Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 4-րդ տուրում տղամարդկանց մրցաշարում ուշադրության կենտրոնում երկու առաջատարների` «Միկայի» եւ «Ուրալի» մրցավեճն էր: 3-ական հաղթանակ տոնած մրցակիցների հանդիպումն անցավ համառ մրցապայքարում: «Միկան» մրցասպարեզ էր դուրս եկել մարտական կազմով: Առաջին խաղատախտակին խաղում էր թիմում ամենաբարձր անհատական վարկանիշն (2786) ունեցող Մագնուս Կառլսենը, որը ոչ-ոքի խաղաց «Ուրալը» գլխավորող Թեյմուր Ռաջաբովի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանն իր անդրանիկ հաղթանակը տոնեց` պարտության մատնելով Գատա Կամսկուն: Կրկին հիանալի խաղաց 6-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արման Փաշիկյանը` հերթական հաղթանակը տոնելով Ալեքսանդր Մոտիլյովի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեցին Սարգսյան-Գրիշչուկ, Գելֆանդ-Շիրով պարտիաները: Մեր թիմից միակ պարտությունը կրեց Ջոբավան` զիջելով Վլադիմիր Մալախովին:
Այսպիսով, «Միկան» հույժ կարեւոր հաղթանակ տոնեց 3,5-2,5 հաշվով եւ 8 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Նույնքան միավոր ունեն «Բադեն Բադենը» եւ Սարատովի «Էկոնոմիստը»: «Բադեն Բադենը», որի հետ «Միկան» մրցելու է 5-րդ տուրում, 4-2 հաշվով հաղթեց Սարանսկի ՏՊՍ-ին, իսկ «Էկոնոմիստը» առավելության հասավ «Լինեքս Մեջիկի» նկատմամբ (3,5-2,5): Վերջինիս կազմում հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան չին շախմատիստ Նի Հուայի հետ: Բոլոր պարտիաներում շահած միավորներով առաջին հորիզոնականում է «Բադեն Բադենը» (18): Առաջատարին կես միավորով է զիջում «Էկոնոմիստը», իսկ «Միկան» 15,5 միավորով 3-րդ տեղն է զբաղեցնում: «Բադեն Բադենի» հետ կայանալիք մրցախաղը շատ կարեւոր է «Միկայի» համար: Հաղթանակի դեպքում մեր թիմը չեմպիոնի տիտղոսը նվաճելու լուրջ հայտ կներկայացնի:
Մեր մյուս երկու թիմերն էլ հաղթանակներ տոնեցին, այն էլ խոշոր հաշվով: ՖԻՄԱ-ն պարզապես ջախջախեց Լյուքսեմբուրգի «Գամբիտին»` հաղթելով բոլոր 6 պարտիաներում էլ: Իրենց օգտին մեկական միավոր գրանցեցին Անդրեասյանը, Մելքումյանը, Գրիգորյանը, Հայրապետյանը, Համբարձումյանը եւ Հակոբյանը: «Բանկերի արքան» էլ 5-1 հաշվով պարտության մատնեց «Էյնաթենին»: Իրենց պարտիաները շահեցին Վահանյանը, Հարությունյանը, Քոթանջյանը եւ Մինասյանը, ոչ-ոքի խաղացին Լպուտյանն ու Անաստասյանը: «Բանկերի արքան» 6 միավորով (ընդհանուր միավորների քանակը` 18) 9-րդ տեղում է, իսկ ՖԻՄԱ-ն 4 միավորով (13,5) զբաղեցնում է 27-րդ տեղը:
Հայաստանի թիմերում ընդգրկված շախմատիստներից առայժմ բոլորից հաջող են հանդես գալիս Արման Փաշիկյանը («Միկա») եւ Արտաշես Մինասյանը («Բանկերի արքա»), որոնք հաղթել են բոլոր չորս պարտիաներում: 4 հնարավորից 3,5 միավոր է վաստակել Վրաստանում բնակվող Դավիթ Հարությունյանը («Բանկերի արքա»): Նրա խաղընկեր Ռաֆայել Վահանյանը եւ «Միկայում» հանդես եկող Բորիս Գելֆանդը 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր:
4-րդ տուրը հաղթական էր նաեւ կանանց «Միկա» թիմի համար, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Պոլիտեխնիկին»: Մեր թիմին հաղթանակներ պարգեւեցին Էլինա Դանիելյանն ու Նինո Խուրցիձեն` առավելության հասնելով համապատասխանաբար Ելենա Կոսմայի եւ Ժոզեֆինա Պաուլետի նկատմամբ: Չիբուրդանիձեն հաշտություն կնքեց Իզաբելա Պեպտանի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Ալինա Մոտոցին:
«Միկան» 4 տուրից հետո 5 միավորով 8-րդ տեղում է: 7-ական միավորով առաջատարներն են «Սպարտակը», Մոնտե Կառլոյի թիմն ու EPAM-ը: Ընդհանուր միավորների քանակով (12) աղյուսակը գլխավորում է «Սպարտակը», իսկ մյուս երկու թիմերն ունեն 11-ական միավոր: 5-րդ տուրում «Միկան» կմրցի Սարատովի «Էկոնոմիստի» հետ: «Միկայում» 2-ական միավոր են վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Նինո Խուրցիձեն, ընդ որում վերջին երկուսը` 3 հնարավորից: Չիբուրդանիձեն անցկացրած երեք պարտիաներն էլ ավարտել է ոչ-ոքի: 1,5 միավոր է վաստակել նաեւ Կատերինա Լահնոն: Բացի Չիբուրդանիձեից, պարտություն չունի նաեւ Խուրցիձեն:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ