«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2008-10-21 | #194, 2008-10-22 | #195, 2008-10-23


ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը մոտենում է վերջնագծին եւ միավորի յուրաքանչյուր կորուստ կարող է վճռորոշ լինել: Այս առումով «Միկայի» համար չափազանց կարեւոր էր առաջատարներից մեկիՙ «Բադեն Բադենի» հետ մրցավեճը: Հաղթանակի դեպքում «Միկան» հնարավորություն կունենար մրցաշարի ավարտից 2 տուր առաջ գլխավորելու աղյուսակը եւ պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար: Ցավոք, դա մեր շախմատիստներին չհաջողվեց: «Միկան» պարտվեց 2,5-3,5 հաշվով ու զգալիորեն վատթարացրեց իր մրցաշարային իրավիճակը:

Առաջին երեք խաղատախտակների վրա գրանցվեց ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Կառլսենն ու Սվիդլերը, Արոնյանն ու Բաքրոն, Գելֆանդն ու Նիսիպեանուն: Վճռորոշ եղան մյուս երեք խաղատախտակների վրա անցկացված պարտիաները: Ցավոք, Արման Փաշիկյանը, որ մինչ այդ 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել, այս անգամ պարտվեց Պենտալա Հարիկրիշնային: Պարտություն կրեց նաեւ Գաբրիել Սարգսյանըՙ զիջելով Արկադի Նայդիչին: Վալյեխոյի նկատմամբ Տիգրան Պետրոսյանի հաղթանակն այլեւս չէր կարող ոչինչ փոխել:

Այս պարտության հետեւանքով «Միկան» նահանջեց 11-րդ հորիզոնական: Թիմը վաստակել է 8 միավոր (ընդհանուր միավորների քանակըՙ 18): 6-րդ տուրում «Միկան» կմրցի Սարանսկի ՏՊՍ-ի հետ: Առաջատարը «Բադեն Բադենն» էՙ 10 միավոր (21,5): 9-ական միավոր ունեն Կիեւի ՊՎԿ-ն (24) եւ Սարատովի «Էկոնոմիստը» (20,5): 8 թիմեր վաստակել են 8-ական միավոր:

Տուրն անհաջող էր նաեւ «Բանկերի արքայի» համար, որը եւս պարտվեցՙ 2,5-3,5 հաշվով զիջելով «Մուելհայմին»: Մեր թիմում կրկին հիանալի խաղաց Արտաշես Մինասյանը, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Գերհարդ Շեբլերին: Ցավոք, դա մեր շախմատիստների միակ հաղթանակն էր: Վահանյան-Լագրավե, Քոթանջյան-Պոտկին, Անաստասյան-Սալթաեւ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լպուտյանը զիջեց Լանդային, Հարությունյանն էլ պարտվեց Ֆրիդմանին:

«Բանկերի արքան» 6 միավորով 16-րդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ ՖԻՄԱ-ն (21-րդ տեղ), որը 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Ուսանող շախմատիստները 4,5-1.5 հաշվով հաղթեցին «Մենդրիսիոյին»: Իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին Ավետիք Գրիգորյանը, Արման Հայրապետյանը, Յուրի Համբարձումյանն ու Հովիկ Խալիկյանը: Զավեն Անդրեասյանը ոչ-ոքի խաղաց Գոդենայի հետ, իսկ Մելքումյանը պարտվեց Բելինիին:

Անհաջող հանդես եկավ նաեւ կանանց «Միկա» թիմը: Մեր շախմատիստուհիները 1,5-2,5 հաշվով զիջեցին Սարատովի «Էկոնոմիստին»: Այստեղ մրցամարտի ելքը վճռեց Էլինա Դանիելյան-Հարիկա Դրոնավալի պարտիան, որում հայ շախմատիստուհին պարտվեց: Չիբուրդանիձեն եւ Ուշենինան, Լահնոն ու Պյոտցը, Խուրցիձեն ու Կովանովան հաշտություն կնքեցին: Այս պարտությունը կարող է ճակատագրական լինել «Միկայի» համար: Թիմը 5 միավորով 10-րդ տեղում է: Մինչդեռ առաջատարըՙ Մոնտե Կառլոյի թիմը վաստակել է 9 միավոր: Վերջինս 5-րդ տուրում 3-1 հաշվով հաղթեց «Ասպրոպիրգոսին»: 8-ական միավորով 2-3-րդ տեղերում են «Սպարտակն» ու EPAM-ը: Նրանց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի (2-2):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4