Նույն ասուլիսի ժամանակ Կարեն Շահբազյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի բնակիչներ Արծրուն Հակոբյանը (ծնվ. 1974-ին), Արթուր Աղաջանյանը (ծնվ. 1974-ին) եւ Արմեն Գրիգորյանը (ծնվ. 1974-ին) իրենց եւս 6 ընկերների հետ Արմեն Գրիգորյանի քրոջը աշխատանքից ազատելու համար Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանից (ծնվ. 1962-ին) պարզաբանում ստանալու նպատակով գնացել են նրան պատկանող` Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» անվանումը կրող ռեստորան:
Այնտեղ, վերը նշված հանգամանքների կապակցությամբ առաջացած վիճաբանության ժամանակ, Արմեն Գրիգորյանը, կապված Ս. Ղարաքեշիշյանի ծառայողական պարտականությունների կատարման հետ, կյանքից զրկելու դիտավորությամբ երկու անգամ կտրող-ծակող գործիքով հարվածել է Ս. Ղարաքեշիշյանի պարանոցին եւ դեմքին:
Ս. Ղարաքեշիշյանը պաշտպանվելու նպատակով իրեն ամրացված իր մոտ օրինական գտնվող «Վիկինգ» ատրճանակից կրակել է Արթուր Հակոբյանի, Արթուր Աղաջանյանի եւ Արմեն Գրիգորյանի վրա, որոնք ստացել են իրենց կյանքին վտանգ չսպառնող վնասվածքներ:
Ըստ ՀՀ ոստիկանության ինտերնետային կայքում տեղադրված ամփոփագրի` հոկտեմբերի 24-ին, ժամը 22.45-ին, որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արծրուն Հակոբյանը, ձախ ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով` Արթուր Աղաջանյանը, իսկ ձախ ուսագոտու եւ այտի մասում ստացած կտրող-ծակող վերքերով` Սարգիս Ղարաքեշիշյանը (վերջինս տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա տեղափոխվել է Երեւանի «Նաիրի» բժշկական համալիրի դիմածնոտային բաժանմունք` բուժօգնություն ստանալու նպատակով):
Արմեն Գրիգորյանը եւս ստացել է հրազենային վնասվածքներ: Դեպքի վայրից հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի 4 պարկուճ: Իսկ Ս. Ղարաքեշիշյանին պատկանող ատրճանակը` առանց փամփուշտների, 1 պահունակով, ոստիկանությանն է հանձնել 1967-ին ծնված Եսայի Խուբլարյանը: Արմեն Գրիգորյանը, որ փախուստի մեջ էր, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձերբակալվել է:
Պատասխանելով լրագրողների հարցին, Կարեն Շահբազյանն ասաց, որ Սպիտակում եւ Ստեփանավանում կատարված հանցագործությունները կապ չունեն միմյանց հետ:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ