«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2008-11-04 | #204, 2008-11-05 | #205, 2008-11-06


ՄԵԾ ԳՈՒՄԱՐ ՇԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՁԵԶ ՀԱՅՏՆԵԼ ԵՆ SMS ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈ՞Վ

«Վիվասելը» զգուշացնում է. մի արձագանքեք այդ հաղորդագրություններին

«Շնորհավորում ենք: Դուք շահել եք 20.000 դոլար: Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում նման բովանդակության բջջային հաղորդագրություններ են շարունակում ստանալ «Վիվասել»-ՄՏՍ ընկերության բաժանորդները: Ընկերության հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Վահե Իսահակյանը «Ազգ»-ի հետ զրույցում նշեց, որ ընկերությունն էլ իր հերթին երեք անգամ նախազգուշական հաղորդագրություններ է ուղարկել իր բաժանորդներին: «Մենք զգուշացրել եւ միաժամանակ հորդորել ենք մեր բաժանորդներին չարձագանքել այդ հաղորդագրություններին եւ տեղեկացրել ենք, որ «Վիվասել»-ՄՏՍ-ն ոչ մի առնչություն չունի այդ հաղորդագրությունների հետ», ասաց Վահե Իսահակյանը:

«Սփամ» կոչվող այդ հաղորդագրությունները տարածվում են օտարերկրյա օպերատորների ցանցերից: Վահե Իսահակյանի հավաստմամբ, իրենք համագործակցում են արտերկրի օպերատորների հետ եւ կանխում նման հաղորդագրությունների տարածումը: «Սակայն մեր բաժանորդների ստացած հաղորդագրություններն ուղարկված են ինտերնետի միջոցով: Այս պարագայում մենք չենք կարողանում վերահսկել դրանց տարածումն ու քայլեր ձեռնարկել կանխելու համար», ասաց Վահե Իսահակյանը:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ նման հաղորդագրությունները տարածվում են ոչ միայն բջջային հեռախոսների միջոցով, այլեւ այս նպատակով օգտագործվում են նամակագրության էլեկտրոնային եւ փոստային միջոցները, անգամ եղել են դեպքեր, երբ մարդիկ ֆաքսային հաղորդագրություններ են ստացել: Եթե դուք որեւէ խաղարկության չեք մասնակցել, իսկ անծանոթ բաժանորդը Ձեզ վստահեցնում է, որ հենց Դուք եք այն միակ երջանիկը, ում բախտը ժպտացել է, ապա ամենայն վստահությամբ կարելի է շեշտել, որ նպատակը միայն դրամաշորթությունն է: Արձագանքելու դեպքում Ձեզ կվստահեցնեն, որ Ձեր շահած գումարը փոխանցելու համար պետք է նրանց ուղարկեք որոշակի գումար, իսկ մի քանի օր անց պահանջված դրամը կաճի մի քանի անգամ: Ինչպես ասում են, ձրի պանիրը միայն թակարդում է լինում:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4