ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի համատեղ նիստում հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը ներկայացրեց բյուջետային հատկացումները 2009-ին, որոնք կազմելու են 95,7 մլն դրամ: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասելու բան ուներ. մի քանի շաբաթ առաջ հանձնաժողովը ՀՌԱՀ-ին ուղարկել է հարցադրումներով գրություն` կապված ՀՀ գովազդային օրենսդրության եւ եթերում հեռարձակվող գովազդի ծավալի եւ ռեժիմի, ինչպես նաեւ օրհներգի հնչեցման եւ մի շարք այլ խնդիրների հետ: Հանձնաժողովի ստացած պատասխանում նշված է, որ ՀՌԱՀ-ը չի արձանագրել գովազդային օրենսդրության խախտում: Մինչդեռ դրանից օրեր անց ԱԺ-ում հնչած Հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի` խորհրդի աշխատանքի վերաբերյալ 2006 թվականի հաշվետվությունը ներկայացրեց բազմաթիվ խնդիրներ, որոնք ոչ այնքան Հանրային ալիքի, ոչ միայն ՀՌԱՀ-ի հետ էին կապված, այլեւ առհասարակ եթերային պարունակության հետ ողջ հայկական եթերում. «Կարծում եմ, որ համարձակություն պետք է ունենանք հիմա արձանագրելու, եթերային պարունակությունը կամ այսպես կոչված հեռուստատեսային կոնտենտը չի համապատասխանում մի շարք գրված եւ չգրված օրենքներին», ասաց Աշոտյանը կանգ առնելով այդ անհամապատասխանության երեք բաղադրիչի վրա.
«1. Ինչ են քարոզում ալիքներն իրենց անսահման կրիմինալացված սերիալներով, կրիմինալի ռոմանտիզացիայի հերոսացման սցենարներով, ի՞նչ տեսակի սերունդ ենք մենք կրթում: Ես գիտեմ մի շարք ընկերությունների ղեկավարների, որոնք արգելում են իրենց երեխեքին նայել իրենց իսկ հեռուստաընկերությունների սերիալները: Եկեք բոլորս միասին լուծենք խնդիրը, այստեղ մեղադրանքի խնդիր չէ` այլ խնդիր, որը հասարակական հնչողություն ունի եւ ռազմավարական կարեւորություն: Վերջին օրերի սպանությունների եւ կրակոցների մեջ մեծ է նաեւ բաժինը ինֆորմացիոն այս հոսքի, որը երկար տարիներ աղավաղել է մեր արժեհամակարգը էկրաններից:
2. Լեզվի մաքրության խնդիրները. Լեզվի տեսչությունը երկար ժամանակ ապարդյուն փորձում է աղաղակել տարբեր ակնհայտ խախտումների վերաբերյալ, սակայն կամ տույժերն են շատ փոքր, կամ էլ այնքան փոքր է համարվում լեզվի տեսչության վարչական կշիռը, որ գերադասում են անտեսել այդ դիտարկումները:
3. Ակնհայտ է, որ խախտվում է գովազդային օրենսդրությունը, անգամ գործողը:
Ձեր պատասխանը ոչ թե ձեր հանձնաժողովի լիազորությունները չկատարելու խնդիր է, այլ տեխնիկական հագեցվածության պակասի խնդիր է, որովհետեւ հսկայական տեխնիկական միջոցներ են պետք, որպեսզի դուք կարողանաք մոնիտորինգ իրականացնել Հայաստանում գործող 20-ից ավելի հեռուստաընկերությունների նկատմամբ», ասաց Աշոտյանը` զարմանալով, որ հանձնաժողովին տրվում է միայն պահպանման ծախս, մի հանձնաժողով, որի վրա դրված է ռազմավարական խնդիր, ազգային անվտանգության հայեցակարգում սեւով սպիտակի վրա գրված տեղեկատվական անվտանգության խնդրի հսկողությունն անթույլատրելի է, որ միայն պահպանման ծախսով է գնում. «Սա ոչ այնքան ձեր հանձնաժողովի գնահատականն է, այլ բոլորիս խնդիրն է, եւ հանձնաժողովի անունից, հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ առաջարկելու եմ որոնել ֆորմատներ, ոչ օրենքով ամրագրված, մեր հանձնաժողովի ներսում ստեղծել աշխատանքային խումբ կամ ենթահանձնաժողով, կամ որեւէ կից կոմիտե` հեռուստատեսային էթիկայի հետ կապված, որտեղ կհրավիրվեն բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարները, լեզվի տեսչության մասնագետներ, ՀՌԱՀ-ը, սպառողների շահերի հասարակական պաշտպաններ, եւ մենք ամիսը մեկ փորձենք պարսավանքի ենթարկել, դատապարտել, բացահայտել ԱԺ ամբիոնից, եթե պետք է` ստեղծել նաեւ օրենսդրական հիմքեր դրա համար», առաջարկեց Ա. Աշոտյանը, քանի որ եթերում վիճակը հետեւողականորեն վատթարանում է. «Եթե երկու տարի առաջ կային կենցաղային բնույթի պրիմիտիվ սերիալներ, չէին խեղում արժեհամակարգը, բայց դաստիարակությանը նպաստող տարր չունեին, այսօր մեր եթերը ողողված է կրիմինալ սերիալներով, որտեղ դրական հերոսը ոչ թե մարդն է, որն օրենքով է շարժվում, պետության թիկունքին է կանգնած, պետության քաղաքացի է, այլ բնույթի կերպարներ, եւ սերիալները տիպիկ կուտակում են էդ երեք տիպի խնդիրները: Հատկապես գովազդի հսկողությունն օրենքով վերապահված է ՀՌԱՀ-ին»:
Ամալյանը շնորհակալ էր հարցերն առաջ քաշելու համար, բայց կարծում էր, որ խնդիրը միայն տեխնիկական միջոցներինը չէ, կոնկրետ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, քանի որ ՀՌԱՀ-ը բովանդակայինի վերաբերյալ ներազդելու հնարավորություն չունի, նաեւ լեզվի անաղարտության հետ կապված խնդիր կա. անաղարտ հայերենն անաղարտ մածունի պատմությունը չէ, եւ ընդհանրապես` հնարավոր էլ չէ սահմանել, թե ո՞րն է անաղարտ հայերենը: Խնդիրներն էլ պետք է կարգավորել ոչ թե այսպես հրապարակային, այլ աշխատանքային մոդուսի մեջ:
Հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը , սակայն, առավել կոշտ էր. «Պահպանման ծախսերը հանձնաժողովի անդամներին չեն տրվում` որպես մշակութային արժեք դրանք պահպանելու համար, դա նրանց աշխատավարձն է, որի դիմաց նրանք պարտավոր են իրականացնել օրենքով իրենց վերապահված բոլոր լիազորությունները: Ինձ եւս շատ զարմացրեց Ձեր նամակը, որտեղ դուք նշում եք, որ որեւէ չարաշահում չեք հայտնաբերել: Ես հիմա Ձեզ հարց եմ տալիս որպես ոչ թե հանձնաժողովի նախագահի, այլ որպես շարքային հեռուստադիտողի, երբ նայում եք 1,5 ժամանոց հեռուստաեթեր, գեղարվեստական ֆիլմ, որը պարբերաբար ընդմիջվում է առնվազն 7 անգամ` 5-10 րոպե տեւողությամբ գովազդով, դրա համար արդյոք բյուջեից գումարնե՞ր են պետք հատուկ սարքավորումներ տեղադրելու համար, որպեսզի ակնառու լինի, որ գովազդի օրենքը խախտվում է: Անաղարտ հայերենի մասով էլ` որ չափորոշիչներ չկան, հատուկ չափորոշիչներ պետք չեն հասկանալու համար, որ եթերից հնչող հայերենը եւ անաղարտ մածունը ոչ մի կապ չունեն»:
Անահիտ Բախշյանը առավել առաջ գնաց նկատելով, որ այս հանձնաժողովի գործունեությունն աշխուժանում է այն ժամանակ, երբ ռադիո եւ հեռուստահաճախությունների մրցույթներ են հայտարարվում. «Դե, եթե 2 տարով այդ ամենը հետաձգել ենք` առաջարկում եմ բյուջեով ընդհանրապես կտրել ՀՌԱՀ-ի ֆինանսավորումը, ՀՌԱՀ-ի գործունեությունը ոչ մի տեղ չի երեւում, ինչո՞ւ եք իզուր պետության փողերը տանում, թող մնան ավելի լավ նպատակների համար», ասաց: Այստեղ խառնվեց Գագիկ Մինասյանը . «Դա պատգամավորի սուրբ պարտականությունն է` գրեք, որ բյուջեում այս տողերը հանեն` կհանեն», ասաց նա:
«Էդ դեպքում սահմանադրության պահանջը պիտի հանեք ու օրենսդրական փոփոխություններ անեք», նկատեց Ամալյանը: