Այս մասին երեկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զարգացող, շրջափակված եւ փոքր-կղզի պետությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Չեյք Սիդի Դիարան, որը Երեւանում է գտնվում մասնակցելու համար Կրթության եւ զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովին: Աշխարհում 44 երկրներ, որոնցից 15-ըՙ Աֆրիկայում, 14-ըՙ Եվրոպայում, 12-ըՙ Ասիայում, 2-ըՙ Հարավային Ամերիկայում, ելք չունեն դեպի օվկիանոս: Իսկ դեպի ծով ելք չունեցող երկրների կոնֆերանսում ներգրավված են 31 երկիր:
Չեյք Սիդի Դիարան այն կարծիքը հայտնեց, որ նման կարգավիճակ ստանալն ու կոնֆերանսի երկրներին միանալը կօգնի Հայաստանին ստանալու միջազգային հանրության աջակցությունը մի շարք առաջնահերթությունների մասով: Դրանք ենՙ պայմանների ապահովում տեղական ապրանքների ինքնարժեքի նվազեցման եւ մրցունակության բարձրացման համար, տարածաշրջանային ենթակառուցվածների զարգացում, առեւտրի զարգացում եւ աջակցություն արտաքին պարտքի կրճատմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ կարեւորեց Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ դրան զուգահեռ ենթակառուցվածքների ստեղծումը: Նա նաեւ ընդգծեց տեղեկատվական հասարակության ձեւավորման կարեւորությունը:
Ա. Մ.