Oքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեո վան Լինթը ազգությամբ հոլանդացի է, հոլանդերենից բացի ազատ խոսում է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն, հայերեն, իտալերեն, կարդում է լատիներեն եւ հունարեն: Հայերեն սովորելու ցանկությունը ծնվել է Լեյդենի համալսարանում սլավոնական լեզու եւ գրականություն ուսանելու տարիներին, 7 ամսով Լենինգրադ մեկնելուց եւ այնտեղից մի խումբ ուսանողների հետ առաջին անգամ 1983-ին Հայաստան այցելելուց հետո: Այն ժամանակ հայերի եւ հայկական մշակույթի մասին գիտեր միայն ռուս գրականությունից, հատկապես Արսենի Տարկովսկու ստեղծագործություններից, նաեւ ռուսաստանցի ընկերներից:
«Առաջին այցի ժամանակ հայաստանցիների հետ խոսում էի ռուսերեն, եւ երբ նրանց հարցնում էիՙ «Սիրո՞ւմ եք ռուս բանաստեղծներին», պատասխանում էինՙ «Այո, բայց մենք մեր բանաստեղծներն ունենք», պատմում է Թեոն եւ ժպտալով ավելացնում, որ նրանց անկեղծ պատասխանն իր մեջ հետաքրքրություն առաջացրեց ճանաչելու հայկական պոեզիան եւ կարդալու բնագրով, ինչի համար անհրաժեշտ էր սովորել հայերեն: Հոլանդիա վերադառնալուց հետո ուսումը շարունակում է Լեյդենի համալսարանի համեմատական լեզվաբանության ամբիոնումՙ հայագետ Յոս Վեյթենբերգի մոտ, 1987-ին ավարտում է երկրորդ մագիստրատուրանՙ գրաբարի եւ արեւմտահայերենի մասնագիտացմամբ: 1989-ի դեկտեմբերին գալիս է Հայաստան ու մնում է մինչեւ 1990-ի օգոստոսը, դառնում է Արցախյան շարժման ականատեսն ու մասնակիցը, հանդիպում ու զրուցում է տարբեր մասնագետների հետՙ բոլորից պահանջելով իր հետ խոսել միայն հայերեն:
«Հենց այդ ժամանակ սովորեցի խոսել արեւելահայերեն, մասնակցեցի այդ օրերի իրադարձություններին, ծանոթացա հայաստանցի մասնագետների հետ, ձեռք բերեցի ինձ համար շատ կարեւոր հայագիտական գիտելիքներ: Դրանից հետո Հայաստան եկա 1992-ին ու մնացի 2 ամիս: Շատ ծանր ժամանակներ էին, բայց կարողանում էի դիմանալ, որովհետեւ ամբողջությամբ տարված էի հայոց լեզվի իմացությունս խորացնելով եւ հայ միջնադարյան գրականությունն ուսումնասիրելով: Արմենուհի Սրապյանի ղեկավարությամբ պաշտպանեցի Կոստանտին Երզնկացու բանաստեղծությունների վերաբերյալ գիտական թեզը: Երզնկացու արվեստը հոգեւոր առումով չափազանց հարուստ է, ամբողջապես հագեցած քրիստոնեական գաղափարներով», ասում է Լեոն:
Օքսֆորդի համալսարանի հայագիտության ամբիոնը ղեկավարելու հրավեր ստանալը նրա կյանքում չափազանց ուրախալի իրողություն է եղել, որովհետեւ Հոլանդիայում հայագիտությամբ աշխատանք գտնելն անհնար է. «Դա բարդ խնդիր է եւ գոյություն ունի բոլոր այն երկրներում, որտեղ ուսումնասիրվում է հայագիտությունը: Օքսֆորդի համալսարան հրավիրվելն ինձ համար մեծ պատիվ էր, որովհետեւ ինձ հնարավորություն տրվեց շարունակելու անվանի հայագետ Ռոբերտ Թոմսոնի գործը»:
Թեո վան Լինթի հետ ծանոթացա Մատենադարանում հոկտեմբերի 9-11-ը տեղի ունեցած հայագիտական միջազգային գիտաժողովի ժամանակ: Մեծանուն հայագետ Լեւոն Խաչիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտական նստաշրջանում նա ոչ միայն հանդես եկավ հայերեն զեկուցումովՙ «Վարդան Անեցու Եզեկիելի տեսիլը եւ աստվածային արքայությունը», այլեւ գիտաժողովի երկրորդ օրվա նիստը վարեց հայերենի իմացության այնպիսի մակարդակով, որ անգլիական առոգանության բացակայության դեպքում հազիվ թե ունկնդիրը գլխի ընկներ, որ խոսողն օտարերկրյա հայագետ է:
Օքսֆորդի համալսարանում նա դասավանդում է գրաբար եւ ժամանակակից հայոց լեզու: Ուսանողները հայերեն սովորում են որպես երկրորդ լեզուՙ հունարենի, արաբերենի, թուրքերենի, պարսկերենի հետ, իսկ մագիստրատուրայում 2 տարի ուսանում են արեւելյան քրիստոնեություն եւ բյուզանդագիտություն: «Ուսանողներից երկուսն արտակարգ գիտելիքներ ունեն, հիմա աշխատում են իրենց դոկտորական թեզի վրա: Համալսարանում ամիսը երկու անգամ անցկացնում ենք հայագիտական սեմինարներ, որոնց ընթացքում ընթերցվում են հայոց պատմությանը, գրականությանն ու մշակույթին նվիրված զեկուցումներ: Ինձ համար շատ կարեւոր է, որ հայագիտական ամբիոնն ամուր կապեր ունի Լոնդոնում 2000-ին հիմնված հայկական ինստիտուտի հետ: Ես անդամակցում եմ վարչական խորհրդին, որի մեջ մտնում են Ռուբեն Գալիջյանը, Նուրիցա Մաթոսյանը, Պետո Էգոյանը եւ ուրիշներ», ասում է վան Լինթը:
Հաջորդ տարվա հայագիտական ծրագրերի մասին խոսելիս նա առաջին հերթին հայտնեց, որ «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության» նախաձեռնությամբ նախատեսվում է անցկացնել հայ գրականությանը նվիրված միջազգային գիտաժողով, որին կմասնակցեն ավելի քան 30 հայագետներ: Նույն ընկերակցության հետ պատրաստվում են հրատարակել հայագիտական ուսումնասիրությունների 6-հատորյակ, որոնցից ամեն մեկը կնվիրվի հայագիտության առանձին ճյուղիՙ հայ գրականությանը, պատմությանը, լեզվաբանությանը, հայ եկեղեցու պատմությանը, արվեստին, ճարտարապետությանը: Եկեղեցու պատմությանը նվիրված հատորը կկազմի հայր Լեւոն Զեքիյանը: Հատորներում կզետեղվեն միայն օտարալեզու հոդվածներՙ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Թեո վան Լինթը բազում մտահղացումներ ունի, սակայն դրանց մասին խոսել չի սիրում: Միայն ասաց, որ այժմ իտալահայ հայագետ Աննա Շիրինյանի հետ զբաղված է Գրիգոր Մագիստրոսի «Թղթերի» թարգմանությամբ եւ ուսումնասիրությամբ, իսկ հետագայում մտադիր է ուսումնասիրել Մկրտիչ Նաղաշի բանաստեղծական արվեստը:
Մեր զրույցի ավարտին Թեոն պայուսակից հանեց Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը, որն անբաժան է իրենից: Ամենամեծ փափագը Նարեկացուն հոլանդերեն թարգմանելն է, տաղերից մի քանիսն արդեն թարգմանել է, սակայն դեռ հսկայական աշխատանք ունի ավարտին հասցնելու: Մտադիր է հրատարակել հայ միջնադարյան ու ժամանակակից պոեզիայի ընտրանիՙ Նարեկացու, Շնորհալու, Քուչակի, Երզնկացու, Վարուժանի, Սիամանթոյի եւ Չարենցի բանաստեղծությունների հոլանդերեն թարգմանությամբ:
Հայերեն սովորելը Թեոյի համար բնավ դյուրին չի եղել, սակայն երբեք չի մտածել կիսատ թողնելու մասին, որովհետեւ հայ միջնադարյան բանաստեղծությունը, ճարտարապետությունն ու մանրանկարչությունը հարստացրել են իր ներաշխարհը, խորացրել աշխարհաճանաչողությունն ու ճանաչելի դարձրել հայ մարդու ոգեղեն ձգտումները:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ