«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2008-10-29 | #200, 2008-10-30 | #201, 2008-10-31


ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ` «ՄԻԱՑՈՒՄ»

«Միացում» կոչվող ազգային նոր նախաձեռնության սկզբնավորման մասին երեկ հայտարարեցին խմբի ութ հիմնադիր անդամները: Ժիրայր Սեֆիլյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Խզմալյանը, Ալեք Ենիգոմշյանը, Գրիզելդա Ղազարյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Սեդա Մելիքյանը եւ Ալեքսանդր Քանանյանը ասուլիս էին հրավիրել` ներկայացնելու իրենց սկզբունքներն ու նախաձեռնության ձեւավորման պատճառները:

«Եկել է իրերն իրենց անունով կոչելու եւ ուղիղ գործելու ժամանակը: Լեռնային Ղարաբաղը պետք է միանա Հայաստանի Հանրապետությանը եւ համարվի նրա մարզերից մեկը», հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը : «Անշրջելի փաստ է, որ Արցախը կայացել է որպես պետություն: Անհերքելի է նաեւ, որ Հայաստանն ու Արցախը չեն կարող առանձին գոյատեւել», նկատեց Զարուհի Փոստանջյանը : Հենց այս գաղափարի շուրջն էլ միավորվել են նախաձեռնության անդամները եւ իրենց պայքարը ծավալելու են երկու ուղղությամբ. Հայաստանն ու Արցախը պետք է լինեն միացյալ` ներկայանալով որպես մեկ պետություն, իսկ ազատագրված տարածքներից եւ ոչ մի թիզ չպետք է զիջել Ադրբեջանին: «Հաշվի առնելով արցախյան հակամարտության «մադրիդյան սկզբունքների» հիման վրա մոտալուտ կարգավորման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները, ըստ որոնց Ադրբեջանին են վերադարձվելու ազատագրված յոթ տարածքները, մենք հայտարարում ենք. ցանկացած զիջում վտանգելու է Հայաստանի անվտանգությունը: Ազատագրված տարածքների պահպանումն այն նվազագույնն է, որ կարող է ապահովել երկրի անվտանգությունը: Իսկ ազատագրված տարածքների հաշվին հարցի լուծում կամ էլ փակ սահմանների բացում ակնկալելն ուղղակի ռոմանտիզմ է», նշեց Ալեքսանդր Քանանյանը : Վերջինս վերաբնակվել է Քարվաճառում եւ վստահեցնում է, որ այնտեղից հեռանալ չի պատրաստվում: Իսկ վերաբնակեցման քաղաքականություն, նրա հավաստմամբ, վերջին տարիներին ընդհանրապես չի իրականացվում: «1994 թվականից սա առաջին տարին է, որ Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում չի կառուցվել եւ ոչ մի տուն», նկատեց Ալեքսանդր Քանանյանը:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) առաջին մարտիկներից Ալեք Ենիգոմշյանն ազատագրված տարածքների զիջման դեպքում մատնանշեց ոչ միայն անվտանգության խնդիրը, այլեւ մարդկանց հավատի կորուստը: «Մեր պատմության մեջ առաջին անգամ հող ենք ազատագրել: Ոգեղեն իմաստով այս միտքն է մեզ ուժ տվել տարիներ շարունակ», ասաց նա:

Նախաձեռնության անդամներն աշխատելու են նաեւ Հայաստանի եւ Արցախի միացման հարցով, որը, նրանց դիտարկմամբ, պետք է ամրագրված լինի իրավական ակտերով: «Իրավական փաստաթղթերի ձեւավորմամբ եւ մշակմամբ լուրջ փորձագետներ են զբաղվում: «Ժառանգություն» կուսակցությունը մեկ անգամ եւս Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծ կներկայացնի Ազգային ժողով: Արցախի ճանաչումը, սակայն, միջանկյալ փուլ է լինելու Հայաստանի հետ միավորվելուց առաջ», ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը :

«Միացում» նախաձեռնությունում ընդգրկված անդամների մի մասը Հայ ազգային կոնգրեսի անդամ է, մյուսներն սկզբունքորեն դեմ են կոնգրեսի գաղափարախոսությանը: «Այս նախաձեռնությունը կոնգրեսի հետ որեւէ կապ չունի: Ժիրայր Սեֆիլյանը, որը կոնգրեսի անդամ է, հայտարարեց, որ դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանի` արցախյան հիմնահարցի կարգավորմանն առնչվող դիրքորոշմանը, եւ այս հարցում համագործակցություն նրանց միջեւ դժվար թե տեղի ունենա:

Սարգիս Հացպանյանը «Միացում» նախաձեռնության անդամ չէ: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց, որ Սարգիս Հացպանյանը պատրաստվում է կազմավորել «Սարդարապատ» անունը կրող նախաձեռնությունը, որին ամենայն հավանականությամբ կմիանա նաեւ ինքը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4