«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2008-11-05 | #205, 2008-11-06 | #206, 2008-11-07


ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՇՈՐ ՎԱՐԿԸ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» ԲԱՆԿԻՆ

Եվրոբանկը տրամադրեց 50 մլն դոլարի առաջին 18 մլն դոլարը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան ներկայացուցիչ Մայքլ Վայնշտայնը եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը երեկ ստորագրեցին համաձայնագիր, ըստ որիՙ հայկական բանկին ՎԶԵԲ-ը կտրամադրի 18 մլն դոլարի սինդիկացված վարկ: Ինչպես պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ հայտնեց «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենը, սա վարկավորման խոշոր փաթեթի առաջին փուլն է, որը հնարավորություն կտա բանկին ավելացնելու տնտեսության իրական հատվածում միկրո, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը, այդ թվումՙ մարզերում: Իսկ վարկային փաթեթի ընդհանուր արժեքը 50 մլն դոլար է, որը կտրամադրվի 4 տարի ժամկետով: Գումարը, Ստեփան Գիշյանի կարծիքով, ամբողջությամբ կտրվի մինչեւ եկող տարվա առաջին եռամսյակը:

Միջազգային ֆինանսական ճգնաժամի պայմաններում, հայկական բանկերին միջազգային ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող միջոցների ծավալների վերջերս նկատվող ավելացման առնչությամբ «Ազգի» տված հարցին, թե ի՞նչ է դա նշանակում, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ դա նշանակում է վստահության ավելացում Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ: Դա, ըստ ԿԲ նախագահի, նաեւ նշանակում է, որ բոլոր միջազգային ֆինանսական կառույցները եւ ֆինանսական կազմակերպությունները միջազգային ճգնաժամի պայմաններում փնտրում են խաղաղ նավահանգիստ իրենց միջոցները ներդնելու համար: Այդ խաղաղ նավահանգիստներից մեկն էլ Հայաստանն է եւ մեր բանկային համակարգը, որը վստահելի է եւ վերահսկելի:

Հայկական բանկերը փոփոխե՞լ են վարկավորման պայմանները հարցին, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ բոլոր հայկական բանկերը վերանայել են իրենց վարկավորման պայմաններըՙ հաշվի առնելով ի հայտ եկած ռիսկերը: Այժմ բանկերն ավելի ուշադիր են ուսումնասիրում վարկային պատմությունները, իսկ մի շարք բանկեր էլ սկսել են աշխատել միայն խոշոր հարկատուների հետ: Այսինքն, նրանք ցանկանում են աշխատել այն ընկերությունների հետ, որոնք ստվերից դուրս են գալիս: Ասվածին Ստեփան Գիշյանն ավելացրեց, որ իր ղեկավարած բանկը, վերանայելով վարկավորման պայմանները, վարկերի տոկոսների փոփոխություն չի կատարել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4