«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2008-10-29 | #200, 2008-10-30 | #201, 2008-10-31


ՖԵԹՀԻՅԵ ՉԵԹԻՆԸ ԵՎ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Հոկտեմբերի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի հրավերով հյուրընկալվել էին Հրանտ Դինքի իրավապաշտպան, «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինը, Հրանտ Դինքի հարազատները, գործընկերները: Ինչպես նշեց «Մեծ մայրս» գրքի թարգմանիչ Ռուբեն Մելքոնյանը, Ֆ. Չեթինի այցը Հայաստան պայմանավորված էր գրքի հայերեն թարգմանության երկրորդ վերահրատարակությամբ: Հյուրերը նախ եղան Հրանտ Դինքի անվան լսարանում, այնուհետեւ հանդիպեցին ուսանողների հետ: Նրանց ողջունեց եւ բարի գալուստ մաղթեց ՎՊՄԻ-ի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: Թեմի առաջնորդը շատ կարեւոր համարեց այս հանդիպումըՙ շնորհակալություն հայտնելով այցելության համար:

- Արդարության ջատագով յուրաքանչյուր մարդու նկատմամբ մեր հարգանքը մեծ է,- նշեց սրբազանը:

Այնուհետեւ Ֆ. Չեթինի գիրքը, որը պատմում է ծագումով հայ իր տատի մասին, վերլուծեցին եւ իրենց մոտեցումները ներկայացրին բանասիրական գիտությունների թեկնածուներ, դոցենտներ Արտակ Սարուխանյանը, Վալերի Փիլոյանը: Վերջինս անակնկալ էր պատրաստել. Ֆ. Չեթինին իր գրքում հիշատակում է մի հայկական երգ, որից հիշում էր «հինգալան»: Վ. Փիլոյանի խնդրանքով Բոգդան Հովհաննիսյանը կատարեց հայկական ժողովրդական, հովվական երգ «Հինգալան»:

Ֆ. Չեթինը պատասխանեց ուսանողների հարցերին: Նա ափսոսանքով նշեց, որ հայերեն չգիտի, սակայն Հայաստան այցի ընթացքում զգաց, որ դա մեծ թերություն է եւ փորձելու է շտկել:

- Ես պաշտպանում եմ արդարությունը, պայքարում տարիներ ի վեր շարունակվող անարդարության դեմ,- նշեց Ֆ. Չեթինը: - Եթե արդարությունը չպաշտպանենք, ճանապարհ կբացենք նոր անարդարությունների համար: Անհրաժեշտ է առերեսվել անցյալին, ինչի համար առաջին քայլն այն իմանալն է ու հիշելը: Եթե մի պետություն տարիներ շարունակ վարել է ժխտման ու մոռացության քաղաքականություն, ապա ինչի՞ հետ պիտի առնչվեն նոր սերունդները: Ահա սրա պաշտպանն եմ ես: Այնպիսի մթնոլորտ պետք է ստեղծել, որ հնարավոր լինի խոսել անցյալի մասին, գտնել զրուցակից այդ ցավերի մասին խոսելու համար: Իրականությունը դառն է, սակայն լռությունը մահ է:

Ֆ. Չեթինը անդրադարձավ նաեւ իր գրքին. այն լույս է տեսել 2004 թ. եւ մեծ արձագանք գտել, քանզի շատերն են ունեցել որեւէ հարազատ, ով արմատներով հայ է: Մինչ օրս «Մեծ մայրս» գիրքը, որում նկարագրված է հեղինակի հայրական տատի ճակատագիրը, Թուրքիայում վերահրատարակվել է 8 անգամ, յուրաքանչյուր անգամ նվազագույնը 8000 օրինակով: Թուրքիայի հայտնի թերթերից մեկը հոդված է տպագրել «Հերանուշը իմ տատն էլ է» վերնագրով, ինչն ավելի քան խոսուն է: Ֆ. Չեթինն իր գրքի մեջ իր եւ իր նմանների անունից ներողություն է խնդրում հայրական տատից եւ նրա ճակատագիրն ունեցողներից:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4