«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2008-10-29 | #200, 2008-10-30 | #201, 2008-10-31


ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԱՆԲԱՎԱՐԱՐ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆՈՎ

Երեկ ՀՀ ԳԱ ակադեմիայի արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների թեկնածու Ռոբերտ Դավթյանի «Չարենցը եւ արվեստը» թեմայով դոկտորական ատենախոսության պաշտպանությունըՙ աննախադեպ իր ընթացքով եւ սկզբունքային նշանակությամբ: Պաշտպանության նյութն ուներ իր նախապատմությունը եւ արժանացել էր մամուլիՙ հատկապես մեր թերթի ուշադրությանը:

Ընդունված կարգով նախՙ Ռ. Դավթյանը ներկայացրեց իր աշխատանքը (սեղմագիրը), որից հետո հրապարակվեց մանկավարժական համալսարանի համապատասխան ամբիոնների մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը, ապա եւ պաշտոնական ընդդիմախոսներիՙ արվեստագիտության դոկտ., պրոֆեսորներ Աննա Արեւշատյանի, Լեմս Ներսիսյանի, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանի կարծիքներըՙ զարմանալիորեն կառուցված նույն սկզբունքով, նախ դրվատանքի, արժեւորման, ապաՙ մեծ թերությունների, վրիպումների, անճշտությունների թվարկումով: Ի դեպ, չնայած վերջիններիս բազմաքանակությանը, որպես կանոն, եզրահանգումները նույնաբնույթ էին, այն էՙ դրանք շտկելի են եւ էապես չեն կարող ազդել, նսեմացնել ատենախոսության արժեքը: Մասնագիտական հանձնաժողովի կարծիքը դրական էրՙ հեղինակի հայցած գիտական աստիճանիՙ արվեստագիտության դոկտորի երաշխավորությունը: Ատենախոսության անվերապահ պաշտպանությամբ հանդես եկան Ռուբեն Սաքապետոյանը, Սվետլանա Խանումյանը, Ռուբեն Մաթեւոսյանը եւ Սուրեն Դանիելյանը:

Ապա ձայնը տրվեց ոչ պաշտոնական ընդդիմախոսներին: Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանի ելույթը խիստ քննադատական էրՙ ելնելով գիտական աստիճանաշնորհման ընդունված օրենքների եւ գործող կարգիՙ նա գլխավորը համարեց մասնագիտական պատվախնդրությունը: Ըստ էության, դրական որեւէ խոսք չհնչեց, մասնագիտական դիտարկումները ներկայացվում էին փաստացի հիմնավորումով: Նույն ոգով փորձեց ելույթ ունենալ նաեւ արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը, որին, սակայն, բորբոքված դահլիճը մի քանի անգամ ընդհատեց:

Գիտական միջավայրին անհարիր լարված մթնոլորտ էր ստեղծվել եւ զարմանալի է, որ նույն մարդիկ նույն աղմուկով փորձեցին կանխել նաեւ երաժշտագետ Մհեր Նավոյանի կիրթ, մասնագիտորեն գրագետ եւ տրամաբանված ելույթը, ինչպես նաեւՙ երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի::

Արվեստի ինստիտուտի գիտական աստիճանավորման մասնագիտական խորհուրդը (15 անձից ներկա էին 13-ը) դոկտ-պրոֆ. Վիգեն Ղազարյանի նախագահությամբ լարված մթնոլորտում երկար գաղտնի քվեարկություն անցկացրեցՙ դահլիճին 2 անգամ դուրս ու ներս հրավիրելով: Քվեարկության արդյունքումՙ 8 կողմ, 3 դեմ, 2 ձեռնպահ, հայցորդիՙ Ռոբերտ Դավթյանի արվեստագիտության դոկտորի աստիճան ստանալու պահանջը չբավարարվեց:

Վերջում դառնացած հայցվորը ներկաներին հրավիրեց իր դոկտորականի պաշտպանությանըՙ այս անգամ ... Բաքվում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4