Վիետնամում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որում արդեն խաղացվել է 7 տուր: Հայաստանի շախմատիստներից լավագույն ցուցանիշն ունեն Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 18 տ.) եւ Մանուել Պետրոսյանը (10 տ.), որոնք վաստակել են 5-ական միավոր: 7-րդ տուրում Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց լեհ Յացեկ Տոմժակի հետ, իսկ Պետրոսյանը հաշտություն կնքեց ուկրաինացի Պավլո Վորոնցովի հետ: Տեր-Սահակյանը մինչեւ 18 տարեկանների մրցաշարում 5-րդ տեղում է: Նա մեկ միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Նգուեին ու Սարիչին:
Պետրոսյանը մինչեւ 10 տարեկանների մրցաշարում 11-րդ տեղում է: Նա էլ մեկ միավորով է զիջում առաջատարներինՙ Դուդային, Մոյսավիին եւ Հուին: Վատ հանդես չեն գալիս նաեւ Կարեն Գրիգորյանն ու Սյուզան Չաքրյանը, որոնց հաշվին գրանցված է 4,5-ական միավոր: Գրիգորյանը հաղթեց Նիրանջանին, Չաքրյանն առավելության հասավ Սավոլայի նկատմամբ: Գրիգորյանը մինչեւ 14 տարեկանների մրցաշարում զբաղեցնում է 16-րդ տեղը: Տարիքային այս խմբի մրցաշարի առաջատարը 6 միավորով Սանթոշն է: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում Չաքրյանը 17-րդ տեղում էՙ 1,5 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող Պաիկիձեից ու Կուլոնից:
Հայ շախմատիստներից 4-ական միավոր են վաստակել Տիգրան Հարությունյանը (մինչեւ 12 տ.) եւ Արմեն Նազարյանը (8 տ.): 3,5-ական միավոր ունեն Հովհաննես Պետրոսյանը (16 տ.), Սուսաննա Գաբոյանը (12 տ.), Աստղիկ Խալիկյանը (14 տ.) եւ Դիանա Մնացականյանը (18 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ