«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2008-11-01 | #203, 2008-11-04 | #204, 2008-11-05


ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ»

«Մեյենդորֆյան հռչակագրի ստորագրմամբ սկսվել է ապացույցների պատերազմը»: Բնորոշման հեղինակը քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանն է: Օրենքի շրջանակներում անցկացվող պայքարը, նրա հավաստմամբ, սկսվել է նոյեմբերի 2-ից, իսկ թե ով կհաղթի այս պատերազմում, քաղաքագետը կանխատեսումներ չարեց, սակայն նշեցՙ առավելությունները հայկական կողմինն են: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այս փուլում կհաղթի այն կողմը, որը գիտականորեն կկարողանա ապացուցել իր իրավացիությունը: Հռչակագրում նշված է, որ բանակցային գործընթացը շարունակվելու է միջազգային օրենքների սահմաններում: Սա կարեւոր է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ծնվել է միջազգային օրենքի տառին համապատասխան», ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքն ապացուցող փաստերն ու դրույթները, քաղաքագետի հավաստմամբ, իշխանությունները հաճախ չեն օգտագործում բանակցությունների ընթացքում: «Այս փուլում, սակայն, նման բացթողումները պետք է բացառվեն», վստահեցրեց քաղաքագետը:

Վերջինիս համոզմամբ, Մեյենդորֆյան հռչակագրում դրականն ավելին է, քան բացասականը: Նախ` առաջին անգամ կողմերը պարտավորվում են խնդրի լուծումը գտնել միայն խաղաղ ճանապարհով, երկրորդ` 1994 թվականից ի վեր սա առաջին փաստաթուղթն է, որ ստորագրում են երկու երկրների նախագահները, եւ որ ամենակարեւորն է, Ադրբեջանը չի ընդգծում տարածքային ամբողջականության հանգամանքը` հաստատելով, որ հարցը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Որքանով ես եմ ծանոթ մադրիդյան սկզբունքներին, այնտեղ նշված է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին», ասաց Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Բացասականը, քաղաքագետի հավաստմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահի ստորագրության բացակայությունն է հռչակագրի ներքո: «ԼՂՀ-ի մեկուսացում է նկատվում: Փաստորեն, Հայաստանը հանդես է գալիս ոչ միայն որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այլեւ փոխարինող միջազգային ասպարեզում: Մինչդեռ հակամարտության սահմանը Արցախի եւ Ադրբեջանի միջեւ է», նշեց քաղաքագետը:

Միաժամանակ քաղաքագետը վստահեցրեց, որ այս քայլով տարածաշրջանում ամրապնդվեցին Ռուսաստանի դիրքերը: «Ռուսաստանն օգտագործեց պահը: ԱՄՆ-ն զբաղված էր ընտրություններով, իսկ Եվրոպան` տնտեսական խնդիրներով: Ճիշտ ժամանակն էր ամրապնդելու առաջատարի իր դիրքերը», ասաց քաղաքագետը:

Հռչակագրում ամրագրված յուրաքանչյուր կետի վերլուծություններն ու եզրակացությունները ներկայացնելով հանդերձ` քաղաքագետը համոզված է, որ խնդրի կարգավորումը սեղանի շուրջը դժվար թե տեղի ունենա: «Հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանը հետաքրքրում է Արեւմուտքին եւ Ռուսաստանին: Երբ տարածաշրջանն այլեւս կարեւորություն չներկայացնի նրանց համար, այնժամ Հայաստանն ու Ադրբեջանը, գուցե նաեւ պատերազմի դաշտում, լուծեն խնդիրը», ասաց քաղաքագետը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4