«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2008-10-17 | #192, 2008-10-18 | #193, 2008-10-21


ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՌԱՋԻՆ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ 1 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ՀԵՏՈ

Սկսվել է դրա շինարարությունը օպերայի հրապարակի տակ

Օպերայի հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղի շինարարությունը երեկ քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի հիմնական թեման էր: Ինչպես հայտնեց քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը , շինարարությունն արդեն սկսել է եւ իրականացնում է իտալական «Ռենկո» ընկերությունը: Ավարտից հետո նոր ավտոկայանատեղը կդառնա Երեւանի քաղաքապետարանի սեփականությունը: Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ խնամքով ապամոնտաժվել են օպերայի հրապարակի հուշարձանները եւ դրանց պատվանդանները ու պահպանվում են հետագայում վերականգնելու համար: Նա նշեց, որ այդ հուշարձանները կառուցվել են 1957-ին եւ ենթակա են կապիտալ նորոգման:

Օպերայի հրապարակի տակ կառուցվելիք ստորգետնյա ավտոկայանատեղի մասին մանրամասներ հաղորդեց նախագծի հեղինակ, ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը : Նա հայտնեց, որ կայանատեղը վերջնականապես պատրաստ կլինի 1 տարի 6 ամիս հետո: Շինությունը կլինի եռահարկ, նախատեսված 500 ավտոմեքենաների համար, կունենա հզոր օդափոխման համակարգ, ժամանակակից ավտոմատիկա, ուժեղ սեյսմակայունություն: Շրջակա բոլոր խաչմերուկներում տեղակայված կլինեն էլեկտրոնային ցուցատախտակներ, որոնց վրա կերեւան կայանատեղում մեքենաների կայանման համար ազատ տեղերը: Թումանյան փողոցը կլինի միակողմանի: Ըստ Ռուբեն Հասրաթյանի, նախագիծը մշակվել է իտալական կողմի հետ համատեղ: Ավտոկայանատեղում կանգառը կլինի վճարովի եւ նրա կառուցումից հետո կարգելվի մեքենաների կայանում հարակից փողոցներում, ավելացնելով վերջիններիս թողունակությունը: Նախագծի հեղինակը նաեւ հայտնեց, որ առաջիկայում ստորգետնյա ավտոկայանատեղեր կկառուցվեն Շահումյանի, Սախարովի, «Էրեբունի» հյուրանոցի մոտակայքի, Ազնավուրի հրապարակներում, հետագայում նաեւ Ֆրանսիայի հրապարակում եւ Հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում:

Մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը ներկայացրեց նաեւ իր ղեկավարած ոլորտում կատարված աշխատանքներն անցած 9 ամիսների ընթացքում: Նա ընդգծեց, որ բոլոր աշխատանքներըՙ ասֆալտապատում, ճաքալցում, ոռոգման վերականգնում, վթարային 10 շենքերի ամրացում, կատարվել են անգամ ժամանակից շուտ: Ներկայումս ընթանում է Երեւան-Սեւան մայրուղու 3 կամուրջներից երկուսի վերակառուցումը, որը կավարտվի մեկ ամսվա ընթացքում, իսկ մեկի վերանորոգումն արդեն ավարտվել է: Նախատեսված 17 փողոցներից 15-ում լուսավորության աշխատանքներն ավարտվել են, եւս երկու փողոցիՙ Տիչինայի եւ Նորագավիթի, կավարտվեն մինչեւ այս ամսվա վերջ:

Ֆրունզ Բասենցյանը ավելացրեց, որ քաղաքապետարանը լրացուցիչ հանձնարարական է ստացել 4 օբյեկտների շինարարության համար: Դրանք են Ռիգայի փողոցը, որը միմյանց է կապում Սարալանջի մայրուղու մի ճյուղը Հրաչյա Քոչար փողոցի հետ, Աբովյան պուրակում վերգետնյա անցումը հետիոտների համար, Իսակովի պողոտայի Արգավանդի խաչմերուկում աջ շրջադարձի համար ճանապարհի կառուցումը եւ Մոնումենտիՙ բռնադատվածների հուշարձանի վերակառուցումը: Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը հավաստիացրեց, որ այդ ծրագրերը կավարտվեն նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4