Հոկտեմբերի 27-ին Վանաձորում էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, որը Լոռու մարզպետարանում հանդիպում ունեցավ քաղաքի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Ներկայացվեց Վանաձորում ստեղծված առողջապահական վիճակը: Աղեստամոքսային վարակով հիվանդության առաջին դեպքն արձանագրվել է հոկտեմբերի 18-ին: Հետազոտությունների հիման վրա եզրակացրել են, որ վարակի աղբյուրը կարող է լինել կամ սննդային, կամ ջրային: Օդակաթիլային ճանապարհը բացառվել է: Սակայն մինչ օրս կատարված հետազոտությունները ժխտել են բոլոր սննդային գործոնները: Հավանական է համարվում ջուրը, որովհետեւ հնարավոր է, որ խմելու եւ կոյուղու ջրերը խառնված լինեն վթարների հետեւանքով:
Ա. Անդրեասյանը նշեց, որ այժմ չկա որեւէ վթար, մի քանի օր կատարվել է ջրի քլորացում եւ ձեռք են առնվում բոլոր կանխարգելիչ միջոցները` վարակի տարածումը կանխելու համար: Հ. Քուշկյանը կարեւոր համարեց, որ հստակ ճշտվի վարակի աղբյուրը: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը նշեց, որ բժիշկների կարծիքով վարակը բակտերիալ է, բայց չեն կարող ասել, թե կոնկրետ որ ցուպիկն է: Հիվանդներին հակաբակտերիալ նշանակումներ են արվել, արդյունքներն ակնհայտ են: Սակայն հիվանդների թիվը դեռեւս նվազման միտում չունի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդությունը կարող է ունենալ մինչեւ 7 օր գաղտնի շրջան, ինչպես նաեւ կարող է փոխանցվել հիվանդների հետ շփման ճանապարհով:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ