Սակայն նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը շարունակում է ցածր մնալ
Այս տարվա սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է շուրջ 13232 գործարք, ինչը 1,3 տոկոսով ավելի է օգոստոսին կատարված գործարքների եւ 0,9 տոկոսովՙ անցած տարվա սեպտեմբերին կատարվածների համեմատ: Այս մասին տեղեկացանք անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի սեպտեմբեր ամսվա վերլուծության տվյալներից:
Սեպտեմբերին կատարվել են 4739 օտարման գործարքներ, որոնց մեջ առուվաճառքի գործարքները կազմել են 79,4 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարման գործարքների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է 7 տոկոսով, բայց նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել 7,9 տոկոսով:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 60,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 9,5 տոկոսով, բայց նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ նվազել 14,4 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ փոխվել են աննշան, աճելով 0,1 տոկոսով: Հիշեցնենք, որ օգոստոսին բնակարանների գները Երեւանում նվազել էին 1,8 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները սեպտեմբերին այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2007 թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008 թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2008 թ. |
Կենտրոն | 455800 | 486500 | 483600 |
Արաբկիր | 377100 | 403600 | 412300 |
Քանաքեռ-Զեյթուն | 282700 | 311400 | 308400 |
Նոր Նորք | 242800 | 273000 | 278100 |
Ավան | 237200 | 272600 | 271100 |
Էրեբունի | 243700 | 275200 | 275000 |
Շենգավիթ | 254100 | 285500 | 284500 |
Դավթաշեն | 267600 | 307300 | 297700 |
Աջափնյակ | 248000 | 276000 | 278000 |
Մալաթիա-Սեբաստիա | 236900 | 259400 | 265400 |
Նուբարաշեն | 127400 | 160000 | 155100 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 270300 | 301000 | 300800 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, բնակարանների միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 1,5 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարաններն Աբովյանում են, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 177 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 171 հազար դրամ, Ծաղկաձորումՙ 164 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը, 1 քմ-նՙ 140 հազար դրամ, Ջերմուկըՙ 135 հազար դրամ, Մասիսը եւ Նոր Հաճընըՙ 132 հազար դրամ:
Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 458 գործարք, որից 109 Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը օգոստոսի համեմատ աճել է 11,2 տոկոսով, իսկ մարզերումՙ 11,1 տոկոսով: 2007-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 37,7 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 16,5 տոկոսով:
Միջին շուկայական գները Երեւանում սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 1,1 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն ըստ Երեւանի համայնքների, սեպտեմբերին կազմել են.
Համայնքներ | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2007 թ. | Միջին գները (դրամ) սեպտեմբեր 2008 թ. | Միջին գները (դրամ) օգոստոս 2008 թ. |
Կենտրոն | 472300 | 506700 | 504700 |
Արաբկիր | 390500 | 437400 | 436400 |
Քանաքեռ Զեյթուն | 287200 | 322900 | 320700 |
Նորք-Մարաշ | 243000 | 304400 | 298900 |
Ավան | 242700 | 288000 | 284700 |
Էրեբունի | 249100 | 288700 | 286900 |
Շենգավիթ | 259800 | 292000 | 291000 |
Դավթաշեն | 272600 | 322700 | 316000 |
Աջափնյակ | 254800 | 299400 | 295400 |
Մալաթիա-Սեբաստիա | 240200 | 291200 | 284400 |
Նուբարաշեն | 131400 | 163900 | 161700 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 276700 | 319800 | 316400 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գներն ավելացել են 1,9 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում են, 1 քմ-նՙ 260 հազար դրամ, որտեղ պահպանվում է գների արագ աճի տեմպը: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 191 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն է, 1 քմ-նՙ 176 հազար դրամ, այնուհետեւ Աշտարակըՙ 144 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 141 հազար դրամ, Մասիսըՙ 139 հազար դրամ, որոնց մոտեցել է Իջեւանըՙ 138 հազար դրամ:
Ինչ վերաբերում է հողի շուկային, ապա 2008-ի սեպտեմբերին 2007-ի սեպտեմբերի համեմատությամբ հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 10,5 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 3,5 տոկոսով, իսկ 2007-ի սեպտեմբերի համեմատ աճել 11,6 տոկոսով:
2008-ի սեպտեմբերին անշարժ գույքի իրականացված 2138 գրավադրման գործարքներից 145-ը հիպոթեկային գրավադրման գործարքներ են, որից 110` Երեւանում:
Ամփոփելով, կարող ենք փաստել, որ օգոստոսին արձանագրված առուվաճառքի գործարքների եւ գների որոշ նվազման համեմատ, սեպտեմբերին աշխուժությունն այստեղ որոշ չափով ավելացել է, բայց նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գործարքների քանակը շարունակում է ցածր մնալ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ