Այսօր Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարի առաջին փուլում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը (գլխավոր մարզիչՙ Սամվել Պողոսյան) Իսպանիայում կմրցի Անգլիայի իր հասակակիցների հետ: Երկու օր անց մեր ֆուտբոլիստները կհանդիպեն իսպանացիների հետ, իսկ ավարտական խաղը Էստոնիայի ընտրանու հետ կկայանա հոկտեմբերի 27-ին:
ՀՀ պատանեկան հավաքականը կազմավորված է բացառապես առաջին խմբում հանդես եկող «Պատանի» թիմի ֆուտբոլիստներից: Ինչ խոսք, նկատի ունենալով մեր հավաքականների անփառունակ ելույթներն ընթացիկ մրցաշրջանում եւ մինչեւ 17 տարեկանների հավաքականի ներուժը, նաեւ ուժեղ մրցակիցները հանձինս Անգլիայի ու Իսպանիայի, անկեղծորեն խոստովանենք, որ որեւէ սպասելիք մեր պատանիներից դժվար է ակնկալել: Մնում է միայն հուսալ, որ մեր ֆուտբոլիստները խայտառակ հաշիվներով չպարտվեն, ինչպես դա տեղի ունեցավ մինչեւ 17 տարեկան աղջիկների հավաքականի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ