Արվեստը ինքնարտահայտման ձեւերի լայն հնարավորություն է ստեղծում. տաղանդավոր արվեստագետը, որպես կանոն, բազմակողմանի օժտվածություն է ունենում: Գրական լսարանին որպես բանաստեղծ հայտնի Արտաշես Արամը (Ղազարյան) բազմաթիվ ժողովածուների հեղինակ է` քնարական, խոհափիլիսոփայական ուղղվածությամբ:
Ժողարվեստի թանգարանում բացված նրա կոլաժային աշխատանքները անակնկալ հայտնություն էին իրեն ճանաչողների համար: Անակնկալ` ոչ այնքան արվեստի տեսակի ընտրության, այլ տվյալ ժանրի` տարակերպ, մտածողական բազմաշերտ արտահայտության տեսանկյունից: Կոլաժը, գեղանկարչության ու քանդակագործության տարրերը յուրահատուկ զուգորդումներով արտահայտչամիջոցներ են դարձել` բանաստեղծական ներաշխարհային կուտակումներով: Որպես ֆոն ծառայեցվել է կտավը` գեղանկարչական նախատրամադրող ֆակտուրայով, գունային միջավայրով: Ներկայացված են ավելի քան 80 աշխատանք. մարդկանց հոծ խմբերի միջից դրանք ընդհանուր հայացքով դիտարկելն իսկ դժվար է, սակայն էքսպոզիցիան այնքան մտածված է ներկայացված, որ անգամ ինտուիցիայով կարելի է հետեւել արվեստագետի մտքի ներքին շարժին, ընթերցել այս ընդհանուր կտավի բազմաբարդ սյուժեն: Իսկ դա մի պատմություն է մարդկային կյանքի ու ժամանակի մասին, որտեղ կա ե՛ւ ցավ ու ուրախություն, ե՛ւ հրճվանք ու հույս, ե՛ւ տագնապ ու վախ: Սա անցյալի ու ներկայի, ըմբոստության ու խոհականության, երազի ու իրականության, իդեալի, պատմական ու գրական կերպարների ծավալուն կոմպոզիցիա է, կարելի ասել` ասք ժամանակի մասին: Սրանք արվեստագետի, մարդու, քաղաքացու տագնապների, խոհերի, ապրումների բուռն պոռթկումի դրսեւորումներ են, որոնք հարուստ ձեւ ու կերպարանք են առել ամենատարբեր` մեր կյանքից կամ առօրյայից արտաքսված, հաճախ անպետք համարվող աննշան իրերի ու դրանց մնացորդների միջոցով: Իր ներքին մտածումներն արտահայտելու համար նա դիմում է մերթ մետաղի, ապակու, թղթի, ժանյականման կտորի, մերթ քարի, փայտի, ցանցի, տիկնիկի, փետուրի, ձողի: Եվ զարմանալի հմտությամբ ու զգայունությամբ է նյութը հարմարեցնում թեմային, տվյալ պահի մտածողությանը, ներշնչանքին: Դրանք մտահղացվել են որոշակի շարքերով: Օրինակՙ կյանքի արտաքին փայլը` մակերեսը պերճաշուք իրերի դեկորներով, ներկայացված շատ ավելի գեղագիտորեն` նրբագեղ իրերով, ուլունքներով, հյուսվածքներով, գունագեղ ապակու, ճենապակու կտորներով: Կյանքի շպարը, կեղծիքը արտահայտված են թատերայնություն արտահայտող դիմակներով. հեղինակի հեգնախառն երկխոսություն-միջամտությամբ այստեղ կյանքի նյութը երկակի արտահայտություն է ստացել` քարի համառ լրջությունը հավասարակշռելով դիմակի ծուռ ժպիտին:
Ուշագրավ են քարի, բնական հումքի նկատմամբ արվեստային նրա հայացքը: Քարի ձեւը, ներքին կառույցը տեսնելը շատ հմուտ է օգտագործվել մանրաքանդակային ժանրում: Այստեղ Արտաշես Արամը բնանյութերով պատումի հրաշալի շարք է ստեղծել: Դրանք երբեմն անփոփոխ են, երբեմն աննշան միջամտություններով, գրեթե զերծ լրացնող դետալներից: Քարը ստեղծում է ժամանակի մետամորֆոզային վիճակներ` կերպարներ, որոնց հետ ինքը զրույցի է բռնվածՙ «Մարգարեն», «Պատմողը», «Փիլիսոփան», «Նարեկացի ընթերցելիս» եւ այլն:
Անշուշտ, մենք ունենք փարաջանովյան կոլաժի գեղագիտության հարուստ փորձը եւ այս պարագայում էլ ձեւերը ի հայտ են բերում մտածողական բազմազան շերտեր:
Դիտողից պահանջվում է անհատական աշխատանք` գործը ընկալել-մեկնաբանելու, որովհետեւ գերիշխողը փիլիսոփայական խոհն է, ժամանակների կապը, մարդու հոգու տագնապը, ճակատագրի անորոշությունը զգալը: Ինքնադրսեւորման այս նոր ձեւը, կարելի է ասել, բացի վիզուալ հետաքրքրությունից ու բազմազանությունից` մտածողական, զգացական ենթաշերտերով, չի զիջում իր գրականությանը: Ինքը գրում է. «Ոչ մեկին ոչինչ չեմ ուզում պարտադրած լինել: Այլընտրանքային մտածողության սույն ազդակները ես քաղել եմ իմ կյանքից: Պարզապես ինձ մտահոգում են այն պաղ ու թափուր շերտերը, որոնք օր առ օր շատանում ու բազմապատկվում են: Եվ այս սառնությանը, գորշությանը, միապաղաղությանը եւ ձանձրույթին ես առաջարկում եմ իմ մոտեցումն ու տարբերակը»: Բազում տարբերակներ, երբեմն էլ անհասկանալի, որոնց համար յուրահատուկ բանալիներ կարող են ծառայել նաեւ խոսուն վերնագրերըՙ «Հնդիկ Ռաջան հյուր է գնում աշնանը», «Պատերազմի դեմքը», «Պետրոս Կոնտուրաջյանի հիշատակին», «Անիի պարիսպների մոտ» եւ այլն: Յուրաքանչյուրը` մի-մի բանաստեղծություն, տարողունակ, մտորելու տեղիք տվող: Կան նաեւ «Անվերնագիր» վերնագրվածներ, շատ ուշագրավ է թիվ 82-ը:
Թանգարանի ցուցասրահում տիրում էր կոլաժներում դրված ներքին ստեղծագործական էներգիան, եւ սա ստեղծել էր լիցքավորված մթնոլորտ: Ահա մի քանի կարծիք`
«Մտքով, հոգով տառապած մարդ է Արտաշեսը, մտավորականի տառապանքով: Այն, ինչ տեսնում ենք, քար չէ սոսկական. հոգեւոր լիցքերով իր ապրումներն են, որ ներկայացված են այնպես, ինչպես կան իրականում` հոգու, մտքի մերկացումով» ( Սարո Սարուխանյան ):
«Պատահական ոչինչ չի լինում, հիմա էլ չկա: Իր մեջ աստվածահաճո մի բան կա, դա ստեղծագործողն է, արարողն է, որի առանցքը քնարերգությունն է: Նա արդի հայ գրականություն բերում է հուժկու, գունեղ երակ, գնալով` խորքերը, դեպի ավանդույթի արդիականացում: Շռայլ տաղանդ է ապրում իր հոգում, որն արվեստի մի տեսակի մեջ չի տեղավորվում, ահավասիկ` կոլաժների սքանչելի սիմֆոնիայի այս արտահայտությունը» (Լեւոն Անանյան):
«Արվեստագետի պոետական զգացողությունն է ընկած կերպարվեստի իր այս դրսեւորման մեջ: Կյանքից դուրս նետված առարկան իր ուշադրությունն է գրավում ու դրան բովանդակություն հաղորդելու համար իր ներքին էներգիան է դնում մեջը. մեռնող նյութին Արտաշեսը շունչ է տվել եւ ապրեցրել, որոնք կարող են զարդարել թանգարաններ, բնակարաններ: Իր բանաստեղծական զգացողություններով, փիլիսոփայական մտածումներով, ազգային ավանդներին հավատարիմ սկզբունքներով նա մեր ընդհանուր հոգեւոր դաշտի ճշմարիտ մթնոլորտ ստեղծողներից մեկն է» ( Արեւշատ Ավագյան ):
Իսկ հեղինակի կարծիքով` «Կոլաժներից, գրականությունից վեր մարդու գոյությունն է կարեւորը: Այսօր ինձ մտահոգում է մի բան, թե վերջին տարտղնումների մեջ մեր կորուստը որքան է: Միակ ռեալ բանը իմ արածով, իմ տողով` զորակցել նրանց, ովքեր հույսի, լավատեսության պաշարները սպառել են: Մոտենալ ու ձեռքս դնել հոգսի, զրկանքների տակ կքած մարդու ուսին` շշնջալու, որ ինքը իրավունք չունի հուսալքվելու, որովհետեւ զրկանքներից հետո հաղթանակը մոտ է, շատ մոտ»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ