«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2008-10-17 | #192, 2008-10-18 | #193, 2008-10-21


ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՏՔՆԻ ԵՎՍ 2 ԱՄԻՍ

Ազգային ժողովի երեկ սկսված քառօրյայում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ ընտրվեց երկարամյա խորհրդարանական, ՀՀԿ խմբակցությունից Հակոբ Հակոբյանը: Նա հանրությանն առավել հայտնի է որպես Արփա-Սեւանի Հակոբ Հակոբյան : Նա այն հազվագյուտ պատգամավորներից է, որի անվան շուրջը բացասական կրքեր չեն բորբոքվել, իսկ նրա` դեռեւս լավ հնչող վարդենիսյան բարբառը ավելի շատ դրական աուրա է ստեղծում: Նրա գործընկեր Գագիկ Մինասյանն ասաց, որ հանձնաժողովը նրա ընտրությամբ կունենա լրջմիտ, խոհուն եւ քաջատեղյակ նախագահ, Վարդան Բոստանջյանը դրական համարեց այն, որ նա հարցի լուծումն է կարեւորում եւ ոչ թե այն ներկայացնողի ընդդիմադիր-իշխանամետ լինելը, Արծվիկ Մինասյանը նրան ուղղեց սոցիալական մասնագետի իր փորձը, Հեղինե Բիշարյանը վստահություն հայտնեց, թե նա լավ կաշխատի: Ինքը` Հակոբյանն իր եզրափակիչ ելույթում իմաստնացավ. «Սոցիալական խնդիրը ծնվում է, երբ ծնվում է մարդը...»:

Երեկ, սակայն, գլխավոր ինտրիգը մարտի 1-2-ի դեպքերը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու ԺՀ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկի հետ էր կապվում. բավական տաք ելույթներ հնչեցրին եւ ԱԺ-ում միակ ընդդիմադիր «Ժառանգության» պատգամավորներն էին միակ ընդդիմախոսը, եւ նրանց պատասխանողը` Նիկոյանը եւ հարակից զեկուցող Արտյուշա Շահբազյանը :

ԺՀ-ի նախագահին տրված հարցերով Ստեփան Սաֆարյանը , Լարիսա Ալավերդյանը , Անահիտ Բախշյանը ուզում էին պարզել ժամկետը երկարացնելու գլխավոր պատճառը, բարձրացնում էին վստահության հարցը, նշում, որ հարակից զեկուցողը, որ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունն էր ներկայացնում, ավելի շատ որպես հանձնաժողովի անդամ է խոսում, կասկած էին հայտնում, թե այդ երկու ամիսը թույլ կտա բազմակողմանի, բոլոր հարցերի պատասխանն ունեցող զեկույց ներկայացնել, որը կբավարարի ե՛ւ մեր, ե՛ւ միջազգային հանրությանը: Սամվել Նիկոյանը շեշտադրեց, որ մի շարք գործընկերներ (ակնհայտորեն նաեւ «Ժառանգությանը» նկատի ուներ), փոխանակ խոսեին, պետք է գային եւ աշխատեին հանձնաժողովում: Ըստ նրա` այս ծավալուն աշխատանքը, որի հետ կապված նախաքննական մարմինն էլ դեռ պատասխաններ չունի, շատ դժվար է եւ հանձնաժողովը ծագած բոլոր հարցերին պատասխանելու խնդիր ունի: Կհասցնի՞ նոր ժամկետում. «Անկեղծ եմ ասում` չեմ կարող ասել,- ասաց,- մարդիկ խավարից խոսելու փոխարեն թող մոմ վառեն, օգնեն հանձնաժողովին` հավասարակշիռ եւ բոլոր հարցերի պատասխանն ունեցող զեկույցի համար»: Ա. Շաբազյանն էլ նշեց, որ ԺՀ-ն հրապարակային է աշխատել, հասարակության հետաքրքրությունն ինչ-որ չափով բավարարել, իսկ հանձնաժողովի լիազորությունները չպետք է դատական մարմինների լիազորությունների հետ շփոթել:

Ելույթներում հնչեցին նաեւ խմբակցությունների տեսակետներ: Արմեն Մարտիրոսյանը հիշեց «Ժառանգության» առաջարկները դեռ մինչեւ Համարբերգի առաջարկը, որտեղ փաստահավաք խմբի մասին էլ կար, այդ առաջարկները չընդունվեցին, «Ժառանգությունն» էլ չներգրավվեց հանձնաժողովում, ԺՀ-ի նկատմամբ ընդդիմության բացակայության պատճառով վստահության պակասի մասին խոսեց: Արամ Սաֆարյանը նկատեց, որ ԺՀ խնդիրը քաղաքական գնահատական տալն է, եթե մարտի 1-ի էջը չշրջենք, նմանատիպ իրադարձություններից ապահովագրված չենք լինի. «Կոնսենսուս, երկխոսության մթնոլորտ եկեք ստեղծենք, բերեք երկխոսենք», ասաց: Ստեփան Սաֆարյանը գտավ, որ հասարակության հուզող հարցերի պատասխանը հանձնաժողովը մինչեւ հիմա չի տվել: Արծվիկ Մինասյանը, որ ԺՀ անդամ է, գտավ, որ քաղաքական գնահատականը պետք է հետեւի իրավական վերլուծությանը, իսկ հանձնաժողովի նկատմամբ հավատ, թեկուզ փոքր, բայց հասարակության մեջ կա: Առաջին նախագահը ինչո՞ւ էր բանակի գեներալներին կոչ անում շարժման կողմն անցնել, երկրորդ նախագահը, որ այս գործողության ժամանակ էր գործում, որեւէ բան արե՞լ է կանխարգելելու այսպիսի գործողությունների հետեւանք-մահերը, սրանք պարզելու խնդիր են, բայց եթե ամեն մեկը վերմակն իր կողմը ձգի, ճշմարտության չենք հասնի, ասաց Ա. Մինասյանը:

Այսօր հարցի քննարկումը կշարունակվի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4