«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2008-10-29 | #200, 2008-10-30 | #201, 2008-10-31


ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ, ԵԹԵ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ ԴԱ ՊԱՀԱՆՋԻ

Ներկայացվեց ֆեդերացիայի նոր խորհրդանշանը

Երեկ Ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում լրագրողներին ներկայացվեցին ֆեդերացիայի խորհրդանշանի նոր տարբերակները: Այն իր մեջ ներառում էր Մասիս սարը եւ գնդակը: Եղան տարբեր առաջարկներ, որոնք հաշվի առնելով, նոր խորհրդանշանը կքննարկվի եւ կհաստատվի նոյեմբերին կայանալիք ֆեդերացիայի խորհրդաժողովում: Իսկ ՀՀ հավաքականների ֆուտբոլիստներն իրենց մարզաշապիկներին կկրեն միայն Հայաստանի զինանշանը: Այնուհետեւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

  «Ազգի» այն հարցին, թե երբ է տրվելու ազգային հավաքականի ելույթների գնահատականը եւ ի՞նչ ճակատագիր է սպասում գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին, ֆեդերացիայի նախագահը պատասխանեց. «Գնահատականը կտանք տարեվերջին: Յան Պոուլսենը դեռեւս աշխատում է հավաքականում: Նա 2 տարվա պայմանագիր ունի ֆեդերացիայի հետ: Խայտառակ պարտությունների համար բոլորը հիմնականում մեղադրում են գլխավոր մարզչին: Սակայն ես հակված չեմ այդ մտքին: Մեր հավաքականի ֆուտբոլիստները պարզապես պատրաստ չէին խաղերին եւ չէին կարողանում պայքարել խաղադաշտում: Իան Պորտերֆիլդի ժամանակ էլ լեհերի ու բելգիացիների հետ նույն «անատամ», խայտառակ խաղն էին ցուցադրում: Հավաքականի ֆուտբոլիստների համար ֆեդերացիան բոլոր պայմանները ստեղծել է: Հավաքականի մարզիչը հնարավորություն չունի չորս օրում ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը բարելավելու: Նա պատասխանատու է միայն խաղի տակտիկայի համար: Իհարկե, կարելի է փոխել մարզչին, պատրաստ եմ նույնիսկ իմ գրպանից նրան վճարել պայմանագրի խզման դիմաց հասանելիք փոխհատուցումը, սակայն կարծում եմ, դրանով իրավիճակը չի փոխվի: Բացառությամբ Բերեզովսկու, Հովսեփյանի, Արզումանյանի ու Ոսկանյանի, մյուսները խաղադաշտում չեն կարողանում պայքարել ինչպես հարկն է: Ուստի իմ կարծիքով ավելի լավ է հավաքականում տեղ տալ երիտասարդ ֆուտբոլիստներին»: Կարծում ենք, որ գոնե հավաքականների մարզիչների ընտրության հարցում նախագահը պատասխանատու է:

Անդրադառնալով լրատվամիջոցներով իր հասցեին հնչած մեղադրանքներին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ ֆեդերացիայի նախագահը պատասխանատու չէ հավաքականների վատ ելույթների համար: Ըստ Հայրապետյանի, իր հրաժարականը կարող են պահանջել այն դեպքում, եթե չարաշահումներ կատարած լիներ, լավ չկազմակերպեր ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը, հավաքականների նորմալ գործունեության համար բարվոք պայմաններ չստեղծեր: Միեւնույն ժամանակ նա առաջարկեց սոցհարցումներ կազմակերպել եւ եթե պարզվի, որ հասարակական կարծիքը դեմ է իրեն, ապա իսկույն եւեթ հրաժարական կտա: Թեեւ գտնում է, որ այդ քայլը ոչնչով չի նպաստի մեր հավաքականների հաջող ելույթներին: Որպես լուրջ խնդիր է Հայաստանում թիմերի փոքր քանակը: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում եւ ապագայում հնարավոր է թիմերի քանակը աճի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4