Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի նվաճումը շատ է ոգեւորել Վախթանգ Դարչինյանին եւ լրացուցիչ վստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ: Այլ կերպ լինել չէր էլ կարող: Վախթանգը լի է վճռականությամբ նորանոր բարձունքներ նվաճելու եւ ավելացնելու չեմպիոնական իր գոտիների քանակը:
Միխարեսի հետ մենամարտից հետո Դարչինյանը հայտարարել էր, որ իր հետագա ծրագրերի մեջ է մտնում նվաճելու նաեւ WBO-ի վարկածով առաջին թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը, որը ներկայում պատկանում է մեքսիկացի Ֆեռնանդո Մոնտելին: Եվ ահա հայ բռնցքամարտիկը որոշել է նաեւ մարտահրավեր նետել WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի ժամանակավոր տեր Խորխե Արսեին, ինչպես նաեւ տեղափոխվել ավելի բարձր քաշային կարգ ու մենամարտել առաջին կիսամիջին քաշային կարգի WBC-ի վարկածով չեմպիոնական գոտու տեր, մեքսիկացի Իսրայել Վասկեսի հետ:
Ըստ Վախթանգի մենեջեր Էլիաս Նասերի, բացառված չէ, որ մոտ օրերս Արսեի հետ մենամարտելու պայմանավորվածություն ձեռք բերվի: Վերջինս դեռեւս մի քանի տարի առաջ հավակնում էր թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին, որը պատկանում էր Վախթանգին: Սակայն այդպես էլ նրանց մենամարտը չկայացավ: Եթե Արսեն համաձայնվի մրցել Վախթանգի հետ, ապա մենամարտը կկայանա 2009-ի մարտի առաջին շաբաթ օրը, Լոս Անջելեսում: Իսկ եթե նա հրաժարվի մենամարտից, ապա Դարչինյանը մտադիր է տեղափոխվել քաշային հաջորդ կարգ ու պայքարել WBC-ի կամ WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Նասերը վստահ է, որ Վախթանգ Դարչինյանը կհաղթի Խորխե Արսեին եւ կստիպի նրան ավարտել ելույթները պրոֆեսիոնալ ռինգում, որտեղ մեքսիկացի բռնցքամարտիկը 56 մենամարտերից 51-ում (39-ը` տեխնիկական նոկաուտով) հաղթել է, 4-ում պարտվել է, մեկն ավարտել է ոչ-ոքի:
«Ցանկանում եմ մենամարտել չեմպիոնական գոտու տեր յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ, թեկուզ եւ քաշային մի քանի կարգերում: Չեմպիոնի տիտղոսի համար մենամարտելը մեծ հաճույք է պատճառում ինձ: Հաճույքով կմենամարտեի Ֆեռնանդո Մոնտելի հետ, նրանից կխլեի չեմպիոնական գոտին, ապա կտեղափոխվեի առաջին կիսաթեթեւ քաշային կարգ, որպեսզի մրցեի Իսրայել Վասկեսի հետ: Նա լավ բռնցքամարտիկ է, ուստի կցանկանայի մենամարտել նրա հետ», նշել է Վախթանգ Դարչինյանը:
Իսրայել Վասկեսը 30 տարեկան է, պրոֆեսիոնալ բռնցքամարտում 47 մենամարտ է անցկացրել, որից 43-ում հաղթել է (31-ը` տեխնիկական նոկաուտով), 4-ում պարտություն կրել: Ի դեպ, Վասկեսն օրերս հայտարարել է, որ ինքը հոգնել է Խորխե Արսեի մարտահրավերներից եւ պատրաստ է նրան լավ դաս տալ. «Սա արդեն վրդովեցուցիչ է: Սկզբում նրա հրավերքները լուրջ չէի ընդունում, սակայն այս իրավիճակը շարունակվում է արդեն մեկ տարի: Հավատա ինձ, Խորխե, որ ես ոչ միայն քաշով քեզանից ավելի ծանր եմ, այլեւ քեզանից լավ բռնցքամարտիկ եմ: Նա հանդես է գալիս առաջին թեթեւագույն քաշային կարգում եւ ցանկանում է մենամարտել իմ հետ: Եթե նա չի կատակում, ապա պատրաստ եմ հանդիպել նրա հետ: Երկուսս էլ մեծ թվով երկրպագուներ ունենք եւ մեր մենամարտն ԱՄՆ-ում մեծ հետաքրքրություն կառաջացնի: Խորխե, ուշադիր ուսումնասիրիր իմ վերջին մենամարտը Ռաֆայել Մարկեսի հետ ու լավ մտածիր, թե արդյոք ցանկանո՞ւմ ես մենամարտել իմ հետ: Եթե դու դրական պատասխան տաս, ապա գոնգից քիչ անց կհասկանաս, թե ինչպիսի սխալ ես կատարել»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ