«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2008-10-25 | #198, 2008-10-28 | #199, 2008-10-29


«ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌՆ ԱՎԵԼԻ ԹԵԹԵՎ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՏՆՏԵՍՎԱՐՈՂԸ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐԻ ԻՐ ԾԱԽՍԵՐԸ, ԵՎ ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ»

Հավաստիացնում է պետեկամուտների փոխնախագահ Արմեն Ալավերդյանը

Չնայած կառավարության հարկային բարեփոխումների փաթեթի մասին վերջին ժամանակներս շատ է խոսվել ու գրվել, բայց գործնականում դրանց կիրառման վերաբերյալ մի շարք հարցեր դեռեւս պարզաբանումների անհրաժեշտություն են զգում: Այդ պարզաբանումները փորձեցինք ստանալ պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՑ:


- Պրն Ալավերդյան, նախՙ վերջին օրենսդրական փոփոխությունները ե՞րբ են ուժի մեջ մտնելու: Մասնավորապես, խոսքը մինչեւ 58,35 մլն տարեկան շրջանառություն ունեցողներին, որոնք նախկինում պարզեցված հարկ էին վճարում, առնչվող փոփոխության մասին է:

- Այդ օրենսդրական դրույթը ուժի մեջ է մտնում 2009-ի հունվարի 1-ից: Մինչ այդ պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է ապահովել դրա կատարման համար անհրաժեշտ իրավական բոլոր դրույթների կարգավորումը: Այդ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի մշակումն ու ընդունումը կավարտենք դեկտեմբերին, որպեսզի հունվարից ընդունված օրենսդրական դրույթները սահուն իրականացվեն:

- Փաստորեն, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) դաշտում գործողների, այսինքն` ավելի խոշոր հարկատուների համար, ըստ էության, օրենսդրական մեծ փոփոխություններ չե՞ն կատարվել:

- Նրանց համար խաղի կանոնների էական փոփոխություն չի կատարվել, եթե չհաշվենք հաշվետվությունների հետ կապված փոփոխությունները: Մասնավորապես, եթե մինչեւ 2009 թ. մինչեւ 60 մլն դրամ շրջանառություն ունեցողները եռամսյակային վճարող էին համարվում, ապա 2009-ից եռամսյակային հարկ վճարողներ կհամարվեն մինչեւ 100 մլն դրամ շրջանառություն ունեցողները:

- Իսկ 100 մլն դրամից ավելի ունեցողնե՞րը:

- Նրանք կհամարվեն ամսական հարկ վճարողներ:

- Վերջերս նշվեց, որ նրանք պարտավոր են ապրանք տրամադրել հաշիվ-ապրանքագրերով, այլ ոչ թե հսկիչ-դրամարկղային մեքենաներով, ինչպես մինչեւ հիմա էր:

- Ես ասացի, որ նրանց համար հաշվետվողական փոփոխություններ պետք է լինեն, բայց կան նաեւ վարչարարական միջոցառումներ: Նրանք այսօր էլ պարտավոր են աշխատել հաշիվ-ապրանքագրերով, բայց այս պահին գործող օրենսդրությունը պատասխանատվության ուժեղացված ձեւեր չի նախատեսում: Օրենսդրական փոփոխությունների փաթեթով ապահովված է օրենսդրական այնպիսի դաշտ, որ տնտեսվարող սուբյեկտը շահագրգռված կլինի փաստաթղթեր ձեռք բերելու եւ հատկապես դուրս գրելու: Այսօր ապրանքները դուրս են գրվում առանց փաստաթղթերի, իսկ ձեռք բերողներն էլ կամ չեն պահանջում այդ փաստաթղթերը, կամ իրենց շահերից էլ է դա բխում, քանի որ երկուստեք շրջանառություն են թաքցնում: Օրենսդրական փոփոխությամբ, այն տնտեսվարողը, որը չի ներկայացնի այն մատակարարին, որից ինքն ապրանքը ձեռք է բերել, պետք է վճարի դիմացի սուբյեկտի համար համապատասխան հարկի գումարՙ իր ձեռք բերած ապրանքի արժեքի 11 տոկոսը որպես տուգանք: Կամ էլ պետք է հարկային մարմնին հայտնի, թե որ տնտեսվարող սուբյեկտն իրեն փաստաթուղթ չի տրամադրել: Այժմ այնպիսի վիճակ է, որ բոլորը դժգոհում են, որ իրենց փաստաթուղթ չեն տրամադրում, բայց հարկային մարմին չեն ուզում հայտնել, թե կոնկրետ որ ընկերությունը չի տրամադրում: Նոր դրույթի կիրառումը, կարծում ենք, հնարավորւթյուն կստեղծի հավասար իրավիճակ ստեղծելու տնտեսվարող սուբյեկտների միջեւ: Տնտեսվարողները կհաշվենՙ փաստաթուղթ ձեռք բերեն, մեզ հաղորդեն փաստաթուղթ չտրամադրողի մասին, թե՞ նրա փոխարեն վճարեն 11 տոկոս:

- Պարզաբանեք, խնդրեմ, թե ինչ է նշանակում 11 տոկոսը:

- Ենթադրենք` ընկերությունը ձեռք է բերել 10 մլն դրամի շինանյութ առանց փաստաթղթի, նաեւ չի հայտնում, թե ումից է ձեռք բերել: Այդ դեպքում նա պետք է վճարի այդ 10 մլն դրամի 11 տոկոսը, այսինքնՙ 1,1 մլն դրամ:

- Իսկ եթե երկու տնտեսվարողներ մի քանի անգամ միմյանց հետ ապրանքի առեւտուր անեն, բայց ցույց տան մեկ անգամվա հաշիվ-ապրանքագիր: Որքանո՞վ է այդ երեւույթը վերահսկելի:

- Դա խոր ստվերն է, որը եղել է եւ կա: Պատկան մարմինները, այդ թվում` հարկային, դա պետք է բացահայտեն: Կլինեն բարդություններ եւ դժվարություններ, բայց, կարծում եմ, ավելի վերահսկելի կլինի, քան հիմա: Հարկայինի աշխատակիցներն իրենց արդյունավետությունը պետք է բարձրացնեն, հասարակությունը մեզ կօգնի: Ի վերջո, մենք փոքր երկիր ենք եւ չեմ կարծում, որ շատ մեծ գործարքները հնարավոր է կոծկել: Տեղեկատվությունը գործող սուբյեկտներից մեկի մոտ, իրացման որեւէ շղթայում անպայման ի հայտ կգա:

- Այժմ անդրադառնանք մինչեւ 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցողներին: Նրանք շարունակելո՞ւ են հաստատագրված հարկ վճարել:

- Մինչեւ 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցողները կվճարեն նախորդ ամսվա շրջանառության 1 տոկոսի չափովՙ կանխավճարի տեսքով: Երբ տարին ավարտվի, 58,35 մլն շեմին չհասած ընկերության վճարված հարկերը պետք է ամբողջ շրջանառության 2 տոկոսից պակաս չլինեն, բայց նաեւ ավելի չլինեն այդ շրջանառության 10 տոկոսից: Օրինակով ներկայացնեմ ասվածը: Եթե կազմակերպությունն ունի 40 մլն դրամի շրջանառություն, ապա նա յուրաքանչյուր ամիս որպես կանխավճար վճարում է իր, ենթադրենք, 2 մլն դրամ ամսական շրջանառության 1 տոկոսըՙ 20 հազար դրամ: Տարեկան ստացվում է վճարած մոտ 200 հազար դրամ: Եթե տարվա ավարտից հետո ընկերությունը հայտնում է, որ ունեցել է 40 մլն դրամի շրջանառություն, ապա այդ 40 մլն դրամի 2 տոկոսը ստացվում է 800 հազար դրամ: Այսինքն, նա արդեն վճարել էր 200 հազար դրամ, իսկ վճարված գումարը պետք է 800 հազարից (շրջանառության 2 տոկոսից) պակաս չլինի: Այսինքն, նա, բացի տարվա ընթացքում վճարված 200 հազար դրամից, պետք է վճարի եւս 600 հազար դրամ:

Սակայն, մյուս կողմից, 40 մլն դրամի 10 տոկոսը 4 մլն դրամ է: Որպեսզի կազմակերպությունն այդքան չվճարի, պետք է հիմնավորի այդ 40 մլն ծախսերը փաստաթղթերով: Ենթադրենք, փաստաթղթերով հիմնավորում է հումքի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձերի գծով ծախսերը, բայց ենթադրենք, որոշ ձեռք բերած ապրանքների համար փաստաթուղթ չի ունենում, ասելով, որ ձեռք է բերել շուկայից: Այսինքն, այդ 40 մլն դրամից, ասենք, 15 մլն դրամի ծախսերը չեն հիմնավորվում: Այդ դեպքում նա պարտավոր է վճարել ոչ թե 600 հազար դրամը, այլ 15 մլն դրամի 10 տոկոսըՙ 1,5 մլն դրամ: Ի՞նչ է ստացվում: Նվազագույնը 40 մլն դրամ շրջանառություն ունեցողից պետք է գանձվի 600 հազար դրամ (չհաշված տարվա ընթացքում վճարված 200 հազար դրամը), առավելագույնը` 4 մլն դրամ:

- Այսինքն, որքան շատ փաստաթղթով հիմնավորված ծախս ցույց տա, այնքան քի՞չ կվճարի:

- Այո: Ուրիշ ինչ ենք արել դրա համար: Եթե կազմակերպությունը նշում է, որ մեծածախ խանութից է ինչ-որ ապրանք ձեռք բերել, ապա այդ խանութի հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը նույնպես համարվում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ: Եթե կազմակերպությունը կարողանում է հիմնավորել իր 40 մլն դրամ ծախսերից 36 մլն դրամինը, ապա վճարման ենթակա գումարը դառնում է 400 հազար դրամ: Սակայն քանի որ այդ հարկը չպետք է ցածր լինի ընդհանուր շրջանառության 2 տոկոսից, ապա, այնուամենայնիվ, նա պետք է վճարի 600 հազար դրամը (չհաշված տարվա ընթացքում վճարած 200 հազար դրամը):

- Պարզ է: Հարկային նոր օրենքները միայն առեւտրային գործունեություն իրականացնողների՞ն են վերաբերում: Օրինակՙ սպասարկման ոլորտը նույնպես հարկվելո՞ւ է այդ ձեւով:

- Սա վերաբերում է բոլոր գործունեության տեսակներին, բացառությամբ նրանց, որոնք հարկվում էին եւ շարունակվելու են հարկվել հաստատագրված վճարներով: Դրանք են հյուրանոցները, հանրային սննդի օբյեկտները (ռեստորաններ, սրճարաններ), ավտոտեխսպասարկումը, տրանպորտային գործունեությունը, խաղային բիզնեսը, գազալիցքավորման կայանները, բենզալցակայանները, վարսավիրանոցները, մինչեւ 7 քմ տարածք ունեցողների մանրածախ առեւտուրը:

- Իսկ դրանք չե՞ն նախատեսվում ներառել հարկման ընդհանուր դաշտում:

- Մանրածախ առեւտուրն ամբողջությամբ, ներառյալ մինչեւ 7 քմ տարածքում առեւտուր իրականացնողները, 2010-ի հունվարի 1-ից դուրս կգա հաստատագրված վճարի դաշտից:

- Այժմ մինչեւ 7 քմ առեւտուր իրականացնողները, փաստորեն, պետք է ՀԴՄ-ներ տեղադրեն ու շրջանառություն ցույց տան, բայց հաստատագրված վճար վճարեն: Հակասություն չի՞ լինում:

- Չի լինում, որովհետեւ եռամսյակի ընթացքում 1 քմ մետրի հաշվարկով 2,1 մլն դրամից ավելի, իսկ ոսկու վաճառքի դեպքումՙ 14,6 մլն դրամից ավելի առեւտրի դեպքում, մինչեւ 7 քմ տարածքում գործունեություն իրականացնող տվյալ ձեռներեցը, այդ եռամսյակում, հաստատագրված վճարից դուրս է գալիս եւ հայտնվում է հարկման ընդհանուր դաշտում:

- Պազեցված հարկի համեմատ փոքր բիզնեսի բեռը մեծանում է, փոքրանում է, թե՞ մնում է անփոփոխ:

- Չի մեծանում: Նույնիսկ կարող է փոքրանալ:

- Սակայն ի՞նչ երաշխիք, որ անգամ ցածր հարկերի դեպքում մեր տնտեսվարողները չեն ձգտի դարձյալ գործել ստվերում:

- Հաստատագրված վճարն ամենաանարդար հարկման տեսակն է, որի տակ կարող են մտնել ե՛ւ մեծ ծավալներով, ե՛ւ փոքր ծավալներով առեւտուր իրականացնողները: Ընդհանուր հարկման դաշտն այդ առումով ավելի արդարացի է, քանի որ փոքր շրջանառությունից ավելի փոքր հարկման գումար է առաջանում, քան մեծ շրջանառությունից: Հարցին նայենք այլ տեսանկյունից: Հարկային բեռն ավելի ծանր կլինի, եթե տնտեսվարողը չկարողանա իր ծախսերը փաստաթղթավորել: Եթե տնտեսվարողները փաստաթղթավորումը 100 տոկոսի հասցնեն, ապա նրանց համար հաստատ մի քանի անգամ ավելի ձեռնտու կլինի վճարելիք հարկերի չափը:

- Այդ դեպքում ի՞նչ կստանա պետական բյուջեն: Կառավարության եւ պետեկամուտների կոմիտեի ղեկավարները, խոսելով այս բարեփոխումների մասին, ասում են, որ դրանք նպատակ չունեն բյուջե լցնելու, այլ միայն իրական շրջանառությունը պարզելու համար են: Սակայն, օրինակ, ստվերային շրջանառության 80 տոկոսը, վարչապետի հավաստմամբ, իրականացվում է տոնավաճառներում: Չէ՞ որ դա ահռելի ստվեր է եւ դրանից պետք է բյուջե գումարներ մտնեն:

- Այս փոփոխությունների փաթեթից անգամ ֆիսկալ (հարկբյուջետային) կորուստ է կանխատեսվում: Եթե փաստաթղթավորումն ապահովվի, այդ կորուստը բնականաբար չի լինի: Փոփոխությունները ռիսկային են եւ հնարավոր կորուստը դրանից պետք է փոխարինվի վարչարարության բարելավման հաշվին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4