Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` 11-րդ պարտիայում սպիտակներով 24-րդ քայլին հաշտություն կնքելով Վլադիմիր Կրամնիկի հետ: Այսպիսով, նա մրցախաղը շահեց 6,5-4,5 հաշվով: Ինչպես եւ նախատեսված էր մրցակարգով, 12-րդ պարտիան այլեւս չի անցկացվի: Մրցակիցներից յուրաքանչյուրը 750 հազար եվրո կստանա:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Վիշվանաթան Անանդը կպաշտպանի հաջորդ տարի: Նրա հետ շախմատային թագը վիճարկելու իրավունք կստանա Գատա Կամսկի-Վեսելին Թոփալով մրցամարտի հաղթողը: Այդ մրցախաղը նախատեսված է անցկացնել 2008-ի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 11-ը Լվովում: Մրցախաղի մրցանակային հիմնադրամը 750 հազար դոլար է:
Համաշխարհային շախմատի պատմության մեջ Վիշվանաթան Անանդը աշխարհի 15-րդ չեմպիոնն է, որ ուժեղագույնի տիտղոսը նվաճում է շախմատային թագի հավակնորդի հետ մրցավեճում: Շախմատասերները տեղյակ են, որ մի ժամանակ շախմատային աշխարհը պառակտված էր եւ աշխարհի առաջնություններն առանձին անցկացվում էին երկու վարկածով: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոններ են դարձել Անատոլի Կարպովը (1993-1999), Ալեքսանդր Խալիֆմանը (1999-2000), Վիշվանաթան Անանդը (2000-2002), Ռուսլան Պոնոմարյովը (2002-2004), Ռուստամ Կասիմջանովը (2004-2005) եւ Վեսելին Թոփալովը (2005-2006):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ