Եվ հարկային փոփոխությունների փաթեթ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Գործարար միջավայրի բարելավմանը եւ մասնավորապես բիզնես սկսելու ծախսերի նվազեցմանն ու բիզնեսի վարման հեշտացմանն էին ուղղված երեկ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրենքների փոփոխությունները: Կառավարությունը նաեւ հաստատեց հարկային օրենքների փոփոխությունների փաթեթ: Այս ամենը լրագրողներին ներկայացրին արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը , էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը , պետեկամուտների կոմիտեի փոխնախագահներ Ահարոն Չիլինգարյանը եւ Արմեն Ալավերդյանը :
Հստակեցում եւ նոր հարկատեսակՙ արտոնավճար
Ահարոն Չիլինգարյանը անդրադարձավ հարկային օրենքների հստակեցումներին: Համաձայն դրանց, շահութահարկի դաշտում կհայտնվեն գործունեությունը սկսած տնտեսվարողները, որոնք դեռ չեն սկսել իրացումը: Սովորական հարկման դաշտում գտնվողների համար նվազեցում է նախատեսվում ոչ միայն առեւտրի մնացորդի, այլեւ հումքի մնացորդի համար, որը կգործի արդեն 2008-ի վերջի համար: Վարձակալության տրվող շինություններից, անկախ նրանց վարձակալության արժեքից, կգանձվի շինության կադաստրային արժեքի 5 տոկոսը: Օտարերկրյա ներդնողներից Հայաստանում գրանցվածների եւ չգրանցվածների համար տարբեր հարկային դրույքներ էին գործում, այժմ երկուսի համար էլ կգործի 10 տոկոս դրույքաչափը: Կառուցապատողների հարկմանն առնչվող օրենքում կար դրույթ, որ կառուցվող շենքի 10 տոկոսը, որը չի կարող ավելի լինել 500 քմ-ից, մնում է կառուցապատողի օգտագործման տակ: Անորոշ էր մնում, թե ինչպես պետք է լիներ, եթե շենք կառուցողները մի քանիսն էին: Այդ դեպքի համար եւս հարկման ոչ ենթակա տարածքը մնալու է նույնը: Հարկային փոփոխություններով իրավաբանական անձանց հնարավորություն կտրվի ինքնուրույն ուղղելու հաշվետվություններում իրենց նկատած սխալները եւ վերստին ներկայացնելու:
Ահարոն Չիլինգարյանի ներկայացրած օրինագծերից մեկը նորություն էր: Մանր բիզնեսի համար, որի շրջանառությունը չի գերազանցում տարեկան 2,5 մլն դրամը, ներդրվելու է արտոնավճարների համակարգը: Այն մարդիկ, որոնք տանը զբաղված են ինչ-որ գործունեությամբ, օրինակ` դերձակը, կրկնուսույցը, գյուղի դարբինը եւ այլք, որոնց ցանկը սահմանված է, կարող են դիմել հարկային ծառայություն եւ ստանալ հարկ վճարողի հաշվառման համարՙ առանց անհատ ձեռներեց գրանցվելու: Դրանով նրանք վճարում են տարեկան 20 հազարից մինչեւ առավելագույնը 100 հազար դրամ եւ այլեւս հարկային որեւէ վճարման կամ հարկային ստուգումների հետ առնչություն չեն ունենում:
Նոտարները, որ այժմ համարվում են պարզեցված հարկ վճարող, եկող տարվանից կհայտնվեն հարկման ընդհանուր դաշտում, բայց հարկ չեն վճարի եկամտի աղբյուրի մոտ գործարք կատարելիս, այլ կներկայացնեն հայտարարագիր:
Հյուրանոց-սաունա-ռեստորաններն ու Երեւանի կենտրոնի վարսավիրանոցները ավելի շատ կվճարեն
Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ բարձրանալու են գործունեության որոշ տեսակներից գանձվող հարկերի դրույքաչափերը: Մասնավորապես, դա վերաբերում է տաքսի ծառայություններին, խաղատներին, շահումով խաղերին: Օրինակՙ տաքսի ծառայությունները մեկ մեքենայի համար ներկայումս վճարած ամսական 6800 դրամի փոխարեն կվճարեն 10 հազար դրամ: Դա, Արմեն Ալավերդյանի հավաստմամբ, այդ ընկերությունների հասույթի վրա մեծ ազդեցություն չի գործի, քանի որ ներկայումս գանձվող ամսական վճարը մեկ մեքենայի 1 օրվա հասույթից էլ փոքր գումար է:
Հյուրանոցների եւ հյուրանոցային ծառայություններ ունեցողների հարկումը կտարանջատվի: Նրանք, ում հիմնական գործունեությունը հյուրանոցայինն է, կընդգրկվեն ավելի խթանող հարկման դաշտում: Իսկ նրանք, որոնք հանգրվաններ են եւ հյուրանոցային գործունեությունից բացի իրականացնում են նաեւ այլ գործունեությունՙ ռեստորան, սաունա, բիլիարդ եւ այլն, կհարկվեն հաստատագրված վճարովՙ 1 քմ դիմաց այդ օբյեկտներից կգանձվի 3000 դրամ: Հիմք կընդունվի անշարժ գույքի կադաստրի տված վկայականում նշված տարածքի չափը: «Ազգի» այն հարցին, թե մինչեւ այս փոփոխության գործելն ի՞նչ հարկով էին հարկվում այս օբյեկտները, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ նրանք հարկվում էին սովորական հարկման դաշտով, ինչը նրանց ստվերում գործելու հնարավորություն էր տալիս:
Երեւանի Կենտրոն համայնքում գործող վարսավիրանոցներն ավելի բարձր հարկ կվճարենՙ մեկ աթոռի համար ներկայիս 14 հազար դրամի փոխարենՙ 23 հազար դրամ ամսական: Նրանց նկատմամբ լրացուցիչ գործակից կկիրառվի, եթե բացի վարսահարդարումից, իրականացնում են մազերի եւ մաշկի խնամքի այլ գործողություններ:
Գազալիցքավորման կայանների հաստատագրված վճարները կինդեքսավորվեն, այսինքն, կբարձրանան 15 տոկոսի չափով: Տեղական եւ ներմուծվող ծխախոտների համար կգանձվի միատեսակ հաստատագրված վճարՙ ֆիլտրով ծխախոտների համար կավելանա 1000 դրամով եւ 5500 դրամից կդառնա 6500 դրամ: Մինչեւ 40 մլն դրամ արժողությամբ գույք եւ մինչեւ 150 ձիաուժ հզորության մեքենա ունեցող ժամկետային զինծառայողները ծառայության ժամանակ կազատվեն գույքահարկ վճարելուց: Այսպես կոչված, օդի հարկը նույնպես կվերանա, բայց, հավանաբար, եկող տարվա ընթացքում եւ կընդգրկվի ավիատոմսի արժեքի մեջ:
Պատասխանելով «Ազգի» հարցին, թե բյուջետային ի՞նչ մուտքերի ակնկալիքներ կան հարկային փոփոխություններով, Արմեն Ալավերդյանն ասաց, որ հարկային փոփոխությունները հիմնականում արվել են հարկերի պարզեցման նպատակով եւ 4 մլրդ դրամի հարկային մուտքերի ավելացման ակնկալիք կա միայն հաստատագրված վճարների առումով: Ծխախոտի վճարի բարձրացման համար էլ այդ ակնկալիքը տատանվում է 2,6-5 մլրդ դրամի սահմաններում:
Չեն պահանջվի կնիք եւ նվազագույն կանոնադիր կապիտալ
Առեւտրային կազմակերպությունների գրանցման հեշտացմանն ուղղված օրենքի նախագծերը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Նա նշեց, որ այդ հեշտացումները չեն վերաբերում բանկերին, հասարակական կազմակերպություններին եւ կուսակցություններին:
Ըստ առաջարկվող փոփոխությունների, իրավաբանական անձը պարտավոր չէ ունենալ կնիք, որը դեռեւս ամբողջությամբ չի վերանում, քանզի օրենսդրական այլ փոփոխությունների անհրաժեշտություն կա, եւ դեռեւս լիարժեք չի գործում էլեկտրոնային ստորագրությունը: Այնուհետեւՙ բաժնետիրական ընկերությունների ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համար պարտադիր չէ 100 հազար դրամ եւ 50 հազար դրամ նվազագույն կանոնադիր կապիտալի պահանջը: Ընկերություններն իրենք կորոշեն, թե որքան կլինի այն: Պետությունն այլեւս չի պահանջի, որ կազմակերպություններն իրենց կանոնադրությունը համապատասխանեցնեն օրենսդրությանը: Եթե դրանցում լինի հակասություն օրենքին, ապա հիմք կընդունվի օրենքը: Արդարադատության փոխնախարարի հավաստմամբ, մոտ ապագայում խնդիր կդրվի ընդհանրապես հանել առեւտրային կազմակերպություններից կանոնադրություն ունենալու պահանջը: Իսկ այնուհետեւ կներդրվի «մեկ պատուհանի» սկզբունքըՙ երբ ռեգիստրում, բացի ֆիրմային անվանում ստանալուց, գործունեություն սկսող ընկերությունը կստանա նաեւ հարկ վճարողի համարը:
Ամփոփելով ներկայացվածը, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այս միջոցառումները անցկացնելուց հետո Հայաստանը կհայտնվի բիզնեսի հեշտացման ցուցանիշով աշխարհի առավել բարենպաստ պայմաններ ունեցող երկրների 10 տոկոսի մեջ, ինչը նշված է եղել նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական եւ կառավարության ծրագրերում: Այսինքն, 167 երկրների շարքում ներկայիս 44-րդ տեղի փոխարեն Հայաստանը կբարձրանա առնվազն մինչեւ 17-րդ տեղ:
«Ե՞րբ կսկսեն գործել այս օրենքների փոփոխությունները» մեր հարցին պատասխանելով, երեկվա մամուլի ասուլիսի բանախոսները հայտնեցին, որ այս բոլոր փոփոխությունները կսկսեն գործել ԱԺ-ում ընդունվելուց հետո, մինչեւ տարեվերջ կամ եկող տարվա սկզբից: