«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2008-11-04 | #204, 2008-11-05 | #205, 2008-11-06


ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՅՍՈՎ

Մինչդեռ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը համոզված է` փոփոխություններ դժվար թե լինեն

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ հանդիպել էր լրագրողների հետ` մեկնաբանելու Մեյենդորֆյան հռչակագրի ստորագրումը: Սակայն հենց հանդիպման սկզբում քաղաքագետը նշեց. «Մեյենդորֆյան հռչակագիրը, իրականում, սահմանում եւ հռչակում է այն կետերը, որոնք մինչ այդ էլ հայտնի են: Խոսել հռչակագրի մասին որպես շրջադարձային երեւույթի, ճիշտ չէ»: Նրա կարծիքով, շատ ավելի կարեւոր է հասարակության վերաբերմունքն արցախյան խնդրում հնչող յուրաքանչյուր կարծիքի եւ տեսակետի նկատմամբ: Կովկասի ինստիտուտի տնօրենի բնութագրմամբ, հասարակության վերաբերմունքն այդ առումով ֆենոմենալ է: «Հասարակության մեջ խուճապային եւ տագնապային վերաբերմունք կա: Ինչ-որ մեկը հերթապահ միտք է հայտնում, եւ միանգամից սկսվում են խոսակցություններ Արցախը վաճառելու եւ վերադարձնելու շուրջ: Նման խոսակցություններ ես լսում եմ 90-ական թվականներից ի վեր», ասաց բանախոսը: Իրավիճակն Ադրբեջանում, սակայն, այլ դրսեւորումներ ունի: Երեւույթն այնտեղ շատ ավելի մեղմ է արատահայտված: «Ադրբեջանում իշխանական համակարգն այլ կերպ է կառուցված: Այլ է մամուլը, գրաքննությունն ու անգամ ինքնագրաքննությունը: Այդ երկրում հոդվածի ոչ ճիշտ բառից հետո չակերտներ չդնելու պարագայում գուցեեւ դադարես լրագրող լինելուց: Նրանք ի վերջո պարտվել են եւ փորձում են խնդիրն առավել լավատեսորեն ներկայացնել», նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի վստահեցմամբ, նոյեմբերի երկուսին ստորագրված հռչակագիրը, այնուամենայնիվ, հստակորեն նախանշում է, որ արցախյան խնդրի լուծումն առաջիկայում անհնար է: «Եթե խնդրի լուծումը մոտ լիներ, ապա Արցախը ներկա կլիներ բանակցություններին: Լեռնային Ղարաբաղի բացակայությունը նշանակում է, որ այս բանակցություններն ավելի շատ միտված են կարգավորման իմիտացիա ստեղծելուն», ասաց քաղաքագետը: Հռչակագրի ստորագրումը շատ ավելի անհրաժեշտ եւ կարեւոր է Ռուսաստանի համար, քան Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի: «Ռուս-վրացական հակամարտությունից հետո Ռուսաստանի վարկանիշն անկում ապրեց Արեւմուտքում: Ռուսաստանին անհրաժեշտ է ներկայանալ որպես կոնֆլիկտների հարթեցման խնդրում կառուցողական դիրքորոշում ունեցող պետություն: Եվ Ռուսաստանն այսօր փորձում է անել այն, ինչ կարող է», նշեց բանախոսը:

Քաղաքագետն անդրադարձավ նաեւ Բարաք Օբամայի հաղթանակին` նշելով, որ Հարավային Կովկասի եւ մասնավորապես, Հայաստանի նկատմամբ տարվող քաղաքականության հարցում հեղափոխական փոփոխությունների հարկավոր չէ սպասել: «Նախընտրական քարոզարշավն ու հետընտրական քաղաքականությունը տարբեր հարթություններում են: Միացյալ Նահանգներում մեծ քանակության հայեր են ապրում եւ Օբամայի նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած խոստումները պետք է դիտարկել այս համատեքստում», նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4