«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2008-11-01 | #203, 2008-11-04 | #204, 2008-11-05


ՎԵՏԵՐԱՆ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՄՐՑԱՎԵՃԸ

Գերմանիայում մեկնարկել է վետերան շախմատիստների աշխարհի 18-րդ առաջնությունը: Մրցաշարին կարող են մասնակցել հունվարի 1-ի դրությամբ 60 տարին լրացած տղամարդիկ եւ 50 տարին լրացած կանայք: Մուտքավճարը 140 եվրո է: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Կանանց եւ տղամարդկանց մրցաշարերում ընդհանուր առմամբ առաջնության պարգեւներն են վիճարկում 338 շախմատիստներ: Կանանց մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 2000 եվրո է: Այստեղ հանդես են գալիս 35 շախմատիստուհիներ: Տղամարդկանց մրցաշարում չեմպիոնը կպարգեւատրվի ոսկե մեդալով եւ 2500 եվրոյով: 2-րդ տեղը գրաված շախմատիստն արծաթե մեդալի համար կստանա 2000 եվրո, իսկ բրոնզե մրցանակակիրը կպարգեւատրվի 1500 եվրոյով: 4-8-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան 1000-ից մինչեւ 200 եվրո:

Հայաստանը Գերմանիայում ներկայացնում է միջազգային վարպետ Էդուարդ Մնացականյանը: Անցկացված 6 տուրից հետո հայկական շախմատի վետերանը 4 միավորով զբաղեցնում է 43-րդ տեղը 303 մասնակիցների մեջ: Առաջին տուրում Մնացականյանը ոչ-ոքի խաղաց Վեյկո Կոսկինենի հետ, ապա 3 անընդմեջ հաղթանակ տոնեց համապատասխանաբար Մարկ Ռուբինշտեյնի, Ֆրիդե Դահլհաուսի եւ Կառլ-Հայնց Բուդտի նկատմամբ: 5-րդ տուրում հայ շախմատիստն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով Միսո Ցեբալոյին: Իսկ 6-րդ տուրում նա հաշտություն կնքեց Բորիս Բլաուշտայնի հետ:

6 տուրից հետո տղամարդկանց մրցաշարի աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են ռուսաստանցի Վլադիմիր Օնոպրիենկոն, չեխ Վլաստիմիլ Յանսան, ռումինացի Միհայ Շուբան եւ խորվաթ Միսո Ցեբալոն:

Կանանց մրցաշարում 35 մասնակիցներից լավագույն արդյունքի է հասել ռուսաստանցի Գալինա Ստրուտինսկայան, որը 6 հնարավորից ունի 5 միավոր: 4,5-ական միավորով հաջորդ տեղերում են լատվիացի Տամարա Վիլերտեն եւ ռուսաստանցի Լյուդմիլա Սաունինան:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4