Հայաստանի ազգային կինոկենտրոնը լույս է ընծայել գրող, կինոգետ Սերգեյ Գալստյանի «Կախարդական գորգ» գիրքը, որում ամփոփված է հայկական մուլտիպլիկացիոն կինոյի 70-ամյա ուղինՙ սկիզբ առած Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատու» ստեղծագործության հիման վրա 1938թ. մոսկվացի հայ ռեժիսոր Լեւ Ատամանովի (Լեւոն Ատամանյան) ստեղծած առաջին մուլտֆիլմից մինչեւ մեր օրերում անիմացիոն ֆիլմի վերածվող «Սասունցի Դավիթը» էպոսըՙ ռեժիսոր Արման Մանարյանի բեմադրությամբ:
Ինչպես նշվում է գրքում, «Շունն ու կատու» մուլտֆիլմի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են երիտասարդ 25 նկարիչներ, որոնցից շատերը հետագայում դարձան հմուտ մուլտիպլիկատորներ: Ատամանովը նրանց հետ ստեղծեց եւս 2 աշխատանքՙ «Տերտերն ու այծը» 1939թ. եւ «Կախարդական գորգը» 1949թ, որից հետո անսպասելիորեն մեկնեց Մոսկվա եւ փաստորեն մուլտֆիլմերի արտադրությունը Հայաստանում կանգ առավ: Դրանից հետո 2 տասնամյակ պահանջվեց անիմացիոն կինոն վերածնելու համար եւ հաջողվեց միայն կինեմատոգրաֆիստների միության նախագահ Լաերտ Վաղարշյանի եւ նկարիչ բեմադրող Վալենտին Պոդպոմոգովի ջանքերի շնորհիվ: 1970-80-ականներին հայկական մուլտիպլիկացիոն կինոն հասավ զարգացման բարձր մակարդակի, ճանաչվեց ու գնահատվեց միջազգային ասպարեզում, արժանացավ հեղինակավոր մրցանակների: 90-ականներին հայտնի պատճառներով որոշակի անկում ապրեց, սակայն վերջին մի քանի տարիներին ստեղծվում են անիմացիոն ֆիլմեր, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական ինքնատիպ լուծումներով: Գրքի առաջաբանում կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի նշում է, որ «Սերգեյ Գալստյանի հրատարակած գրքերի մեծ մասը նվիրված են հայկական կինոյին, նրա երախտավորներին: Մինչ այս նա երկու անգամ անդրադարձել է հայկական անիմացիոն կինոյինՙ «Հրաշքներ, որ կատարվում են ամեն օր» (1979), եւ «Երբ շնչավորվում է հեքիաթը» (2003) գրքերով: Գալստյանի այս աշխատանքն առավել ամբողջական է թե՛ պատմության ուսումնասիրությամբ, թե՛ ընդգրկումով»:
Ռ. Պ.