«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2008-10-23 | #196, 2008-10-24 | #197, 2008-10-25


ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Հունաստանի Կալիթեա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում մրցանակային տեղերի համար պայքարի մեջ էին մտել 64 թիմեր: Չեմպիոնի տիտղոսի համար պայքարն ավարտական տուրից առաջ հասել էր գագաթնակետին: 11 միավորով աղյուսակը գլխավորում էր «Բադեն Բադենը», իսկ 5 թիմեր 10-ական միավորով հետապնդում էին առաջատարին: Ոսկե մեդալների բախտը վճռվեց բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով:

Ավարտական տուրում «Բադեն Բադենը» չկարողացավ հաղթել «Բոսնային»: Գրանցվեց ոչ-ոքի, ընդ որում բոլոր վեց խաղատախտակների վրա էլ մրցակիցները հաշտություն կնքեցին: Իսկ «Ուրալը» 4,5-1,5 հաշվով հաղթելով «Մուելհեյմին», վաստակեց 12 միավոր ու հավասարվեց «Բադեն Բադենին»: Սակայն բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակով (32) «Ուրալը» 4,5-ով գերազանցեց «Բադեն Բադենին» եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Չորս թիմեր վաստակեցին 11-ական միավոր: Բրոնզե մեդալակրին որոշելու համար էլ հարկ եղավ դիմել բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակին: Այստեղ լավագույնը Կիեւի ՊՎԿ-ն էր (30 միավոր), որը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նույնքան միավոր վաստակած «Բոսնային» ու արժանացավ բրոնզե մեդալի:

Հայկական երկու ակումբներըՙ «Բանկերի արքան» ու «Միկան» վաստակեցին 10-ական միավոր: Բոլոր պարտիաներում վաստակած միավորներով (27,5) «Բանկերի արքան» զբաղեցրեց 7-րդ տեղը, իսկ «Միկան» 24 միավորով գրավեց 12-րդ տեղը: ՖԻՄԱ-ն 8 միավորով (25,5) զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Ավարտական տուրում մեր երեք թիմերն էլ հաղթանակով ավարտեցին իրենց մրցախաղերը:

«Բանկերի արքան» 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց Բրեմենի «Վերդերին»: Առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գեորգ Մեյերը չներկայացավ հանդիպմանը եւ Ռաֆայել Վահանյանին հաղթանակ գրանցեցին: Տիգրան Քոթանջյանը հաղթեց Գենադի Ֆիշին, Հարությունյան-Բաբուլա, Անաստասյան-Մայնս, Չիբուխչյան-Լիշման պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Սմբատ Լպուտյանը պարտվեց Տոմի Նիբակին: «Միկան» էլ նույնպիսի հաշվով առավելության հասավ «Բեեր Շեբայի» նկատմամբ: Կառլսենը հաղթեց Նուզմանին, Սարգսյանը պարտության մատնեց Խմելնիկերին, Փաշիկյանն առավելության հասավ Վիդեսլավերի նկատմամբ:

Անհաջողության մատնվեցին Լեւոն Արոնյանն ու Տիգրան Պետրոսյանը համապատասխանաբար Մաքսիմ Ռոդշտեյնի եւ Տամիր Նաբաթի հետ պարտիաներում: Միակ ոչ-ոքին գրանցվեց Գելֆանդ-Գրենֆելդ պարտիայում:

ՖԻՄԱ-ի շախմատիստները կրկին խոշոր հաշվով հաղթեցին, այս անգամ 5-1 հաշվով պարտության մատնելով Սկոպիեյի «Գամբիտին»: Հաղթանակներ տարան Անդրեասյանը, Գրիգորյանը, Համբարձումյանն ու Խալիկյանը, իսկ Մելքումյանն ու Հայրապետյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:

Ինչպես եւ սպասվում էր, կանանց մրցաշարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Մոնտե Կառլոյի թիմըՙ վաստակելով 12 միավոր: 7-րդ տուրում ապագա չեմպիոնը ոչ-ոքի խաղաց իր գլխավոր հակառակորդ «Պոդգորիցայի» հետ: Վերջինս վաստակեց 10 միավոր եւ շնորհիվ բոլոր պարտիաներում վաստակած 19 միավորի, արժանացավ բրոնզե մեդալի: 2-րդ տեղը զբաղեցրած «Սպարտակին» արծաթե մեդալները բաժին հասան շնորհիվ բոլոր պարտիաներում ավելի վաստակած կես միավորի: Նման առավելությունն ապահովվեց վերջին տուրում «Ասպրոպիրգոսի» նկատմամբ տոնած խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ (4-0): Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիր, 2006-ի Եվրոպայի չեմպիոն «Միկան» 9 միավորով (17,5) զբաղեցրեց 5-րդ տեղը: Ավարտական տուրում «Միկան» 3-1 հաշվով պարտության մատնեց Սանկտ Պետերբուրգի ՖԻՆԵԿ-ին: Լահնոն ու Խուրցիձեն հաղթեցին համապատասխանաբար Չմիլիթեին ու Դյոմինային, իսկ Դանիելյան-Կորբուտ, Մկրտչյան-Ժուկովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Ամփոփելով մրցաշարի արդյունքները, հարկ է նշել, որ հայ շախմատասերների սպասելիքները չարդարացան: Մեր չորս թիմերից եւ ոչ մեկը մրցանակակիր չդարձավ: Սպասելիքները հատկապես մեծ էին տղամարդկանց եւ կանանց «Միկա» թիմերից: Իրենց հնարավորությունները լիովին չբացահայտեցին Մագնուս Կառլսեննն ու Լեւոն Արոնյանը, որոնք «Միկայի» առաջատարներն էին: Նորվեգացի շախմատիստը 6 հնարավորից վաստակեց ընդամենը 3 միավորՙ կրելով 2 պարտություն: Արոնյանն էլ 6 պարտիաներում իր թիմին 3,5 միավոր պարգեւեց: Ավելի հաջող էին Բորիս Գելֆանդի (4,5 միավոր 7 հնարավորից) եւ Գաբրիել Սարգսյանի (4 միավոր 7-ից) ելույթները: Իսկ ամենահաջողը Արման Փաշիկյանի ելույթն էր, որը վեց պարտիաներից 5-ում հաղթեց, մեկումՙ պարտվեց: Իրեն չարդարացրեց Բայադուր Ջոբավան (2,5 միավոր 5-ից): Գելֆանդը «Միկայում» միակն էր, որ պարտություն չկրեց:

Կանանց թիմում բոլորից շատՙ 4 միավոր (6-ից) վաստակեց ուկրաինուհի Կատերինա Լահնոն: 3,5-ական միավոր գրանցեցին իրենց օգտին Էլինա Դանիելյանը (7 պարտիայում), Լիլիթ Մկրտչյանը (5) եւ վրաց շախմատիստուհի Նինո Խուրցիձեն (5): Մայա Չիբուրդանիձեն 5 պարտիաներում թիմին 3 միավոր պարգեւեց: Նա եւ Խուրցիձեն պարտություն չկրեցին:

«Բանկերի արքայում» պարզապես գերազանց խաղաց Արտաշես Մինասյանըՙ հաղթելով բոլոր 6 պարտիաներում: Դա մեր շախմատիստների մեջ լավագույն արդյունքն է: 4,5-ական միավոր վաստակեցին Ռաֆայել Վահանյանը (6 հնարավորից), Դավիթ Հարությունյանը (7-ից) եւ Աշոտ Անաստասյանը (7-ից): Տիգրան Քոթանջյանն իր թիմին պարգեւեց 4 միավոր (6-ից): Սմբատ Լպուտյանի օգտին գրանցվեց 3 միավոր (7-ից), իսկ Արթուր Չիբուխչյանը 4 պարտիաներում վաստակեց 1 միավոր:

ՖԻՄԱ-ում լավագույն արդյունքի հասավ Յուրի Համբարձումյանըՙ 5 միավոր (7-ից): Մյուսների արդյունքներն այսպիսին են. Զավեն Անդրեասյանՙ 4,5 (7-ից), Ավետիք Գրիգորյան եւ Արման Հայրապետյանՙ 4-ական (7-ից), Հրանտ Մելքումյանՙ 3 (7-ից), Հովիկ Խալիկյանՙ 3 (3-ից), Գագիկ Հակոբյանՙ 2 (4-ից):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4