«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2008-10-21 | #194, 2008-10-22 | #195, 2008-10-23


ԿՐՔԵՐԸ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ ԿՐԿԻՆ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ

Միմյանց քննադատող հոդվածներ, մամլո ասուլիսներ տարբեր ճակատներում, պիտակներ եւ որակումներ: «Նոր դար» ընկերության ղեկավար եւ Գրողների միությունից (ԳՄ) հեռացված Աբգար Ափինյանը քննադատում է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի պոեզիան, զարմանում եւ զայրանում նրան պետական մրցանակ շնորհելու առնչությամբ` միաժամանակ չզլանալով որակավորել Գրողների միության աշխատանքն ու նրա նախագահին: ԳՄ-ում էլ այս ամենը միայն աթոռակռիվ ու պառակտիչ գործունեություն են համարում:

Գրողներ Ալեքսանդր Թոփչյանն ու Ռուբեն Հովսեփյանը խնդրին այլ կողմից են մոտենում: Նրանք համոզված են. հարցն արժանի չէ այսքան մեծ ուշադրության ու բարձրացված աղմուկին: «Գրողների միությունը կոմունիստական կառույց է, հարկավոր է բարեփոխել, բայց չի կարելի քանդել` առանց ունենալու նորը, առանց հասկանալու, թե ինչով կարող ենք փոխարինել: ԳՄ-ն կենդանի օրգան է, շնչում է եւ ապրում: Գրականության զարգացումը չի կարող Լեւոն Անանյանի գործառույթը լինել: Նրա անելիքը պետք է ստեղծագործողների համար քննարկումների վայր հիմնելը լինի: ԳՄ ոչ մի քարտուղար չի կարող ինձ ստիպել լավ գրել», ասում է Ռուբեն Հովսեփյանը: Ալեքսանդր Թոփչյանն էլ վստահ է, ասելիք ունեցող ստեղծագործողը պետք է խուսափի ԳՄ նախագահի աթոռից: «Գրողների միությունը կարող է իր անդամներին միավորել հասարակական եւ քաղաքական խնդիրների շուրջը, կարող է մթնոլորտ ստեղծել եւ իր մամուլում արժեւորել նոր ստեղծագործությունները: Սակայն գրողի աշխատանքն անհատական է, ոչ ոք նրան չի կարող պարտադրել արժեքավոր գործ ստեղծել», նշում է Ալեքսանդր Թոփչյանը: Դժգոհություններ Լեւոն Անանյանից Ալեքսանդր Թոփչյանն էլ ունի, սակայն, ինչպես ինքն է ասում, գերադասում է այդ մասին հենց նրան ասել ու դրանով հանդերձ, չի ժխտում, որ ԳՄ նախագահը որոշակի աշխատանք կատարել է: «Դանդաղաքայլ, բայց գրողի հեղինակությունը հասարակության շրջանում բարձրանում է: Սկսվել է լուրջ համագործակցություն սփյուռքի հետ, ուշադրություն է դարձվում երիտասարդ գրողներին: Մեր երազանքն էր օտարալեզու հայ գրողներին միավորել Հայաստանի շուրջը եւ այսօր դա արվում է», ասում է Ալեքսանդր Թոփչյանը: «Ավելի կարեւոր է խոսել մեր գրական կյանքի մասին, արվածի եւ չարվածի: Մինչդեռ այսօր կենտրոնացել ենք Աբգար Ափինյանի եւ նրա հեռացման վրա: Իրականում Գրողների միություն Հրանտ Մաթեւոսյանի հետ Աբգար Ափինյանը որպես օժիտ եկավ: Սկսեց մեծ գործունեություն ծավալել: Հրանտ Մաթեւոսյանը ուշ հասկացավ, թե ով է իր հետ եկել: Հրանտ Մաթեւոսյանը երբեք չէր հայհոյել, սակայն իմ ներկայությամբ հայհոյեց Աբգարին», ասում է Ռուբեն Հովսեփյանը: Այսօր, երբ Աբգար Ափինյանին հեռացրել են միությունից, վերջինիս ընդդիմադիրի կեցվածքը գրողներին տարօրինակ է թվում: «Նրա հեռացումը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի եւ թող իրեն բնավ էլ Պաստեռնակին չնմանի», նշում է Ռուբեն Հովսեփյանը:

Ի դեպ, գրողների հավաստմամբ, վերջին 40 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ միությունից գրող են հեռացնում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4