«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


«ՆՐԱՆՑ ՓՆՏՐԵՔ ՈՂՋԵՐԻ ՄԵՋ»

Պատմության քառուղիներում շատ կորուստներ ենք ունեցել: Հանուն Արցախի ազատագրման զոհվեցին մեր շատ երեւելի քաջորդիներ, մեծ կորուստ կրեց մեր ծաղիկ գենոֆոնդը: Մեզանից յուրաքանչյուրն այդ պայքարում իր պարտքն ու անելիքը ուներ:

Լրագրող Ամալյա Եդիգարյանի պարտքն էր անդրադառնալ զոհված տղաների կերպարներին: Նա նկատել է, որ պատերազմի դաշտում զավակ կորցրած մայրերը սփոփանք են ստանում ամեն մի հոդվածից, նյութից հեռուստաէկրանին եթեր սփռվող իրենց որդիների նկարներից:

Ելնելով այս ամենից 97-ին ընթերցողի սեղանին է դրվել Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկ Դուշման Վարդանի մասին պատմող «Շուշին ազատագրված է, հանգստացիր» գիրքը:

10-ամյա դադարից հետո ընթերցողի սեղանին է դրվել Արցախյան գոյամարտի տարեգրությունն ամփոփող «Նրանց փնտրեք ողջերի մեջ» հուշամատյանը:

Ծնվել է մի գիրք, որի էջերում 1915-ի իրադարձություններն են, մարտի գնացող տղաների հոգումՙ Եղեռնի մորմոքը, Կարսի, Վանի, Էրզրումի, ինչպես նաեւ Մասիսի տեսլականը, մինչեւ 88-94-ի փոթորկալի օրերը:

«Առաջին հերթին կցանկանայի, որ այն լիներ մեր իշխանավորների` բիրդան աղաների սեղանի գիրքը, որպեսզի նրանք հասկանային` այսօրվա իշխանությունը, որ վայելում են, զոհված ազատամարտիկների շնորհիվ է. այսօր ո՞վ գիտի, որ Արցախյան պատերազմում երեք զոհ տված Լյուդա մայր ունենք: Վայելում ենք մեզ տրված հնարավորությունները` չգիտակցելով, թե ով է մեզ այդ հնարավորությունը տվել», նկատում է գրքի հեղինակ Ամալյա Եդիգարյանը:

Գրքի էջերով անցնում են հայ ազգի երեւելիները` Լեոնիդ Ազգալդյանը, Սամվել Շահմուրադյանը, Մոնթե Մելքոնյանը եւ շատերը:

Զարուհի Շամյանը` Դուշման Վարդանի մայրը, իր կարծիքն է հայտնում. «6000 երիտասարդներ` շատերի 18-ը չլրացած, մի աղջկա կողքով չանցած, սիրո խոսքեր չասած տղաներ են: Արցախ աշխարհին ոչինչ չտված, սոված զինվորին անգամ հաց չտվածներն այսօր դարձել են ազգի հերոսներ: Այսօր դարձել են կռվողներ ու երբ մայրերիս հանդիպում են, ասում են. «Ի՞նչ անենք, որ մենք չզոհվեցինք»: Նման մարդիկ զոհված են. Դուշման Վարդանն է իր հերոս ընկերների հետ ժայռերով բարձրացել, Շուշին ազատագրել եւ բարձր գոռացել. «Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք»:

«Որդիս իրավաբանականի 5-րդ կուրսը լքել, ինձ էլ հայտարարել է. «Քո մահն անգամ ինձ հետ չի պահի», ու մտել է Արցախ: Փառք ու պատիվ նրա ընկերներին, մեր բոլոր զոհերին ու զավակ կորցրած մայրերին, որոնք իրենց որդիներին ճանապարհել են պատերազմ` հաղթանակով վերադառնալու. բոլորը գիտեն` Արցախյան պատերազմում ով է կռվել, ով է թալանել եւ ով հաղթել: Ճշմարտություն է գրքի յուրաքանչյուր բառը. դեռ քիչ է, շատ պետք է գրվեր արժանի հերոսներին: Սա գիրք է պատմության հաղթանակների, սահմանները ամրացնելու մասին: Մենք պահանջում ենք, որ մեր հողերը, որ մեր որդիներն են տարել` անսասան լինեն եւ չշահագործվեն», ասում է Դուշման Վարդանի մայրը:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4