«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2008-11-06 | #206, 2008-11-07 | #207, 2008-11-08


39 ԸՆՏԱՆԻՔ ԱՐԴԵՆ 15 ՏԱՐԻ ԱՊՐՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԿՈՅՈՒՂՈՒ

Հալաբյան 48 շենքի բակում երեխաները հազվադեպ են խաղում: Ծնողներն արգելում են. բակում խաղալը պարզապես վտանգավոր է երեխաների առողջության համար: Շենքի հենց առջեւում բնակիչների ջանքերով փոս է փորվել, շենքի նկուղից կոյուղաջրերը լցվում են այդտեղ:

Արդեն 15 տարի Հալաբյան 48-ում ապրող 39 ընտանիք զրկված է կոյուղուց օգտվելու հնարավորությունից: «Իրավիճակն առավել սրությամբ մեր առջեւ կանգնում է ամռանն ու ձմռանը: Ամռանն այստեղ այնպիսի հոտ է տարածվում, որ անհնար է մնալ բակում, իսկ ձմռանն էլ սկսում ենք պայքարել խոնավության դեմ: Կոյուղաջրերը թափվում են նկուղները, ամենից շատ տուժում են առաջին հարկի բնակիչները», ասաց բնակիչ Սուսաննա Էլբակյանը :

Նախկինում շենքը հրշեջ ծառայության հանրակացարանն է եղել: Մինչ օրս էլ 4 հարկանի շենքի առաջին հարկը որպես տեխնիկական կենտրոն օգտագործում են հրշեջները: Ինքնահոս կոյուղագիծ շենքը չի ունեցել նաեւ այդ տարիներին: Սակայն կեղտաջրերը դեպի Չարենցավան-Երեւան կոլեկտոր են հեռացվել պոմպի միջոցով: Պոմպակայանն այսօր քայքայված վիճակում է եւ չի գործում, կոյուղագծերն էլ հիմնանորոգման կարիք ունեն:

Բնակիչները դիմել են հնարավոր բոլոր ատյաններին: Վաղարշակ Մուրադյանը հավաքել է բոլոր դիմումներն ու պատասխանները: «Պատասխաններում նշվում էր, որ խնդրի լուծման հնարավոր տարբերակը կոյուղագծի վերակառուցումն է եւ հարեւանությամբ գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի տարածքով անցնող ու նրան պատկանող կոյուղու գործող ցանցին միացնելն է», նշեց Վաղարշակ Մուրադյանը:

Աջափնյակի թաղապետարանը դիմել է Ֆիզիկայի ինստիտուտի տնօրենությանը: Այստեղ պատասխանը բացասական է եղել: «Ինստիտուտը որոշակի չափանիշներ ունի: Մենք իրավունք ունենք կոյուղաջրեր լցնելու տարբեր նյութերի միայն որոշակի քանակություն: Իսկ այդ շենքի կոյուղագծի միացման դեպքում այդ չափերը փոխվում էին, որի թույլտվություն մենք չունեինք: Բացի այդ, վճարումները նյութերի ավելացման դեպքում կատարելու էր միայն Ֆիզիկայի ինստիտուտը», նշեց Ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն Աշոտ Ախպերջանյանը :

«Մենք մեր միջոցներով ամեն անգամ տարբեր ծառայությունների վճարում ենք, որ նրանք մաքրեն նկուղները: Սակայն երկու օր հետո կրկին վիճակը նույնն է: Արդեն չենք էլ պատկերացնում, թե ինչ կարելի է անել», ասաց շենքի բնակիչներից Սառա Խաչատրյանը :

Հույսը բնակիչները դեռ չեն կորցրել: «Սեպտեմբերին այստեղ եկավ քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ վստահեցրեց, որ խնդիրն անպայման կլուծվի», ասաց Վաղարշակ Մուրադյանը: Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ խնդիրն այս անգամ, իսկապես, կլուծվի եւ խոստումը գործի կվերածվի: «Քաղաքապետարանը դիմել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին ջրահեռացման արտաքին ցանցի վերակառուցման աշխատանքները 2009 թվականի ծրագրում ընդգրկելու խնդրանքով: Մեր խնդրանքը հավանության է արժանացել եւ 2009 թվականի ծրագրում խնդիրն արդեն ընդգրկված է: Հատկացվել են ֆինանսական միջոցները: Նախահաշվարկային եւ գծագրային աշխատանքներն արդեն ավարտված են: Կհայտարարվի մրցույթ, որից հետո կսկսվեն աշխատանքները», նշեց Գագիկ Խաչատրյանը:

Կոյուղու վերակառուցման աշխատանքները երկար չեն շարունակվի: Գագիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ աշխատանքները կտեւեն առավելագույնը երկու ամիս: Բնակիչները բազմաթիվ հավաստիացումներ հաճախ են լսել, սակայն այս անգամ հավատում են, որ խնդիրը վերջնականապես լուծում կստանա: Դժվարն սկսելն է:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4