Պեկինի օլիմպիադայից հետո սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը սկսել է տարբեր մարզաձեւերի հավաքականների մարզիչների ու ֆեդերացիաների նախագահների հաշվետվությունների լսումն եւ քննարկումը: Երեկ հերթը ծանրամարտինն էր:
Նախ հաշվետվությամբ հանդես եկավ տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը : Նա նշեց, որ մեր ծանրորդներն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հաջող մրցելույթների շնորհիվ իրավունք էին ստացել Պեկինում 5 մարզիկով մասնակցել, որոնցից 3-ը դարձան բրոնզե մրցանակակիր: Այդ հաջողությունը մարզիկների, նրանց անձնական մարզիչների կատարած քրտնաջան աշխատանքի արդյունք են: Գլխավոր մարզիչը նաեւ իր շնորհակալությունը հայտնեց ՀԱՕԿ-ի նախագահին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին, ֆեդերացիայի նախագահին ծանրամարտի հավաքականին ամեն կերպ աջակցելու համար: Նա նաեւ նշեց, որ մեր մարզիկների ելույթների վրա բացասաբար անդրադարձավ հաճախակի նրանցից արյան անալիզների վերցնելու փաստը: Քանի որ քաշի պահպանման խնդիր կար, ուստի ծանրորդները հնարավորություն չունեին արյան կորուստը վերականգնել սննդի, վիտամինների ընդունմամբ:
Այդ հարցի առնչությամբ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ արյան անալիզի վերցնելը մրցումների կանոնադրությամբ նախատեսված էր եւ մարզիչներն ու մարզիկները պետք է պատրաստ լինեին դրան ու խուճապի չմատնվեին: Նախարարը նաեւ մտահոգություն հայտնեց այն փաստի առնչությամբ, որ մեր ծանրորդները Պեկինում 6 մոտեցումներից ընդամենը 2-3-ն էին հաջող կատարում: Այդ ուղղությամբ հարկավոր է լրջորեն աշխատել:
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը տեղեկացրեց, որ 2005-ից, երբ ինքը ստանձնել է հավաքականի ղեկը, մեր աղջիկներն աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում ընդհանուր առմամբ 62 մեդալ են նվաճել (26 ոսկե, 23 արծաթե, 13 բրոնզե): Ուստի հույս կար, որ Մելինե Դալուզյանը, որը ՄՕԿ-ի կողմից քարտ էր ստացել օլիմպիադային մասնակցելու, Պեկինում եւս մեդալ կնվաճեր: Սակայն Պոդոլսկում, ուսումնամարզական հավաքի ժամանակ Մելինեի մոտ ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում էր սկսվել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց: Մինչ օրս էլ Մելինեն բուժվում է: Չնախատեսված այս հիվանդության հետեւանքով ստիպված էին շտապ կարգով Պեկին ուղարկել Հռիփսիմե Խուրշուդյանին, որն այդ ընթացքում չէր մարզվել եւ բնականաբար, չէր կարող բարձր արդյունքներ ցույց տալ:
Հիվանդության համար Արտաշես Ներսիսյանը մեղադրեց բժշկական հանձնախմբին, որն ըստ մարզչի, պարտավոր էր ժամանակին մարզուհու մոտ հայտնաբերել հիվանդությունը եւ միջոցներ ձեռք առնել: Ի պատասխան այդ մեղադրանքի, բժշկական հանձնախմբի ղեկավար Ռաֆայել Թորոյանը նշեց, որ ըստ ծրագրի 2 անգամ տղամարդկանց հավաքականի, մեկ անգամ էլ կանանց հավաքականի անդամները խորացված հետազոտության են ենթարկվել, առողջական խնդիրներ ունեցողները համապատասխան բուժում են ստացել: Բացի այդ, հունվարին աղջիկները «Նաիրի» բժշկական կենտրոնում սոնոգրաֆիայի են ենթարկվել, որը Մելինեի մոտ ոչինչ չի հայտնաբերել: Ըստ Թորոյանի, մարզիկների մոտ խրոնիկական հիվանդությունները հնարավոր են հանկարծակի ի հայտ գալ ու բարդություններ առաջացնել: Արմեն Գրիգորյանն էլ այն կարծիքին էր, որ հավաքականի մարզիչն ինքը պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահեր մարզուհիների առողջական վիճակը եւ հարկ եղած դեպքում դիմեր համապատասխան միջոցների: Այդ թերացման համար Արտաշես Ներսիսյանին նկատողություն հայտարարվեց:
Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նշեց, որ այժմ Մելինե Դալուզյանը Երեւանում շարունակում է բուժման կուրսը` գտնվելով առողջապահության նախարարի հսկողության տակ: Նա հավաստիացրեց, որ բուժման բոլոր ծախսերն իրենց վրա են վերցրել անձամբ ինքն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մելինեի վիճակն արդեն լավ է եւ նա նոյեմբերին կսկսի մարզումները:
Ծանրամարտի մասնագետներն էլ իրենց ելույթներում նշեցին, որ իրոք մեծ աշխատանք է կատարվել, մարզաձեւում հաջողություններ են գրանցվել, որոնք պետք է հետագայում զարգացնել: Նրանք առաջարկեցին հավաքականի մարզիչների աշխատանքը գնահատել բավարար, որն ընդունվեց միաձայն: Արմեն Գրիգորյանն էլ առաջարկեց մեկ տարով իրենց պաշտոններում հաստատել հավաքականների մարզիչներին: Այդ առաջարկին եւս ընդդիմացողներ չգտնվեցին:
Նիստում արծարծվեցին եւ այլ հարցեր: Մասնավորապես գույքի ձեռքբերման հարցի շուրջ նախարարը պարզաբանեց, որ այս տարի կառավարությունը գույքային ծրագրի իրականացման համար գումար չէր տրամադրել: Իսկ հաջորդ տարի գումար կլինի եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն մարզադահլիճները ժամանակակից գույքով ապահովելու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ