Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու նպատակով փաստահավաք խմբում անդամ նշանակելու հարցով կոալիցիան դեռ քննարկումներ չի սկսել: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր, «մարտի 1-ի» հանձնաժողովի անդամ Հովհաննես Մարգարյանը : Հարցին, թե ՕԵԿ կուսակցությունն այդ պաշտոնի համար ունի՞ համապատասխան թեկնածու, պատգամավորը հստակ պատասխան չտվեց, նշելով, որ քննարկումների ժամանակ կլինեն թեկնածուներ եւ իրենք միասին որոշում կկայացնեն:
Հիշեցնենք, որ փաստահավաք խմբում կոալիցիոն ուժերը պետք է ունենան 2 անդամ, իսկ նշանակման վերջնաժամկետը նոյեմբերի 3-ն է: Ներկայում փաստահավաք խմբում հայտնի է միայն մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչըՙ ՄԻՊ աշխատակազմի ղեկավար, արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանն է: «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը դեռ չեն որոշելՙ կմասնակցե՞ն այդ խմբի աշխատանքին:
Հարցինՙ եթե փաստեր հավաքելու առումով «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովն ունի գրեթե նույն լիազորությունները, ինչ պետք է ունենա փաստահավաք խումբը, ապա ո՞րն է նոր խումբ ձեւավորելու իմաստը, Հ. Մարգարյանը պատասխանեց, որ տարբերությունը ոչ թե լիազորությունն է, այլ այն, որ փաստահավաք խմբում պետք է ընդգրկվեն պրոֆեսիոնալներ:
Իսկ պետական մարմինների, մասնավորապես իրավապահների կողմից հանձնաժողովին տեղեկություններ ու տեսանյութեր չտրամադրելու մասով էլ նշեց, որ նրանք պետք է ոչ միայն տեղեկություններ տրամադրեն, այլեւ պարզաբանումներ տան, սակայն իրավապահները ամբողջ ծավալով չեն ներկայացնում տեղեկությունները, ինչի պատճառով հանձնաժողովը վերջնական գնահատական չի կարողանում տալ:
Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ «մարտի 1-ի» գործով մի շարք քաղաքական գործիչներ ոստիկանին հրելու կամ դիմադրելու համար արդեն 8 ամիս գտնվում են անազատության մեջ, իսկ ահա երեք մարդու վրա կրակ բացած Ստեփանավանի քաղաքապետի նկատմամբ որպես խափանման միջոց չի ընտրվել կալանքը: Լրագրողների այս հարցին ի պատասխան Հովհաննես Մարգարյանն ասաց. «Դա զուտ իրավապահների խնդիրն է: Քանի որ քրեական գործ է հարուցված եւ խափանման միջոց որոշողը դատարանն է, ես չեմ կարող այս պահին ասել, թե դատարանն ինչ նկատառումներից ելնելով խափանման միջոցը կալանք չի ընտրել»:
Ինչ վերաբերում է «մարտի 1-ի» հանձնաժողովի աշխատանքին, Մարգարյանն ասաց. «Մենք մինչեւ վերջ չենք ավարտել ուսումնասիրությունը, որ պարզ դառնան ե՛ւ մահվան հանգամանքները, ե՛ւ ընհանուր առմամբ այն, ինչ տեղի է ունեցել»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի մոտ քննարկվե՞լ է Հայաստանի տարբեր քաղաքներում կրիմինալ վիճակի սրման, սպանությունների ու այլ հանցագործությունների ալիք բարձրանալու հարցը եւ ի՞նչ քայլեր են կատարվում իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ: Ա. Բաղդասարյանի կուսակից Հ. Մարգարյանն ասաց, որ իսկապես անվտանգության խորհրդում քննարկվում է ստեղծված իրավիճակը եւ օպերատիվ միջոցներ են ձեռնարկվում քրեածին իրավիճակի դեմն առնելու, ինչպես նաեւ կատարված հանցագործությունները բացահայտելու ու մեղավորներին պատժելու ուղղությամբ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ