«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆ. «ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ ՋԱԽՋԱԽՎԵԼ Է»

«Եթե անգամ ինձ խնդրեն ստանձնել մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնըՙ կհրաժարվեմ: Իմ կռիվը հենց այդ պաշտոնի դեմ է: Իմ ժամանակն ուղղակի չի բավականացնի, որպեսզի թատրոնի բոլոր խնդիրները լուծեմ: Դա ինձ պետք չէ», երեկ հայտարարեց «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանը: Նա բացարձակ զազրախոսություն համարեց այն լուրերը, թե ինքն է ոչ ավել, ոչ պակաս հրահանգել մշակույթի նախարարին, որպեսզի վերջինս պաշտոնից հեռացնի Վահե Շահվերդյանին: «Պատմության արմատներն ավելի խորն են», վստահեցրեց Մազմանյանը: Ամեն ինչ սկսվել էր այն բանից, որ երկու տարի առաջ թատրոնի գործիչներն իրենց երիտասարդ գործընկերների հետ հավաքվել էին կլոր սեղանի շուրջ` քննարկելու հայ թատրոնի զարգացումը: «Երբ երիտասարդ մի աղջիկ, ով մենեջերի մասնագիտություն ուներ, ասաց, որ թատրոններում կառավարման այլ ձեւ է հարկավոր ներդնել եւ գեղարվեստական ղեկավարի պաշտոնն ամենեւին էլ որեւէ մեկի սեփականությունը չէ: Ողջ ծերակույտն սկսեց քննադատել նրան. բնազդային վախը խոսեց: Հետո նախարար Հասմիկ Պողոսյանը եկավ եւ սկսեց հարցեր տալ. ի՞նչ են արվում պետության փողերը, ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում եւ քանի՞ անգամ են ներկայացվում: Մինչ այդ որեւէ մեկն այդ հարցերը չէր բարձրացրել», պատմում է Արմեն Մազմանյանը:

Վահե Շահվերդյանի հեռացումը մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, Արմեն Մազմանյանը մշակույթի նախարարության նախաձեռնած բարեփոխումների սկիզբն է համարում, բայց եւ համոզված չէ, որ դրանք շարունակական կլինեն: «Նախարարությունը բարեփոխումները կիսատ է անում: Հին կադրերով հեղափոխություն չի արվում: Ես այլ կերպ կանեի: Ողջ աշխարհն աշխատում է գործարքային հիմունքներով: Պետք է լինի թատրոնից հասկացող տնօրեն, ով պետության առջեւ պատասխան կտա ծախսած յուրաքանչյուր կոպեկի եւ ներկայացումների որակի համար: Իսկ այսօր պարզ էլ չէ, թե ինչպես են ծախսվում գումարները, ինչ ներկայացումներ են բեմադրվում: Իսկ իր պարտականությունները չկատարելու դեպքում տնօրենը պարզապես կհեռացվի աշխատանքից», ասում է «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հակառակ դեպքում ստացվում է, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղղեկի պաշտոնը դարձել է «ֆինանսական բախումների կիզակետ»: «Ես պատկերացնել չէի կարող, որ այդքան շահութաբեր աշխատանք է: Ինչպե՞ս կարող ես 10 տարվա ընթացքում ամառանոց կառուցել, մի քանի մեքենա գնել», զարմանում է նա: Մեծագույն կասկածով եւ բազմաթիվ հարցականներով խոսելով մայր թատրոնի ֆինանսական միջոցների կառավարման մասին` Արմեն Մազմանյանը նշեց նաեւ մայր թատրոնի «կադրային ջարդի» մասին: «Վահե Շահվերդյանը պարզապես միջակություն է: Աճեմյանի եւ Գուլակյանի վերջին սաները` Յուրի Ամիրյանը, Ժենյա Ավետիսյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանն այդպես էլ դեր չստացան: Յուրի Ամիրյանը մահացավ` երազելով լավ դեր ստանալ, Ռուդոլֆ Ղեւոնդյանը վիրավորված հեռացավ, իսկ Ժենյա Ավետիսյանը դեռ պայքարում է: Իմ տեսակետը հետեւյալն է. մայր թատրոնը ջախջախվել է: Բոլոր նրանք, ովքեր այլ կարծիք ունեին, դուրս են մնացել թատրոնից», համոզված է Արմեն Մազմանյանը` մեկ անգամ եւս նշելով, որ իր պայքարը պաշտոնի համար չէ, այլ թատրոնի զարգացման:

«Ես ինձ լավ եմ զգում իմ թատրոնում: Միայն մեկ նպատակ ունեմ, որպեսզի «Գոյ» թատրոնին պետական տարածք տրամադրեն` որպես թատերական գործունեության աշխատատեղ: Սա է իմ միակ ցանկությունը: 10 տարուց ավելի է, ինչ մայր թատրոնի ընդամենը 700 մետր տարածքում տեղ գտած մեր թատրոնին անընդհատ խանգարում են աշխատել: Եվ վիրավորական է ինձ համար, երբ պարտքերի մեջ խրվելով, այսօր ուզում եմ «Գոյ» թատրոնը վերաբացել, զազրախոսություններ են տարածում իմ անվան շուրջ: Ես միայն իմ աշխատելու իրավունքի համար եմ կռիվ տալիս», նկատեց Արմեն Մազմանյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4