«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2008-10-29 | #200, 2008-10-30 | #201, 2008-10-31


ՕՐՀՆԵՐԳԸ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱԼ ՍՐՏԻ ՈՒ ՄՏՔԻ ՄԵՋ

ԼՂՀ պետական խորհրդանիշներն ընդունվել են նախորդ դարի 90-ական թվականների սկզբներին` Գերագույն խորհրդի համապատասխան որոշումներով: Սահմանադրության ընդունումից հետո, երկրի հիմնական օրենքի պահանջին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, Արցախի խորհրդարանն իր հերթական լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «ԼՂՀ դրոշի մասին», «ԼՂՀ զինանշանի մասին» եւ «ԼՂՀ օրհներգի մասին» օրենքների նախագծերը:

Դրանց քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, որը հիշյալ օրինագծերի հեղինակն է, նիստում հայտարարել է, որ ԼՂՀ օրհներգի նոտաները զարմանալիորեն ոչ մի տեղ չեն պահպանվել: Այս հանգամանքով պայմանավորված` պատգամավորները հարց են հնչեցրել, թե այդ դեպքում երաժշտության ո՞ր տարբերակն է համարվելու ընդունելի, հատկապես որ պետական օրհներգը սոսկ պաշտոնական արարողությունների առիթներով չի կատարվում, նաեւ ունենում է խմբերգային ու սոլո կատարումներ:

1993-ին բանաստեղծ Վարդան Հակոբյանի խնդրանքով, որն օրհներգի տեքստի հեղինակն է, մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ղեկավարությամբ իրականացված ԼՂՀ օրհներգի ձայնագրության օրինակը Ղարաբաղ բերելու պատիվն եմ ունեցել: Փոխանցելու համար հարգարժան դիրիժորն անձամբ ինձ էր հանձնել միայն ձայնագրված ժապավենը, բայց անհնար է պատկերացնել, թե բարձր պրոֆեսիոնալներից բաղկացած նվագախումբը հիշյալ ստեղծագործությունը մարմնավորել է առանց նոտագրման ու գործիքավորման:

Երաժշտության հեղինակ Արմեն Նասիբյանը առողջական նկատառումներով ի վիճակի չէ այն վերստին նոտագրելու, եւ ինչպես տեղեկացրել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, պատվիրվել ու պատրաստվել են երկու տարբերակներ` փողային նվագախմբի եւ դաշնամուրի համար: Օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո, կիրարկելի տարբերակն, անշուշտ, կհամընդունվի, բայց մտահոգությունն այն առթիվ, որ պաշտոնական արարողությունների ժամանակ ոչ ոք չի ձայնակցում ֆոնոգրամային` դարձյալ մնալու է:

Պետական խորհրդանիշները պիտի հարգել, եւ այս մասին նիստում հիշեցրել է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը` ընդգծելով, որ առաջին հերթին պետք է պատգամավորներն իմանան հանրապետության օրհներգը:

Ղարաբաղում այս ուղղությամբ հասարակական հարցում թերեւս չի անցկացվել, սակայն դժվար է հերքել, որ պաշտոնյաների գերակշիռ մասը (եթե ոչ բոլորը) ԼՂՀ օրհներգն անգիր չգիտի: Լավագույն դեպքում, այն անգիր են անում դպրոցականները, առավելապես նրանք, ում հանդիսավոր միջոցառումների ժամանակ հանձնարարվում է երգել երկրի օրհներգը: Բնականաբար, ժամանակ անց, երբ նրանցից ոմանք լինեն պետական պաշտոններում, օրհներգը սերտելու կարիք չեն ունենա: Իսկ մինչ այդ, հուսանք, անսալով խորհրդարանի խոսնակի կոչին` գոնե արարողակարգերի մասնակիցները կսովորեն Արցախի հիմնը: Եվ ինչո՞ւ միայն նրանք:

Հիմնի ստեղծումից հետո անցած 15 տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը բազում փորձությունների դիմագրավելով` հաղթական զինադադար է պարտադրել հակառակորդին եւ այժմ հետեւողականորեն ամրապնդում է իր պետականությունը: Թեկուզ միայն դրա համար արժե այդ երկրի օրհներգը սրտի ու մտքի մեջ ղողանջուն ունենալ:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4