Այս միջոցն է նախընտրում ուղեւորների ընդամենը 3 տոկոսը
Այսօր, երբ մայրաքաղաքում օդի աղտոտման ավելի քան 90 տոկոսը կազմում են ավտոմեքենաների արտանետումները, շրջակա միջավայրին վնաս չհասցնող տրանսպորտային միջոցների զարգացման մասին խոսելն անգամ երազանք կարող է թվալ: Ընդամենը մի քանի տարի առաջ տրոլեյբուսների պարկի զարգացումը երազանք էր նաեւ «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերության գլխավոր ճարտարագետ Ասքանազ Պետրոսյանի համար, այսօր արդեն` հեռանկարային ծրագիր:
2006 թվականին կառավարությունը հաստատեց տրոլեյբուսների պարկի պահպանման եռամյա ծրագիրը: Պետք է տարեկան ներկրվեր 18 նոր տրոլեյբուս, սկսվեին պղնձալարերի փոփոխման աշխատանքները: «Նախորդ տարի ներկրել ենք ռուսական արտադրության 18 նոր տրոլեյբուս: Այսօր պարկում ունենք 82 տրոլեյբուս: Մինչեւ այս տարվա վերջ նախատեսում ենք ներկրել եւս 18 նոր մեքենա», ասաց Ասքանազ Պետրոսյանը: Տրոլեյբուսների հիմնական մասը ներկրվել է Խորհրդային Միության տարիներին: Դրանք շահագործելու համար տրոլեյբուսները տարեկան մի քանի անգամ վերանորոգվում են: Այս հարցում, ընկերության գլխավոր ճարտարագետի հավաստմամբ, հայ վարպետները հասել են բացառիկ հաջողությունների: «2005-2006 թվականներին Ֆրանսիայից ստացել ենք «Ռենո» մակնիշի տասը տրոլեյբուս: Ֆրանսիացիներն այդ մեքենաներն օգտագործել էին 30 տարի եւ հանել շահագործումից: Մենք դրանք վերանորոգել ենք եւ այսօր հաջողությամբ շահագործում ենք», նշեց Ասքանազ Պետրոսյանը: Վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ ընկերությունում քայլեր են ձեռնարկում նաեւ պղնձալարերի փոփոխման ուղղությամբ: 272 կմ երկարությամբ ձգվող պղնձալարերը պետք է փոփոխվեին յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: «Վերջին անգամ` 1991 թվականին, ես ինքս եմ պղնձալարերը ներկրել: Դրանից հետո միայն այս տարի ենք կարողացել ներկրել 13 կմ երկարությամբ պղնձալար: Դրանք վաղուց ի վեր փոփոխության կարիք ունեն: Մաշվածության պատճառով չենք կարողանում նորմալ կազմակերպել տրոլեյբուսների աշխատանքը: Պղնձալարերը հաճախ են կտրատվում, վարորդներն էլ ստիպված են լինում կիսատ թողնել երթուղին: Սա էլ ազդում է սպասարկման որակի վրա», նկատեց գլխավոր ճարտարագետը:
Երեւանի քաղաքապետարանում հաշվարկել են. տրոլեյբուսներից օգտվում է ուղեւորների ընդամենը 3 տոկոսը: Տրոլեյբուսներն աշխատում են առանց շահույթի: «Գրեթե ողջ աշխարհում իրավիճակն այդպիսին է: Սակայն տրոլեյբուսները պահպանում ենք եւ միաժամանակ փորձում զարգացնել, որովհետեւ այսօր մայրաքաղաքում մետրոյի հետ տրանսպորտային այն միջոցն է, որը շրջակա միջավայրին վնաս չի հասցնում», ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանը :
2009 թվականից հետո նախատեսվում է հաստատել տրոլեյբուսների պարկի զարգացման ծրագիր: Ծրագրի իրագործման դեպքում քաղաքապետարանում հույս ունեն ավելացնել տրոլեյբուսներից օգտվողների թիվը: «Եթե տրոլեյբուսներից օգտվի ուղեւորների գոնե տասը տոկոսը, ապա մենք արդյունքը բավարար կհամարենք», նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Ասքանազ Պետրոսյանը «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունում աշխատում է արդեն 30 տարի: Էլեկտրատրանսպորտի օգտակարությունն առաջին հերթին կարեւորվում է շրջակա միջավայրին վնաս չհասցնելու հանգամանքով: «Տեխնիկական պատճառներով այսօր մենք չենք կարողանում ըստ պատշաճի կազմակերպել տրոլեյբուսների շահագործումը: Տրոլեյբուսներն այսօր բավականին դանդաղ են աշխատում: Սա է պատճառը, որ հիմնականում թերծանրաբեռնված են աշխատում: Բնակիչները նախընտրում են երթուղային տաքսիները, սակայն դրանց վնասը շրջակա միջավայրին, հետեւաբար նաեւ մարդկանց առողջությանը, ակնհայտ է», ասաց Ասքանազ Պետրոսյանը:
Ներկայումս օրական սպասարկման են դուրս գալիս շուրջ 45 տրոլեյբուսներ: Աշխատում են 6 երթուղով` հասնելով մայրաքաղաքի 12 համայնքներից 8-ը: «Բարեկամության հրապարակում կամրջի կառուցմամբ դադարեցվել էր թիվ 9 երթուղու շահագործումը: Քաղաքապետարանի որոշմամբ շուտով այդ երթուղին կրկին կգործարկվի», նկատեց Ասքանազ Պետրոսյանը:
Խորհրդային Միության տարիներին Երեւանում գործում էր 220 տրոլեյբուս` մեկ օրվա ընթացքում տեղափոխելով շուրջ 60.000 մարդ:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ