«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՐՄԱՑՈՒՄ, ԹԵ՞ ՓԱՓՈՒԿ ԲԱՐՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայ հեղափոխական դաշնակցությունը դեմ չէ հայ թուրքական սահմանի բացմանը, Դաշնակցությունը դեմ է սահմանի բացման դիմաց քաղաքական զիջումների գնալուն», հայտարարել է ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը ` միաժամանակ նկատելով, որ սահմանի բացման եւ փակման հարցը Թուրքիայի համար մշտապես եղել է եւ կմնա շահարկման միջոց: Պատգամավորի դիտարկմամբ, ցեղասպանության ճանաչման հարցը երբեւէ չի կարող քննարկման առարկա դառնալ հայ-թուրքական հարաբերություններում: «Ցեղասպանության հարցի քննարկումը մեծապես կվնասի մեր հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր նպաստել են ցեղասպանության ճանաչմանը: Մենք կկորցնենք սփյուռքի աջակցությունը, կասկածի տակ կդրվի հայկական լոբբիի գործունեությունը: Նման ազդակներ մեր կուսակցությունում արդեն կան», հայտարարել է Արա Նռանյանը: Վերջինս վստահ է. 1 սմ հող զիջելու դեպքում կզիջենք ամեն ինչ: Ինչ վերաբերում է «Կովկասի կայունության եւ համագործակցության» պլատֆորմ ստեղծելու վարչապետ Էրդողանի առաջարկությանը, ապա, Արա Նռանյանի կարծիքով, այն Հայաստանում գտավ ավելի լայն արձագանք, քան ակնկալում էր հենց թուրքական կողմը:

Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը համոզված է, որ Թուրքիան ձեռնարկում է բոլոր քայլերը Ղարաբաղի հարցն Ադրբեջանի օգտին լուծելու համար` համարելով Թուրքիայի արտաքին քաղաքականության մեխը: «Հայ թուրքական հարաբերություններ չեն կարող զարգանալ առանց ցեղասպանության ճանաչման: Մենք պարտավոր ենք շարունակել միջազգային ճանաչման գործընթացը եւ միայն Թուրքիայի ճանաչումից հետո կարելի է խոսել հարաբերություններ հաստատելու մասին: Չեմ կարծում, որ Թուրքիան բարեկամական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, այդ երկիրը միշտ վարել է փափուկ բարձի քաղաքականություն` տարածաշրջանում առաջնորդվելով միմիայն իր ազգային հետաքրքրություններով», նշել է Համլետ Հարությունյանը:

«ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը համոզված է. հայ-թուրքական հարաբերությունները մենք ստիպված ենք փոխել: «Հայաստանն այլընտրանք չունի, քան փոխել այդ հարաբերություններն առանց վտանգի տակ դնելու ազգային շահը: Հատկապես Հարավային Օսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիան կարողացել է մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում` մեծ դերակատարություն ունենալով Վրաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանի հիմնական խնդիրն այսօր օրակարգի բացակայությունն է», նշել է Ստեփան Սաֆարյանը: Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը Ստեփան Սաֆարյանը ժամանակավոր երեւույթ է համարում եւ համոզված է, որ Թուրքիան ի վերջո իր հայացքը կուղղի դեպի Արեւմուտք: «Դա է վկայում նաեւ ՄԱԿ-ի անվտանգության հանձնաժողովում ոչ մշտական անդամ դառնալը», նշել է Ստեփան Սաֆարյանը:

«Աբդուլլահ Գյուլին Հայաստան հրավիրելով` մենք ոչ մի դիվիդենտներ չստացանք: Թուրքիան, հակառակը, բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը, ձեռք բերեց հզոր լծակներ վիժեցնելու Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ առաջիկա 2-3 տարվա ընթացքում չեմ կարծում, թե որեւէ երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչ վերաբերում է Թուրքիայի` եվրոպական կառույցներին անդամագրվելու համար ներկայացված պահանջներից մեկին` չունենալ փակ սահմաններ, ապա Թուրքիան կարող է դիմագրավել այս պարտադրանքին եւս` ասելով, որ Հայաստանի հետ բանակցությունների մեջ ենք», հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը :

Թուրքագետ եւ «Ազգ» օրաթերթի մեկնաբան Հակոբ Չաքրյանի կարծիքով` Գյուլի այցի նշանակությունը կամ գերագնահատվում է, կամ էլ թերագնահատվում: «Իրականում այցը Հայաստանին վնասներ չբերեց: Ընդհակառակը աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցներն ընդհատում էին իրենց հաղորդումները պատմելու Հայաստանի մասին: Մի քանի օր շարունակ Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում էր», նշել է փորձագետը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4