայտարարությանը:
Եվ ահա այժմ Դոն Քինգը պատրաստ է կազմակերպել Կլիչկո-Լյուիս մենամարտը: Բայց, որպեսզի Քինգը չտուժի նման խոշոր պարգեւավճար վճարելուց, նա պետք է հանդիպման հեռուստատեսային ռեպորտաժը վաճառի մոտ 2 մլն հեռուստադիտողների: Իսկ դա իրատեսական չէ այն մենամարտերի համար, որոնցում ամերիկացի բռնցքամարտիկներ չեն մասնակցում: Նշենք, որ բռնցքամարտի պատմության մեջ ռեկորդային է համարվում Օսկար դե Լա Հոյայի եւ Ֆլոյդ Մեյվեզերի մենամարտը, որը վճարովի հեռուստաալիքով դիտել էր 2 մլն 150 հազար մարզասեր: Այդ մենամարտի համար Օսկար դե Լա Հոյան մոտ 50 մլն դոլար էր ստացել, ինչը ռեկորդային ցուցանիշ է բռնցքամարտի պատմությունում: Լենոքս Լյուիսի եւ Մայք Թայսոնի մենամարտը, որի հեռուստառեպորտաժի համար սահմանվել էր ռեկորդային գին (54,95 դոլար), դիտել էին 1,8 մլն հեռուստադիտողներ: Բռնցքամարտիկներից յուրաքանչյուրը 20 մլն դոլար հոնորար էր ստացել: Ճիշտ է, ներկայումս ֆինանսական ճգնաժամի պատճառով փորձագետները կանխատեսում են ԱՄՆ-ում բռնցքամարտի ռեպորտաժների նկատմամբ հետաքրքրության զգալի նվազում:
Ինչ վերաբերում է Կլիչկո եղբայրների մրցավեճին, ապա, ըստ մասնագետների, մենամարտը չի կարող կայանալ մի քանի պատճառներով: Առաջինն այն է, որ Կլիչկո եղբայրներին ձեռնտու չէ իրենցից որեւէ մեկին զրկել չեմպիոնի տիտղոսից, քանի որ նրանք իրենց առջեւ նպատակ են դրել գերծանրքաշային կարգում նվաճել չեմպիոնական բոլոր գոտիները:
Երկրորդ պատճառն այն է, որ Կլիչկո եղբայրների եւ Դոն Քինգի հարաբերությունները սրված են: Այդ պատճառով նրանք ժամանակին հրաժարվեցին Քինգի ծառայություններից եւ ընդունեցին գերմանացի պրոմոութեր Կլաուս Պետեր Կոլի հրավերը: Եվ երրորդ, ամենագլխավոր հանգամանքն այն է, որ դեռեւս պատանի հասակից Կլիչկո եղբայրները խոստացել են իրենց մորը չմենամարտել միմյանց հետ: Եվ նույնիսկ 100 մլն դոլարը չի ստիպի Կլիչկոներին դրժել խոստումը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ