«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ԱՐՓԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԱՄՆ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ԺԽՏԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ՍԱԿԱՅՆ ՉԻ ԷԼ ԸՆԴՈՒՆԵԼ»

Միացյալ Նահանգների պատմական ընտրությունները կարո՞ղ են արդյոք պատմական դառնալ նաեւ Հայաստանի համար: Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ ԼՂՀ գրասենյակների տնօրեն Արփի Վարդանյանը հուսով է եւ հավատացած, որ այս անգամ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչած խոստումները գուցե իրականության վերածվեն: «Նախորդ ընտրություններում թեկնածուները խոստանում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդպես էլ իրենց խոսքին տեր չէին կանգնում: Այս անգամ, սակայն, իրավիճակը մի փոքր այլ է: Թեկնածու Ջոն Մակքեյնը ցեղասպանության ճանաչման խոստումներ չէր տվել, իսկ Բարաք Օբաման իր խոստումը հնչեցրել է մի քանի անգամ: Բացի այդ, նա հայամետ դիրքորոշում է ցուցաբերել նաեւ այն ժամանակ, երբ սենատոր էր: Այս անգամ ուզում եմ հավատալ, որ հուսախաբություն կրկին չենք ապրի», «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Արփի Վարդանյանը:

Կկատարի իր խոստումը Բարաք Օբաման, թե՞ ոչ. պարզ կդառնա ապրիլի 24-ի ավանդական ուղերձից: Թեպետ Արփի Վարդանյանը չի բացառել, որ Բարաք Օբաման կարող է Ցեղասպանությունը ճանաչել նաեւ մինչեւ ապրիլի 24-ը: «Սակայն սա բնավ չի նշանակում, որ մենք պետք է անգործ նստենք եւ սպասենք Օբամայի որոշումներին: Հայկական լոբբին շարունակելու է աշխատել նույն ակտիվությամբ», ասաց Արփի Վարդանյանը: Դեռ ավելին, հայկական կազմակերպությունների աշխատանքն առավել համակարգված եւ ազդեցիկ պետք է լինի, քանի որ թուրքական լոբբին իր հերթին արշավ է սկսելու Ցեղասպանության հերքման ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Էրդողանը նորընտիր նախագահին հղած իր շնորհավորական ուղերձում արդեն իսկ շեշտել է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը: Արփի Վարդանյանը չբացառեց, որ Ցեղասպանության ճանաչումը կարող է եւ որպես խոստում մնալ թուրքական կողմի սպառնալիքների պատճառով: «Բավականին երկար ժամանակ Թուրքիան դեմ էր Օբամայի թեկնածությանը` հաշվի առնելով նաեւ նրա տեսակետը Հայկական հարցի վերաբերյալ: Թուրքիան բազմիցս է շեշտում թուրք-ամերիկյան բարեկամության մասին: Կարող եմ ասել, որ իրականում նրանք այնքան էլ լավ բարեկամներ չեն եւ իրենց քաղաքականությունը կառուցում են ելնելով միայն Թուրքիայի շահերից: Օրինակ, Իրաքյան պատերազմի ընթացքում նրանք թույլ չտվեցին ամերիկյան զորքերի տեղակայումը Թուրքիայի տարածքում: Այսպիսի քայլերը չեն մոռացվում», վստահեցրեց բանախոսը:

Այսօր փոփոխությունների ակնկալիք Օբամայից միայն Հայաստանը չէ, որ ունի: «ԱՄՆ-ի համար այսօր Հայաստանը, իհարկե, ամենաառաջինը չէ, բայց կարեւորագույններից մեկն է: Նահանգներում ներկայումս այնպիսի մթնոլորտ է տիրում, որ մեծ ուշադրություն է դարձվում ընդհանրապես բոլոր ցեղասպանությունների կանխմանն ու ճանաչմանը: Հայոց եղեռնի ճանաչումը կարեւոր է նաեւ հենց Նահանգների համար: 1915 թվականին Թուրքիայում ԱՄՆ դեսպան Մորգենթաուն առաջիններից մեկն էր, որ խոսեց Հայկական ցեղասպանության մասին: Եղեռնի ընդունմամբ ԱՄՆ-ն մեկ անգամ եւս կհաստատի իր պատմությունը եւ ճշմարտությունը: ԱՄՆ-ն երբեք չի ժխտել Հայոց ցեղասպանության հարցը, սակայն չի էլ ընդունել», ասաց Արփի Վարդանյանը*:

Տնտեսական ճգնաժամը չի շրջանցել նաեւ հայկական լոբբիով զբաղվող կազմակերպություններին: «Ֆինանսական հնարավորություններն իսկապես նվազել են: Ճգնաժամն ազդել է բոլոր լոբբիների եւ հասարակական կազմակերպությունների վրա, այդ թվում նաեւ թուրքական: Եվ, թեպետ Թուրքիան շատ ավելի մեծ հնարավորություններ ունի, մենք կարող ենք նրանց հակադրվել մեր նվիրվածությամբ եւ փորձով: Ավելի քան 35 տարվա փորձ ունենք եւ այսօր մեծ հեղինակություն ենք վայելում», նշեց բանախոսը:

(*) Հիշեցնենք, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թ.-ին ընդունել եւ հաստատել է Հայոց ցեղասպանության փաստը: խմբ.

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4