Մոսկովյան եռակողմ հռչակագրի համատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետները երեկ լրագրողներին ներկայացրեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով` ընդունված եռակողմ հռչակագիրը միայն բարի ցանկությունների արձանագրություն է եւ ոչ ավելին:
«Չնայած ոմանք կարծում են, որ այդ գործընթացը բերելու է շատ լուրջ փոփոխությունների, բայց տարիների ուսումնասիրություններն ինձ թույլ են տալիս ասել, որ գործընթացն առնվազն եւս 10 տարի շարունակվելու է», համոզմունք հայտնեց Դեմկուսի ղեկավարը` առանձնացնելով նաեւ մեկ պատճառ: Նրա դիտարկմամբ` ընդունված հռչակագրում կա շատ լուրջ հակասություն, որի պատճառով նաեւ հնարավոր չէ խնդրի կարգավորում:
Ըստ Հայաստանի դեմկուսի ղեկավարի` հռչակագրում առկա հակասությունն այն է, որ մի կողմից արձանագրվել է քաղաքական կարգավորում, միաժամանակ ամրագրելով միջազգային օրենքների հիման վրա: Քաղաքական կարգավորումը ենթադրում է պայմանավորվածություններ, մինչդեռ միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորումը զուտ միջազգային օրենքի շրջանակներում է: Դեմկուսի նախագահի համոզմամբ` հայկական կողմի համար ձեռնտու է, որ կարգավորումը լինի իրավական գործընթաց:
Ինչ վերաբերում է մոսկովյան եռակողմ հանդիպման ձեւաչափին` «արտառոց որեւէ փաստ չկա», կարծում է Դեմկուսի ղեկավարը` անիմաստ համարելով Բրայզայի «նեխածացության» դրսեւորումները` հակասական հայտարարություններով, առավել եւս նման եռակողմ հանդիպումներ նախկինում եւս տեղի ունեցել են Քի Վեսթում: Արամ Սարգսյանը նկատեց, թե Բրայզան հեռացող է, ԱՄՆ նորընտիր նախագահն էլ շատ շուտով ակտիվ քաղաքականություն է վարելու մեր տարածաշրջանում: Նա կարծում է, որ տվյալ պահի համար Ռուսաստանն իր խնդիրը լուծել է եւ կփորձի միանձնյա շարունակել հարցի կարգավորումը, եթե, իհարկե, նրան թույլ տան:
«Անդրադառնանք կարգավորման առկա սկզբունքներին. եթե անգամ մադրիդյան սկզբունքների հիման վրա հակամարտությունը կարգավորելու փորձ արվի, ապա, տեւելու է շատ երկար», կարծում է Արամ Սարգսյանը: Անդրադառնալով տարածքների խնդրին` Դեմկուսի ղեկավարը նախ հարց ձեւակերպեց, թե ի՞նչ էր զիջելու Հայաստանը ԼՂ կարգավիճակի դիմաց, եթե Ադրբեջանը չսանձազերծեր պատերազմ ու տարածքները չազատագրվեին: «Տարածքներն արդեն իսկ փոխզիջում են հայկական կողմի այն կորցրած տարածքների դիմաց, որոնք հիմա Ադրբեջանի մոտ են գտնվում», ասում է Դեմկուսի նախագահը:
Դեմոկրատական կուսակցության ղեկավարը նաեւ համոզմունք հայտնեց, որ հակամարտությունը չի կարող լուծվել, քանի դեռ բանակցություններին չի մասնակցում ղարաբաղյան կողմը` արտահայտելով Ղարաբաղի ժողովրդի կամքն ու դիրքորոշումները: Նա ասաց, թե չի պատկերացնում լուծում, որը կլինի տարածքների վերադարձով, իսկ նման հեռանկարի դեպքում խոստանում է, որ ինքն իր կուսակցության հետ կլինի բողոքի ալիք բարձրացնողներից առաջինը:
«Ազգի» այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Ղարաբաղի հարցի կարգավորման վրա, Դեմկուսի ղեկավարն այսպես պատասխանեց. «Ներքաղաքական իրավիճակն ամենամեծ ազդեցությունն է ունենալու բոլոր մեր խնդիրների կարգավորման վրա. այստեղ անձնական մոտեցումները պետք է բացառվեն. խնդիրը շատ հստակ է դրված` կամ երկիրն ինքն իր ներսում կունենա արդար հասարակական հարաբերություններ, կամ ինքն, իհարկե, տանուլ կտա: Երկրում պետք է լինի իշխանություն, որը կարողանում է վստահություն վայելել իր ժողովրդի մեջ: Եթե չեղավ այդպիսի իշխանություն, մենք որեւէ խնդիր չենք կարող լուծել. դա բացառվում է, քանի որ երկիրն ուժեղ է իր միասնությամբ: Ամենամեծ խնդիրը, որ դրված է այս քաղաքական ղեկավարության առաջ, դա է. կկարողանան, ուրեմն ամեն ինչ լավ է, եթե չեն կարողանա, ուրեմն պետք է մտածելՙ ի՞նչ անել, որ վերջ ի վերջո Հայաստանում ձեւավորենք մի իշխանություն, որ իրոք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահությունն է վայելում»:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ