ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սխալվում էինք` կարծելով, թե մարտի 1-2-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու վերաբերյալ հիմնական ելույթները ԱԺ դահլիճում դեռ նախորդ օրն են հնչել: Մեր սխալի պատճառն այն էր, որ վերջին ժամանակներս ոչ բոլոր խմբակցություններն էին իրենց տեսակետները բարձրաձայնում այս կամ այն հարցի կապակցությամբ: Երեւի «Ժառանգության», պատգամավորների ելույթները դարձան կարմիր լաթի այն կտորը, որը բարկացրեց քառակողմ կոալիցիայի բոլոր 4 թեւերին, եւ երեկ բոլորն իրենց պարտքն էին համարում մի լավ դաս տալ ժառանգականներին, մանավանդ որ Լարիսա Ալավերդյանի ելույթի 3 րոպեն դեռ մնացել էր, եւ նա երեկ թարմացրեց իր գործընկերների նկատառումները, թե մինչեւ չհնչի` ո՞վ է տվել կրակելու հրամանը, արդյոք ահաբեկչության սկզբունքով չի լռեցվել մարդկանց բողոքի ձայնը, եւ որ` հանձնաժողովը պետք է փոխի աշխատանքի մեթոդաբանությունը:
Ու... սկսվեց: Բոլորն սկսեցին հայտնի եւ անհայտ մեղքերի մեջ մեղադրել ժառանգականներին: Արմեն Աշոտյանը բավական հուզախառն ձայնով մենտորական տոն որակեց ժառանգականների խոսքի ուղղվածությունը` անվանելով նրանց պատասխանատվությունից խուսափողներ, «ով չի կարողանում աշխատել` դասավանդում է»: Հանձնաժողովի 8+ կազմով տիտանական աշխատանքին չօգնելու մեջ մեղադրեց բոլոր մյուս խորհրդարանականներին, հատկապես պետաիրավական հանձնաժողովին, մարդու իրավունքների պաշտպանին: Եվ շատ ուժեղ մի սահմանազատում մտցրեց, որը մտորելու տեղիք է տալիս. թե նրանք (խոսքն ուղղված էր բանտերում նստած պատգամավորներին եւ արտախորհրդարանական ընդդիմությանը) իրենց տեսակն են մենթալիտետի առումով, եւ վստահ էր, թե առանց «Ժառանգության» հենց, իշխանության եւ դրսի ընդդիմության հետ ուղղակի շփումներն ավելի օգտակար կլինեն, քան ուրիշի կրակին ձեռք տաքացնելը: Ինչպես տեսնում եք` հեռուն գնացող եզրակացությունների կարելի է հանգել այս ասածներից, մանավանդ որ պարզաբանման ժամանակ ավելացրեց, որ երկրի ղեկավարի եւ առաջին նախագահի վերջին հրապարակային ելույթներից հետո` այս քաղաքական ուժը («Ժառանգությունը»-Մ.Խ.) հայտնվելու է պատմության լուսանցքում (՞): Հովհաննես Մարգարյանը, որ ՕԵԿ տեսակետն էր ներկայացնում, հատուկ նշեց հանձնաժողովի թափանցիկ աշխատանքը, իսկ հանձնաժողովին քննադատողներին ասաց, թե ոչ ոքի չի հաջողվի այդպես դիվիդենտներ շահել` այդ դիվիդենտները կլինեն «ճղճիմ, նողկալի», քանի որ հանձնաժողովը հսկայածավալ աշխատանք է կատարել, թեեւ Մարգարյանը չէր կարող ասել, թե հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները կատարել է:
Ավելի կոռեկտ էր ՀՅԴ տեսակետը ներկայացնող Վահան Հովհաննիսյանը. նա ուղղակի անխոհեմ անվանեց հենց սկզբից եւ հիմա էլ հանձնաժողովի հանդեպ անվստահություն սերմանողներին-հանձնաժողովի համար մի բան չանողներին, իսկ հասարակությանը տեսակների բաժանել էլ խորհուրդ չտվեց, ինչը կտանի ազգի պառակտման: Նրա կարծիքով, հանձնաժողովին լիազորություններ եւ հնարավորություն չտալով պահանջում ենք նրանից. ՀՅԴ-ն, մի խոսքով, կողմ է ժամկետի երկարացմանը, եթե պետք է լինի` էլի երկու ամսվա համար կողմ կքվեարկի:
Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, հարցրեց ԲՀԿ տեսակետը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը «Ժառանգությանը», ինչո՞ւ նման կարեւոր քննարկումներին նա չի լինում Հայաստանում... Ըստ նրա` հանձնաժողովը եւ կոալիցիան վերցրել են պատասխանատվություն, «Ժառանգությունը»` ոչ, եւ այդ պատասխանատվությունից ելնելով են դիմում խորհրդարանին` երկարաձգելու հանձնաժողովի աշխատելու ժամկետը: Եթե ունենար բոլոր հարցերի պատասխանները, այսօր հանձնաժողովը կամփոփեր իր աշխատանքն ու այն ավարտված կհամարեր. «Այո, հանձնաժողովը եւս տարբեր հարցերի վերաբերյալ ունի տարակույսներ... կոնկրետ ինձ համար տարօրինակ է, թե ինչպես կարող էր Պարոնյան փողոցում հայտնվել խոճկոր, այն էլ հորթի լեզվով», ասաց նա` նկատելով, որ այս բոլորը պարզելու համար ժամանակ է պետք, իսկ «Ժառանգությունը» փորձում է «պոդնոժկա» տալ հանձնաժողովին:
Հարակից զեկուցող եւ հանձնաժողովի անդամ Արտաշես Շահբազյանն ավելացրեց, որ իրենց համար էլ պարզելու բաներ դեռ կան, օրինակՙ առավոտյան ոստիկանները տեղազննությա՞ն են եկել, թե հրապարակն ազատելու, ընդդիմությունը դիմադրել է նախապատրաստվա՞ծ, թե տարերայնորեն, իշխանության բռնազավթման փորձ եղե՞լ է, թե ոչ: Իսկ ամենակարեւոր հարցը հանձնաժողովի վստահության հարցն է, որ հենց սկզբից կասկածի տակ դրեց ընդդիմությանը, եւ այդ հրահանգը տրվեց բոլորին` անվստահության քարոզչություն տանել: Ընդդիմությունն էլ թող մասնակցեր եւ քաղաքական հայտարարություններ աներ, իսկ եթե չի մասնակցել` հարց է առաջանում, իսկ գուցե ճշմարտության բացահայտումն այնքան էլ ձեռնտու չէ, հարցրեց Շահբազյանը:
Այս ելույթներից հետո հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էլ վերցրեց ու հանձնաժողովի համար ոչ թե 2 ամիս ուզեց, այլ` չորս, մինչեւ 2009-ի փետրվարի 25-ը, սա փաստորեն կարող է կանոնակարգի խախտում լինել, քանի որ օրակարգ նախապես բերվել է 2 ամսով երկարացնելու հարցը. «Ինչի՞ն եք դեմ, որ ժամանակ լինի առավել հավասարակշռված, առավել փաստարկված զեկույց ներկայացնի՞», հարցրեց նա էլի «Ժառանգությանը»: Ապա ավելացրեց, թե հանձնաժողովի աշխատանքից տեղյակ չլինելով` ինչպե՞ս են խոսում սխալ մեթոդաբանությունից: Ապա բարկացավ` սխալ էր ժամանակ ծախսելը` խորհրդարանական ընդդիմությանն անընդհատ հրավիրելով աշխատելու, դիտարկելով որպես ինքնուրույն ուժ, երեւի միայն Տեր-Պետրոսյանին պետք է դիմեր, քանի որ ամեն ինչ նա է որոշում: Իսկ փաստահավաք խումբը, ըստ Նիկոյանի տեսակետի, ստեղծվում է, որ ընդդիմությունը մասնակցի եւ փրկի իր դեմքը ե՛ւ հասարակության, ե՛ւ միջազգային հանրության առջեւ: Նրա կարծիքով` ընդդիմությունն անպայման կգնա այնտեղ աշխատելու, քանի որ «այս հանձնաժողովը ստեղծվում է ՀՀՇ-ի Գեւորիկի համար, եւ այլոց գոքորիկների համար ակտիվ պետք է մասնակցել»:
Նա կարեւորեց առաջին եւ երկրորդ նախագահներին հանձնաժողով հրավիրելը: Տեր-Պետրոսյանի մասով էլ ասաց. «Մերոնք աստվածածին են կամ աստծո ընտրյալ են, չեն կարող հասարակ մահկանացուի նամակին պատասխանել»` երբ համեմատում էր, թե ոնց են ամերիկացի հանձնաժողովականները հարգում իրենց պետությունն ու նախագահին: Երկրորդ նախագահն էլ, որ հրապարակավ հայտարարեց, թե ցուցարարներն ավտոբուսի հետեւից կրակում եւ «պախկվում» էին, հանձնաժողովն ուզում է իմանալ, ո՞վ է տվել այդ տեղեկատվությունը նրան, քանի որ ոստիկանության մեջ հրազենային վիրավորներ չկան:
Ի դեպ, երեկ այս ժամանակավոր հանձնաժողովում լսեցին Ա1+-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանին, որը նկարել էր իբր մարդկային ծնոտի արյունոտ կադրերը, եւ որը, պարզվեց, պրակտիկանտ է եղել, փորձի պակաս է ունեցել: Օպերատորը փաստեց, որ մարտի 1-ի ժամը 17-ից աշխատելով դեպքի վայրում, ժամը 22-ի կողմերը կրակոցների ձայներ է լսել Գր. Լուսավորիչ եւ Պարոնյան փողոցների խաչմերուկի կողմից, գնացել է այնտեղ, ուր նաեւ կանչել են այնտեղ ներկա եղողները, այնտեղ նկարահանել ու նաեւ տեսել է ոսկորի կտորներ, լերդացած արյուն` մոտ 3 սմ հաստությամբ, 1 քմ տարածքի վրա, լեզու չի տեսել, ինչ-որ սպիտակ մաս է տեսել: Հովսեփի նկարահանած ողջ հում նյութը տեսաերիզով Ա1+-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը հանձնեց հանձնաժողովին, վկայեց, որ այդ տեսանյութը մոնտաժված չէ, իսկ այնտեղ եղածի փորձաքննությունը պետք է անեն արդեն մասնագետները: Արյան լճակի գոյությունը գիշերվա 12-ի սահմաններում տեսել է նաեւ լրագրող Ծովինար Նազարյանը, ում հանձնաժողովը եւս հրավիրել էր:
Ի դեպ, նաեւ այս տեսանյութի (արյան լճակի կադրերի) փորձաքննության պատասխանը եւս ստացվել էր դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնից, որտեղ կրկին ներկայացվեց, թե պատկերված լեզուն եղջերավոր կենդանու լեզվի է նման, իսկ լուսանկարի ծնոտի ատամները` խոզի սեղանատամների: