Կասկածանք չի հարուցում, որ ԼՂՀ առողջապահության համակարգը դեռեւս հեռու է բավարար լինելուց, այս տեսակետին հակված են ոչ միայն բուժհաստատություններ դիմող քաղաքացիները, այլեւ հանրապետության գործադիր իշխանությունը:
Թերեւս նույն այս մտահոգությամբ, ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպում է ունեցել առողջապահական համակարգի պատասխանատու աշխատողների հետ: Վարչապետն, ընդհանուր առմամբ, անբավարար է գնահատել առողջապահության ոլորտի բարեփոխումների ընթացքը: Նա մտահոգություն է հայտնել, մասնավորապես, Արցախում մահացության դեպքերի կապակցությամբ, երբ ԼՂՀ-ում մեկ հիվանդի հաշվով պետական ֆինանսավորման մասնաբաժինը շոշափելիորեն ավելի շատ է, քան Հայաստանի Հանրապետությունում կամ արտերկրում:
Անհրաժեշտ է ունենալ եւ կյանքի կոչել բնակչության առողջության պահպանման ու վերականգնման համալիր ծրագիր, նշել է վարչապետը, հավելելով, որ թեպետ պետությունը համակարգում ներդրումների ծավալը շարունակաբար մեծացնում է, սպասվող արդյունքներն անհամարժեք են: Նրա համոզմամբ, ոլորտի ֆինանսավորման ավելացումն ու բարեփոխումների արդյունավետության աճը պետք է զուգահեռ ընթանան: Իսկ առողջապահության համակարգի գործունեությունից պետք է գոհ լինեն բոլորը` թե՛ կառավարությունը, թե՛ բնակչությունը:
Ոլորտում նպատակային նոր քաղաքականություն իրականացնելու համար Արա Հարությունյանը համակարգի ղեկավարությանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ եւ հիմնավոր առաջարկությունների ու ուսումնասիրությունների հիման վրա մշակել բնագավառի զարգացման նոր ծրագիր, որի առանցքային խնդիրները պետք է լինեն բուժծառայության որակի բարձրացումն ու անցանկալի երեւույթների բացառումը
Վարչապետը ներկաներին նաեւ իրազեկել է, որ ԼՂՀ 2009-ի պետբյուջեով նախատեսվում է 400 մլն դրամով ավելացնել առողջապահության ֆինանսավորումը, որն ամբողջովին կուղղվի վարձատրության բարձրացմանը` շուրջ 30 տոկոսով ավելացնելով բուժաշխատողների աշխատավարձը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ